Երեկ Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց եւ կանանց հավաքականները վերջին ուսումնամարզական հավաքի մեկնեցին Բելառուս (աղջիկները՝ Բորիսովո, տղաները՝ Բոբրույսկ): Այնտեղից երկու թիմերն էլ ապրիլի 1-ին կգնան Մինսկ, որտեղ հաջորդ օրը մեկնարկելու են Եվրոպայի տղամարդկանց 89-րդ եւ կանանց 23-րդ առաջնությունները:
Մարզաձեւի Հայաստանի ֆեդերացիայի ղեկավարությունը մրցավայր է մեկնելու ապրիլի 1-ին: Երեկ ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը «Առավոտի» հետ զրույցում հավաստիացրեց, որ բոլոր ծանրորդներն էլ լավ են նախապատրաստվել. «Անցած տարի Բուխարեստում մեր ութ ծանրորդներն ընդհանուր առմամբ նվաճեցին 10 մեդալ (2 ոսկե, 2 արծաթե եւ 6 բրոնզե): Այս անգամ էլ մրցավայր գնացել է ութ ծանրորդ: Ի՞նչ ավարով նրանք կվերադառնան, պետք է սպասել: Միայն ասեմ, որ եթե արտակարգ դեպքեր չպատահեն, Բուխարեստի ցուցանիշն անպայման կգերազանցվի»: