Լրահոս
Օրվա լրահոսը

11-ՐԴ ՏՈՒՐԸ ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ԵՂԱՎ

Մարտ 19,2010 00:00

\"\"Ռիեկայում ավարտվեցին շախմատի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց 11-րդ անհատական առաջնությունները, որոնք մինչեւ եզրափակիչ տուր հայ շախմատասերներին պահեցին լարվածության մեջ:

Տղամարդկանց պայքարում հանդես եկող գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը, որ մրցաշարի երկրորդ հատվածն անցավ վերելքով, 10-րդ տուրից հետո ընդամենը կես միավոր էր զիջում միանձնյա առաջատար ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչիին: Եվ ստացվեց այնպես, որ վերջին օրը հենց նրանց դիմակայությունում էր որոշվելու, թե ո՞վ է Եվրոպայի 2010 թվականի չեմպիոնը: Ընդ որում, Հակոբյանին՝ ռուսաստանցուն շրջանցելու

եւ բաղձալի տիտղոսին հասնելու համար անհրաժեշտ էր միայն հաղթել:

Սակայն հայաստանցու մրցակիցը նույնպես մարտական էր տրամադրված, քանի որ նա էլ իր հերթին միայն մեկ միավոր վաստակելու դեպքում էր անվերապահորեն ապահովում Եվրոպայի այս տարվա թիվ մեկ շախմատիստի կոչումը: Եվ սպիտակ ֆիգուրներով խաղացող Նեպոմնյաշչին հասավ նպատակին՝ 41-րդ քայլում ստիպելով Վլադիմիրին կանգնեցնել ժամացույցը:

Տղամարդկանց առաջնության մրցաշարային աղյուսակի վերին հատվածում շախմատիստներն այնքան խիտ էին դասավորված, որ անգամ կես միավորի կորուստը մրցանակային տեղ արժեր: Պայքարն ավարտելով 7,5 միավորով՝ Վլադիմիր Հակոբյանը Եվրոպայի առաջնությունն ավարտեց 16-րդ հորիզոնականում:

Այդուհանդերձ, վերջին օրը հայ մարզասերներին նաեւ ուրախանալու առիթներ էլ տվեց: Մասնավորապես, Արման Փաշիկյանն անչափ կարեւոր հաղթանակ տարավ շվեդ գրոսմայստեր Էմանուել Բերգի նկատմամբ եւ 8,0 միավորով եզրափակեց լավագույն տասնյակը: Իրենց անվան դիմաց մեկական միավոր գրանցեցին ու դիրքերը զգալիորեն բարելավեցին նաեւ միջազգային վարպետ Ռոբերտ Հովհաննիսյանը եւ գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը, որոնք 7,5-ական միավորով հանգրվանեցին, համապատասխանաբար, 22-րդ եւ 36-րդ տեղերում: Դա նրանց, ինչպես նաեւ Վլադիմիր Հակոբյանին, երեկ աշխարհի առաջնության ուղեգրերի համար պայքարելու իրավունք ընձեռեց: Բանն այն է, որ, ըստ ՖԻԴԵ-ի կանոնակարգի, Եվրոպայի անհատական առաջնության թե տղամարդկանց եւ թե կանանց պայքարում 7,5 միավոր վաստակած շախմատիստները թայ-բրեքում պետք է վիճարկեն այդ իրավունքը: Դրա համար յուրաքանչյուր զույգ խաղում է երկուական պարտիա՝ 15 րոպե տեւողությամբ, գումարած 10 վայրկյան՝ յուրաքանչյուր քայլի համար: Եթե հաղթողը չի որոշվում, նշանակվում է 5 րոպեանոց (գումարած յուրաքանչյուր քայլի համար 2 վայրկյան) եւս երկու պարտիա: Իսկ եթե կրկին հավասարություն է արձանագրվում, անցկացվում է, այսպես կոչվող, «արմագեդոն», որի ժամանակ սպիտակներին հաղթելու համար տրվում է 5, սեւերին՝ 4 րոպե ժամանակ: Ոչ-ոքիի դեպքում հաղթանակը շնորհվում է սեւերին:

Ցավոք, մրցանակային տեղերից եւ կանանց աշխարհի առաջնության ուղեգրերի համար պայքարելու իրավունքից անմասն մնացին մեր աղջիկները: Որոշակի հնարավորություններ ուներ մրցաշարը լավ սկսած Լիլիթ Գալոյանը: Սակայն պայքարի վերջնամասում նրա նյարդերը տեղի տվեցին ու Լիլիթը 6,5 միավորով բավարարվեց ընդամենը 29-րդ տեղով: Սա մեր աղջիկների լավագույն արդյունքն է Ռիեկայում: Նույնքան միավորով Էլինա Դանիելյանը գրավեց 35-րդ տեղը: Լիլիթ Մկրտչյանը եւ Նելլի Աղինյանը՝ 6,0-ական միավորով պայքարն ավարտեցին, համապատասխանաբար, 55-րդ եւ 68-րդ տեղերում: Իսկ Հայաստանի այս տարվա չեմպիոնուհի Անահիտ Խառատյանը 4,0 միավորով 158 մասնակիցների մեջ 142-րդն էր:

Մեր հանրապետության մյուս տղաները ցույց տվեցին այսպիսի արդյունքներ (խաղատախտակների առջեւ հանդես էր գալիս 408 շախմատիստ):

58. Ավետիք Գրիգորյան 7,0

70. Հրանտ Մելքումյան 6,5

79. Տիգրան Պետրոսյան 6,5

131. Դավիթ Պետրոսյան 6,0

139.Սամվել Տեր-Սահակյան 6,0

157.Արտաշես Մինասյան 6,0

170. Զավեն Անդրիասյան 6,0

238.Վահե Բաղդասարյան 5,0

329.Վլադիմիր Պետրոսյան 4,5

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել