ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է, որ այժմ Երուսաղեմի կարգավիճակի հարցը լուծելու ժամանակը չէ: Նրա ասելով, այդ հարցը պետք է հետաձգել մինչեւ վերջնական բանակցային գործընթացի մեկնարկը: Պան Գի Մունը նաեւ շեշտել է, թե մերձավորարեւելյան հակամարտության մեջ ներքաշված կողմերը պետք է ձեռնպահ մնան միակողմանի քայլերից, որոնք կարող են տապալել հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը: «Ինտերֆաքսի» մատուցմամբ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը միաժամանակ ասել է, թե չի պատրաստվում շփումներ հաստատել պաղեստինյան «Համաս» շարժման հետ, որը շատ երկրներում համարվում է ահաբեկչական: «Որպեսզի միջազգային կազմակերպությունը «Համասի» ներկայացուցիչների հետ բանակցի, անհրաժեշտ է, որ նրանք փոխեն իրենց դիրքորոշումը՝ դառնալով բանակցությունների համար ավելի կառուցողական»,- հայտարարել է Պան Գի Մունը Մոսկվայում, ուր նա ժամանել է Մերձավոր Արեւելքի հակամարտության կարգավորման միջազգային միջնորդների «քառյակի» (Ռուսաստան, ԵՄ, ԱՄՆ, ՄԱԿ) ԱԳ նախարարների համատեղ նիստին մասնակցելու նպատակով:
Նույն նիստին մասնակցելու նպատակով արդեն Մոսկվա է ժամանել նաեւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, իսկ ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության հարցերի նախարար, բարոնուհի Քեթրին Էշտոնը ՌԴ մայրաքաղաք կժամանի Գազայի հատված կատարած այցից հետո: Նա եվրոպական քաղաքական գործիչների թվում ամենաբարձրաստիճան պաշտոնյաներից առաջինն է, որ ոտք է դնում պաղեստինյան այդ տարածք՝ ռազմականացված «Համաս» շարժման իշխանության գալուց ի վեր: ԵՄ-ն պաղեստինյան ինքնավարությանը, մասնավորապես՝ փախստականներին ցուցաբերում է միջազգային ամենամեծ օգնությունը՝ տարեկան 1 մլրդ եվրոյի չափով: Էշտոնը Ռամալլում արդեն հանդիպել է պաղեստինյան ինքնավարության առաջնորդ Մահմուդ Աբբասի հետ: