News.am-ի մատուցմամբ, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Լոնդոնում արած հայտարարության արձագանքները Թուրքիայում շարունակում են աճել: Այս անգամ էլ թուրք երիտասարդները հավաքվել են Ստամբուլի Գալաթասարայի հրապարակում եւ խիստ քննադատության են ենթարկել Էրդողանի՝ Թուրքիայում բնակվող հայ միգրանտներին վտարելու մասին հայտարարությունը: Թուրքական «Samanyolu»-ի փոխանցմամբ, երիտասարդների մոտ եղել է 1900-ական թվականների մի լուսանկար, որտեղ Թալեաթ փաշայի գլխի փոխարեն տեղադրված է Էրդողանի գլուխը, իսկ կողքին ընդդիմադիր եւ հակահայկական տրամադրվածությամբ հայտնի քաղաքական գործիչ Ջանան Արըթմանը: Նկարի մեջ Էրդողանը ասում է՝ «Հայերին Էրզրում-Կարսով ուղարկենք», իսկ Արըթմանը՝ «տկլոր եւ ոտքով»:
Երիտասարդները պահել են նաեւ պաստառներ, որոնց վրա գրված է եղել. «Էրդողանը Քասըմփաշայում ծնվեց եւ իթթիհադական (Հայոց ցեղասպանությունը իրականացրած երիտթուրքեր) դարձավ», «Երիտասարդ քաղաքացիականները անհանգստացած են»:
Երիտասարդների անունից հայտարարությամբ հանդես եկած Ջերեն Քենարը հեգնել է Էրդողանին եւ հայտարարել. «Մենք չենք ուզում լինել Թալեաթի, Էնվերի եւ մյուսների կողմից արեւելյան նահանգներում հայերին կոտորողների թոռները, այլ ուզում ենք լինել այն մարդկանց թոռները, ովքեր հայերին թաքցրել են իրենց տներում եւ պաշտպանել կոտորածից»: