Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՅԴ ՉՂՋԻԿԸ ԵՍ ԵՄ, ԴՈՒ ԵՍ…»

Մարտ 19,2010 00:00

«Սա, չգիտեմ, պոեմ է, թե ուրիշ բան: Սա կարող էր լինել մի կադրանոց ֆիլմ, մի քառակուսի մետրանոց բեմով ներկայացում կամ… ընդհանրապես չլիներ…»: Բայց այն կա, տպագրվել է 2009 թվին եւ այն երիտասարդ ստեղծագործող ԳարՍուի (Գարիկ Հովհաննիսյան) առաջին տպագրված գիրքն է՝ «Քնած չղջիկի վերելքը»:
Ըստ նրա, ինքը չի հիշում, թե որ տարիքից է սկսել գրել. «Չեմ մտածել այդ մասին, բայց երեւի գրում եմ մոտ 4 տարի»:
«Քնած չղջիկի վերելքը» ԳարՍուի գրած առաջին գիքը չէ՝ «Սակայն պիտի հենց սա առաջինը տպագրվեր. ես այս թեմայի հետ ներքին կոնֆլիկտ ունեի»,- ասում է նա:
Գրքում ժամանակակից երիտասարդն է՝ իր փնտրտուքներով, խնդիրներով, երիտասարդը՝ համացանցի դարաշրջանում, երբ կարելի է սիրել շատերին, սիրել միանգամից, ստեղնաշարի մի հպումով…
Գիրքը նորություն է այնքանով, որքան որ նոր է ինքը՝ հեղինակը: «Ցանկացած ստեղծագործության մեջ դրոշմվում են ժամանակի խնդիրները: Այս գրքում ես կիսել եմ իմ մտահոգությունները իմ ժամանակակցի, իմ ընթերցողի հետ»,- նշեց հեղինակը:
Իսկ հարցադրումները գրքում բազմաթիվ են. կին-տղամարդ հարաբերություններ իրենց ամենատարբեր դրսեւորումներով, սերնդատվության խնդիր, փնտրող մարդ, բուռն զգացողություններ, մի խոսքով՝ քնած չղջիկի վերելք:
«Այդ չղջիկը ես եմ, դու ես, քո հետ ապրող կամ չապրող, մեռնող կամ չմեռնող, սիրող կամ… մարդը…»,- հավելեց ԳարՍուն: Գրքի հանդեպ կարծիքները հակասական են: Գրքում կան «մերկ», անկեղծ հարաբերություններ, ինչն էլ կարող է կոնֆլիկտ առաջացնել ընթերցողի մեջ:
Ըստ հեղինակի՝ «Կան դեպքեր, երբ խնդրի մասին պետք է հենց ճիշտ խոսքերով խոսել. երբ արհեստական շնչառության կարիք կա եւ ձեռքիդ տակ որեւէ սարք չկա, պետք է բերանից բերան շնչառություն տալ: Կան թեմաներ, որոնց մասին անհրաժեշտ է խոսել, կիսվել ընթերցողի հետ»:
Գարիկն իր գրքում չի պատմել իր կենսագրությունը, բայց գրքում նրա կյանքից էլ կա, նրա մտքերից, խոհերից ու առհասարակ՝ «այս պոեմում կարող էր ամեն ինչ լինել. դժվար է ասել՝ պոեմն ինչի մասին է: Այստեղ իմ էությունն է, իսկ կենսագրությունս ինքն է գալիս-մտնում ստեղծագործություններիս մեջ»:
Գարիկն իր ասելիքը լսարանին է հասցնում նաեւ պիեսների միջոցով. իմիջիայլոց, հենց ինքն էլ բեմադրում է իր պիեսները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել