Մշակույթի գծով ԵՄ փորձագետ Կատերինա Բոտանովան, որ վերջերս Երեւանում էր, զարմացած էր, որ մեր մայրաքաղաքում գրախանութներ համարյա չկան, ուստի հետաքրքրվեցինք՝ ինչպես է այս առումով վիճակն իրենց մոտ: «Եվրոպայի, մասնավորապես Լեհաստանի հետ համեմատած, Ուկրաինայում քիչ են գրախանութները: Եթե Ֆրանսիայում 20 հազար բնակչին բաժին է ընկնում մեկ գրախանութ, Լեհաստանում նույնը՝ 12 հազարին, իսկ Ավստրիայում՝ 4000-ին, ապա Ուկրաինայում, եթե հավատալու լինենք Հեռուստառադիոհեռարձակման պետական կոմիտեի տվյալներին (որի ենթակայությամբ գործում են գրախանութները), 42 հազար մարդուն բաժին է ընկնում մեկ գրախանութ: Մյուս կողմից էլ, վերջին տարիներին Կիեւում գրախանութների, կրպակների եւ սուպերմարկետների թիվն աճել է: Ներկայումս քաղաքում գործում է գրախանութների 4 հզոր ցանց (յուրաքանչյուրում՝ 2-20 խանութ) եւ բազմաթիվ մանր խանութներ: Սակայն, ըստ մեկ ուրիշ վիճակագրական աղբյուրի, վերջին տարում երկրի բնակչության 46%-ը անգամ մեկ գիրք չի գնել: Այս վիճակից դուրս գալու համար պետք չէ սեփական մազերը պոկել կամ փորձել հեծանիվ հորինել: Ընդամենը պետք է օգտվել եվրոպական փորձից, ինչը փաստում է, որ ընթերցանության հանդեպ սեր սերմանելու համար անհրաժեշտ է հատկապես երիտասարդության շրջանում գովազդային եւ ուսուցողական համապատասխան ծրագրեր իրականացնել (խոսքը reading promotion-ի մասին է), որտեղ անպայման գործուն մասնակցություն պիտի ունենա պետությունը»,- պատասխանեց փորձագետը: