Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՁԵՎԸ ՉԷ»

Մարտ 19,2010 00:00

\"\"Կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի համոզմամբ, այսօր ամենաթողության պատճառով ամեն ինչ մատուցվում է իբրեւ ազգային ստեղծագործություն:

ՀՀ կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության ավանդական դարձած գարնանային համերգաշարը այս տարի կմեկնարկի ապրիլի կեսերին: «Առավոտին» հետաքրքրող հարցերի առիթով հանդիպեցինք կոմպոզիտոր, միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանի հետ:

– Ձեր ղեկավարած միությունում գրանցված է շուրջ 130 կոմպոզիտոր, սակայն գարնանային եւ աշնանային համերգաշարերի ժամանակ, ինչպես նշում են միության որոշ անդամներ, ծրագրերում մշտապես ընդգրկվում են համարյա նույն հեղինակների գործերը:

– Չգիտեմ՝ ովքեր են այդպիսի կարծիք հայտնողները, հավանաբար՝ նրանք, ովքեր միությունից երես են թեքել: Պետք է հավաստիացնեմ, որ միությունը հրավիրում է նաեւ այդ կոմպոզիտորներին՝ ներկայացնելու իրենց նոր երկերը: Ինձ հետաքրքրում են այն ստեղծագործողները, ովքեր իրոք լծված են ստեղծագործական աշխատանքին եւ չեն զբաղվում տարաբնույթ ինտրիգներով: Հասկանալի պատճառով, միության բոլոր անդամների ստեղծագործությունները չեն կարող հնչել գարնանային եւ աշնանային համերգաշարերի ընթացքում: Ինչ վերաբերում է գարնանայինին, ընդգրկված է թվով 5 սիմֆոնիա, կամերային եւ երգչախմբային ստեղծագործություններ: Երկու համերգ ենք պատրաստել՝ նվիրված անվանի կոմպոզիտորներ Գագիկ Հովունցի եւ Ալեքսանդր Աճեմյանի 80-ամյակներին:

– 2008թ. Ռուսաստանում Հայաստանի օրերի ժամանակ Միխայիլ Շվիդկոյը ցավով նշեց, որ վերջին տարիներին իրենց մոտ չեն ներկայացվում հայ կոմպոզիտորների նոր անուններ:

– Ես չգիտեմ, թե Շվիդկոյը նման միտք արտահայտելիս ինչ է նկատի ունեցել, սակայն պետք է հավաստիացնեմ, որ գոնե ռուսաստանյան լսարանի համար նոր անունների խնդիր չկա: Մեր միության կապերը մշտապես սերտ են թե Ռուսաստանի, թե Մոսկվայի կոմպոզիտորների միությունների հետ: Ընդհակառակը, վերջին տարիներին մեզ համար խնդիր է Ռուսաստանում հնչեցնել հայ կոմպոզիտորական դպրոցի հին անունների ստեղծագործությունները՝ բարդացել է կյանքը եւ արագացել դրա ընթացքը…

– Ի՞նչ նվագախումբ է ներկայացնելու համերգաշարին հնչող կամերային ստեղծագործությունները, քանի որ, ինչպես գիտենք, Ղարաբեկյանի կամերայինը եւ կա, եւ չկա:

– Նախ Կամերային նվագախումբը Ղարաբեկյանինը չէ, այն Հայաստանի պետական կամերային նվագախումբն է, որտեղ, ի դեպ, գործում է միայն լարային կազմը, մինչդեռ կամերային նվագախումբը ենթադրում է նաեւ փողային գործիքների առկայություն: Չգիտես ինչու, ժամանակին ստանձնելով այս նվագախմբի ղեկավարի պաշտոնը, Ղարաբեկյանն իր թեթեւ ձեռքով վերացրեց փողային մասը, փաստորեն՝ Կամերային նվագախմբին տալով անսամբլի կարգավիճակ… Այս անգամ մեր ստեղծագործողների կամերային երկերը կհնչեն Զավեն Վարդանյանի ղեկավարած Մենակատարների անսամբլի մատուցմամբ, իհարկե, անսամբլ ներգրավելով նաեւ հրավիրյալ երաժիշտներ: Համերգաշարում ընդգրկել ենք նաեւ Օպերային թատրոնի նվագախումբը, Կամերային երգչախումբը…

– Վերջերս Հանրային հեռուստատեսությունը սկսեց եթեր հեռարձակել «Երգ երգոց» հաղորդաշարը, անդրադառնալով ոչ վաղ անցյալի հայ կոմպոզիտորների երկերին, մինչդեռ ժամանակակից մեր ստեղծագործողների փոխարեն հայաստանյան բեմերից ու TV-ներից մատուցվում են մեծ մասամբ ինքնուսների երգեր: Չե՞ք կարծում, որ ժամանակակից պրոֆեսիոնալ երգի քարոզչության հարցում մեծ բացթողումներ կան, եւ թիվ 1 մեղավորն էլ դուք եք:

– Իմ բաժին մեղքն ընդունում եմ: Ազատությունը լավագույն ձեւը չէ ազգային ինքնությունը պահպանելու համար, մանավանդ մեզանում, երբ ազատությունը բերեց ամենաթողության, որի պատճառով ամեն ինչ մատուցվում է իբրեւ ազգային ստեղծագործություն: Ցավոք, հայ կատարողներից շատերը տրվեցին օտարամոլությանը, ես չեմ տեսնում կատարողի կողմից հետաքրքրություն դեպի պրոֆեսիոնալ երգարվեստ: Հաճախ կատակով ասում եմ՝ պաշտպանենք հայ երգը հայ երգիչներից: Այս համերգաշարի ընթացքում կլինի երգարվեստին նվիրված երեկո, որին կմասնակցեն նաեւ ուսանողներ տարբեր բուհերից, հանդիսատեսին էլ նախօրոք բաժանված կլինեն երգերի տեքստերը: Մեր նպատակն է հայ երգը հայ մարդուն վերադարձնելը: Սա նպատակ ունի աշնանը վերականգնել Երգի տոնը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել