Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ Է ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԱՌԿԱ ՎԻՃԱԿՈՎ

Մարտ 19,2010 00:00

Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունը հրապարակել է 2009 թվականին Մարդու իրավունքների վիճակի մասին իր տարեկան զեկույցը, որը չորեքշաբթի օրը ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներին եւ իրավապաշտպաններին ներկայացրել են այդ երկրի ԱԳ նախարար Դեւիդ Միլիբենդն ու Մարդու իրավունքների նախարար, բարոնուհի Քիննոքը: Զեկույցում առանձին գլուխներ նվիրված են թվով 22 այն երկրներին, որտեղ Մարդու իրավունքների վիճակը բրիտանական ԱԳՆ-ն համարում է «անհանգստացնող»: Այդ երկրների թվում են նաեւ Աֆղանստանը, Իսրայելն ու պաղեստինյան գրավյալ տարածքները, Իրաքը, Իրանը, Չինաստանը, ԿԺԴՀ-ն, Կուբան, Պակիստանը, նաեւ նախկին խորհրդային պետություններից՝ Բելառուսը, Թուրքմենստանը, Ուզբեկստանն ու Ռուսաստանը:

Մասնավորապես վերջինիս առնչությամբ զեկույցի հեղինակները շեշտել են, որ ՌԴ-ում Մարդու իրավունքների հետ կապված վիճակը ակնհայտորեն լուրջ է, ու թեեւ ողջունել են նախագահ Դմիտրի Մեդվեդեւի «տրամադրվածությունը եւ իրավիճակը շտկելուն ուղղված որոշ բարեփոխիչ նախաձեռնությունները», այդուհանդերձ, կարծիք են հայտնել, թե «տեղերում իրավիճակը շատ քիչ է բարելավվել, իսկ որոշ մարզերում արմատապես վատթարացել է»:

Բրիտանական ԱԳՆ-ն հատկապես մտահոգված է Հյուսիսային Կովկասում Մարդու իրավունքների ոտնահարումների, ՄԻ Եվրոպական դատարանի որոշումների կատարման, լրագրողների անվտանգության, նաեւ Աբխազիայում եւ Հարավային Օսեթիայում էթնիկ փոքրամասնությունների վիճակով: Զեկույցում նշված է, թե դիվանագետները ցնցված են 2009-ին իրավապաշտպանների սպանության թվաքանակից. «Մենք ուզում ենք տեսնել իրավապաշտպանների ավելի լավ պաշտպանվածություն, նրանց նկատմամբ հարձակումներ գործողների ակնհայտ անպատժելիության մթնոլորտին պետք է վերջ տրվի, նաեւ իրավապաշտպանների նկատմամբ կիրառված բռնությունները պետք է հետաքննվեն ամբողջությամբ, արագ եւ անկողմնակալ: Մեղավորները պետք է կանգնեն դատարանների առաջ՝ միջազգային չափանիշներին համապատասխան»:

Զեկույցում նշվել է, թե Ռուսաստանում վտանգավոր է դարձել նաեւ լրագրողների գործունեությունը: Փաստաթղթում արձանագրված է, որ ռուսական իշխանությունների կողմից լրագրողների նկատմամբ իրականացվող ռեպրեսիվ միջոցառումները լրագրողներին ստիպել են ինքնագրաքննություն իրականացնել: Զեկույցում մտահոգություն է հայտնվել նաեւ Ռուսաստանում այլատյացության դեպքերի աճի առնչությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել