Ըստ ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի՝ ՀՀ իշխանությունների վերաբերմունքն ադրբեջանահայ փախստականների նկատմամբ մշտապես եղել է այդպիսին:
– ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանն ադրբեջանահայ փախստականների կողմից ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու գործընթացի պասիվությունը բացատրում էր նրանով, որ այդ մարդիկ ինչ-որ օգուտներ են ակնկալում քաղել իրենց փախստականի կարգավիճակից: Դուք վաղուց եք զբաղվում ադրբեջանահայ փախստականների խնդիրներով՝ ինչպե՞ս կմեկնաբանեք այսօրինակ պնդումները:
– Սա առաջին դեպքը չէ, երբ ՀՀ ՏԿ նախարարության ներկայացուցիչները փորձում են իրավիճակը գլխիվայր ներկայացնել: Բարձր ամբիոններից, հեռուստաեթերից, մամուլի միջոցով այդ մարդիկ ջանում են համոզել մեր հասարակությանը, որ ադրբեջանահայ փախստականները չեն ընդունում ՀՀ քաղաքացիությունը, քանի որ չեն ուզում ծառայել բանակում, հույս ունեն, որ պահպանելով փախստականի կարգավիճակը՝ նյութական օգնություն կստանան արտերկրից եւ էլի մի շարք նման մեղադրանքներ: Այս ելույթներից այն տպավորությունն է ստեղծվում, որ ադրբեջանահայերը չարամտորեն իրենց կամքով փախստական են դարձել, եկել-թափվել են Հայաստան ու լափում են ՀՀ քաղաքացիների հացը, իսկ մեր բարեգութ իշխանությունները, թեեւ իրենցից կախվածն անում են՝ այդ մարդկանց կյանքն էլ ավելի լավացնելու համար, բայց արի ու տես՝ սրիկաները լավ չեն ինտեգրվում, լեզու չեն սովորում, անվերջ բողոքում են ու իրենց արած լավության դիմաց անգամ քաղաքացիություն չեն ուզում ձեռք բերել: Իրականությունն այն է, որ ադրբեջանահայ փախստականները Հայաստանի բնակչության ամենաիրավազուրկ, կեղեքված, անտեսված ու արհամարհված խավն են: Այդ մարդիկ ցեղասպանության են ենթարկվել Ադրբեջանում նաեւ այն պատճառով, որ մեր քաղաքական մտքի հսկաները մինչեւ ղարաբաղյան շարժմանը մեկնարկ տալը չէին մտածել այն մասին, թե ինչպես է պետք ապահովել Ադրբեջանի ավելի քան կես միլիոն հայության անվտանգությունը: Իսկ այսօր մեր պաշտոնյաների համար նրանք դարձել են մի կողմից՝ գլխացավանք, մյուս կողմից՝ դրամաշորթության օբյեկտ:
– Պարոն Տերտերյանը հակառակ կարծիքին էր. ըստ նրա, Հայաստանը փախստականների հարցում վարում է ինտեգրման քաղաքականություն, ինչը մեզ շահեկանորեն տարբերում է Վրաստանից եւ Ադրբեջանից, որտեղ փախստականների դժբախտությունն օգտագործվում է միջազգային հանրությանը շանտաժի ենթարկելու համար:
– ՀՀ «ինտեգրման» քաղաքականության շնորհիվ ադրբեջանահայ փախստականների զգալի մասն արդեն լքել է Հայաստանը՝ հույսը կորցնելով, թե այստեղ երբեւէ կհարգվեն իրենց իրավունքներն ու կպաշտպանվեն շահերը: Հայաստանի քաղաքացիություն ձեռք բերած փախստականների մի մասն էլ ՀՀ քաղաքացու անձնագիրը ստացել է մեր երկրից հեռանալու համար անհրաժեշտ փաստաթուղթ ունենալու նպատակադրումով: Կես միլիոն փախստականների շահերը, նրանց՝ Ադրբեջանի կողմից հասցված վնասների փոխհատուցման խնդիրը համապետական, համազգային հոգածություն է պահանջում եւ, միաժամանակ, կարող է շատ լուրջ, որոշիչ փաստարկ հանդիսանալ նաեւ ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման համատեքստում՝ թե ԼՂՀ անկախության ճանաչման, թե նրա ներկա սահմանների անձեռնմխելիության ապահովման տեսանկյունից:
– Դաշնակցությունը ներկայացնող Վահան Հովհաննիսյանն էլ առաջարկում է ադրբեջանահայ փախստականներին վերաբնակեցնել Արցախում, ազատագրված տարածքներում՝ հիմնավորելով, որ Բաքվի հայերը հիմնականում ծագումով Արցախից են:
– Սա շատ նուրբ հարց է: Եթե հիշում եք, իմ նախընտրական ծրագրի հիմնադրույթներից է եղել ադրբեջանահայ փախստականների խնդիրը բանակցային օրակարգում ներառելու, ինչպես նաեւ նրանց կրած նյութական ու բարոյական վնասների մասնակի փոխհատուցման հարցը՝ սեփականության իրավունքով վերջիններիս տրամադրելով ազատագրված տարածքները, սույնով նպաստելով նաեւ ազատագրված տարածքների բնակեցմանն ու տնտեսական շահավետ յուրացմանը: Տարիներ շարունակ մենք հնչեցնում ենք այս գաղափարը: Անկեղծ ասած, նույնիսկ զարմանալի է, որ այսքան պարզաբանումներից հետո, արված հայտարարություններում վերաբնակեցման պարտադրանքի երանգներ են հնչում: Բացարձակապես անընդունելի ենք համարում փախստականների պարտադրված վերաբնակեցումը: Պետք է հիշել, որ մենք գործ ունենք մարդու եւ նրա իրավունքների հետ, իսկ ազատագրված տարածքները ռեզերվացիաներ չեն, որտեղ կարելի է քշել մարդկանց եւ դրանց տալ բնակավայրի կարգավիճակ: Այս հարցում ցանկացած պարտադրանք վտանգավոր է ու վնասակար: Ադրբեջանահայ փախստականները այդ տարածքների սեփականության իրավունքին հավակնում են՝ համաձայն գործող միջազգային իրավունքի, ուղղակի այդ իրավունքին պետք է տեր կանգնել: Պարտադրանքի մոտեցումը կառաջացնի արդարացի հակազդեցություն: