Լրահոս
Օրվա լրահոսը

Նվաճումներ՝ առանց համապատասխան մասնագիտության

Մարտ 19,2010 00:00

21-ամյա ռեժիսորի ֆիլմերը արժանացել են մրցանակների

\"\"«Փոքր ժամանակ ուզում էի գրող դառնալ, ավելի ճիշտ՝ հեքիաթասաց, Աստրիդ Լինդգրենի նման: Այն ժամանակ նա էր իմ սիրելի գրողը: Սիրում էի գրել, եւ կարելի է ասել, որ բազմաթիվ «անտիպ» գրքերի հեղինակ եմ, չնայած արդեն լավ չեմ հիշում, թե ինչի մասին էին դրանք»,- այսպես սկսեց զրույցը իր՝ 21 տարեկանի համար բավականաչափ մասնագիտություններ (լրագրող, կինոռեժիսոր, փիլիսոփա) ձեռք բերած Գոռ Բաղդասարյանը:

Նա ութ տարեկանից հաճախել է «Մանանա» մանկապատանեկան կրթամշակութային կենտրոն եւ «պաշտոնապես» դարձել պատանի լրագրող: Նա նաեւ եղել է այդ կենտրոնի «Խաբարբզիկ» թերթի խմբագիրը, որտեղ հետագայում սկսել է զբաղվել կինոյով:

«Այժմ ղեկավարում եմ «Manana Youth Films» երիտասարդական կինոստուդիան, միաժամանակ համագործակցում ՄԱԿ-ի Ժնեւի գրասենյակի եւ Ամստերդամի «OneMinute Foundation» կազմակերպության հետ՝ անցկացնելով կինոյի գործնական դասընթացներ պատանիների ու երիտասարդների համար՝ տարբեր երկրներում»,- ասում է պատանի կինոռեժիսորը:

Մեզ հետ զրույցում ԵՊՀ փիլիսոփայության ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանող Գոռը պատմեց. «13 տարեկանում նկարահանեցի իմ առաջին մեկ րոպեանոց ֆիլմը, եւ այդ գործն ինձ այնքան դուր եկավ, որ որոշեցի դառնալ կինոռեժիսոր: Ես պարզապես գտա իմ սիրելի աշխատանքն ու այժմ հաճույքով զբաղվում եմ դրանով»: Նրա փոխանցմամբ, ինքը փիլիսոփայության ֆակուլտետում սովորել է խնդիրներն ուսումնասիրել տարբեր տեսանկյուններից, կատարել ճիշտ հարցադրումներ եւ չդատել մակերեսորեն. «Այդ ամենը շատ օգտակար է թե իմ աշխատանքի եւ թե ինձ՝ որպես այս աշխարհում ապրող մարդու համար»:

Նա նաեւ նշեց. «Ես կինոկրթություն չունեմ, եթե հաշվի չառնենք «Մանանա» կենտրոնի պատանեկան կինոստուդիան: Իսկ ընդհանրապես ինձ համար մեծագույն նվաճումը դա իմ աշխատանքից հաճույք ստանալն է: Շուրջ 30 միջազգային կինոփառատոներում մրցանակների եմ արժանացել, բայց, անկեղծ ասած՝ դրանց շատ մեծ կարեւորություն չեմ տալիս եւ «փառատոնային» մարմաջով չեմ տառապում: Գուցե պատճառն այն է, որ այդ հարցում իմ բախտը բերել է»,- անկեղծանում է մրցանակների մեծ հավաքածու ունեցող Գոռը, որի ամենաառաջին մեկ րոպեանոց ֆիլմը գրեթե պատահականորեն հայտնվելով Ամստերդամի միջազգային «1 րոպեանոց ֆիլմերի» կինոփառատոնում, ստացել է գլխավոր մրցանակը:

Հետո նույնը կրկնվել է երկրորդ ֆիլմի հետ, երրորդի…

«Փառատոներից մեկի ժամանակ ես նույնիսկ պատվավոր հյուր էի: Կազմակերպվել էր իմ աշխատանքների ռետրոսպեկտիվը եւ բոլոր թերթերում իմ լուսանկարներն էին: Դա շատ զվարճալի էր, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ ես ընդամենը 15 տարեկան էի, իսկ մյուս մասնակիցներն ինձնից առնվազն երկու անգամ մեծ էին»,- հիշում է միայն իր հայրիկի խորհուրդներով առաջնորդվող Գոռը, ում համար փառատոնը միակ միջոցն է իր ֆիլմը հանդիսատեսին ներկայացնելու համար:

«Փառատոնում ֆիլմ ներկայացնելը ինձ համար յուրօրինակ թեստ է՝ հասկանալու համար, թե արդյոք ինչ-որ բան ստացվե՞լ է, կամ ինչպես է այն ընկալվում ուրիշների կողմից: Սակայն վերջին 1-2 տարում ոչ մի փառատոնի ֆիլմ չեմ ներկայացրել (դա ծախսատար գործ է, իսկ մեր միջոցները շատ սուղ են) եւ արդյունքում կան ֆիլմեր, որոնք, մեր թիմից բացի, ոչ ոք չի դիտել: Այնպես որ, ես ավելի շատ կուզենայի, որ իմ եւ մեր ստուդիայի ֆիլմերը հասնեին հանդիսատեսին»,- իր կամքն է հայտնում Գոռը, որի ֆիլմերը արտահայտում են կոնկրետ իր տեսակետը այս կամ այն խնդրի վերաբերյալ:

«Ռեժիսորը ապագա ֆիլմի առաջին հանդիսատեսն է, ով փորձում է իր մտքում տեսածը հնարավորինս ճշգրտորեն պատմել ուրիշներին»,- կարծում է երիտասարդ կինոռեժիսորը, որը նաեւ ֆիլմը համարում է հաջողված, երբ այն, իրենից բացի, դուր է գալիս բոլորին ու՝ «Երբ ստիպում է մտածել, հուզվել եւ դիտելուց հետո չմոռանալ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել