Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում հունիսի 11-ից հուլիսի 11-ը կայանալիք ֆուտբոլի աշխարհի 2010 թվականի առաջնության կազմակերպիչները հրապարակել են այն արտիստների անունները, որոնք ելույթ են ունենալու բացման հանդիսավոր արարողությանը նվիրված համերգային ծրագրում:
Տոնական շոուին մասնակցելու համաձայնություն արդեն տվել են Շակիրան եւ Ալիշա Քիսը, «Black Eyed Peas» խումբը, R&B ոճի երգիչ Ջոն Լեջենդը: Հարավաֆրիկյան երաժիշտներից կազմակերպիչներն առանձնացնում են BLK JKS երիտասարդական խումբը՝ Յոհաննեսբուրգից:
ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջերոմ Վալկը հայտարարել է, թե տպավորված է շոուի մասնակիցների կազմով: «Այն, որ մեզ հաջողվել է հավաքագրել այսքան տաղանդավոր կատարողների՝ ֆուտբոլի եւ երաժշտության զարմանալի կապի վկայությունն է»,- ընդգծել է Վալկը: