Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Չտեսություն եւ ա-խոսություն

Մարտ 19,2010 00:00

Լեզվաբան Ռուբեն Սաքապետոյանը՝ վտանգված մայրենիի մասին

«Ապե, ապերո, քուրո… Գրական՝ պարոն, տեր, տիկին, տիար-ների փոխարեն մարդիկ միմյանց այսկերպ են դիմում: Կորցրել ենք քաղաքակիրթ դիմելաձեւերը»,- ասում է ԵՊՀ հայոց լեզվի պատմության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Սաքապետոյանը:

Երեկվա ասուլիսում նա խոսեց վտանգված մայրենիի եւ լեզվակառավարման ապարդյուն փորձերի մասին:

Ռ. Սաքապետոյանը փաստեց, որ մայրենի լեզվի աղավաղումը գերակշռում է հատկապես սերիալներում, ֆիլմերի հայերեն թարգմանություններում. «Ամենամեծ խնդիրը հատկապես ա-խոսությունն է: Այսինքն՝ օժանդակ բայի երրորդ դեմքի է-ին եկել է փոխարինելու ա-ն»: Նրա խոսքերով, դեռ ոչինչ, որ տեսանյութերի մեջ անցորդներն էկրանում այդպես խոսեն՝ կարծիք արտահայտելիս, բայց երբ դա անում են մարդիկ, որոնք կոչված են հաղորդավար կամ հաղորդման հեղինակ լինելու, ահավոր է. «Տգեղ է, երբ հաղորդավարը հյուր է կանչում եւ Երեւանից մինչեւ Ամերիկա խոսում են իրար հետ ա-երով: Կարծես հատուկ մշակված ծրագիր լինի՝ նման կերպով լեզուն այլայլելու»:

Ռ. Սաքապետոյանը անդրադարձավ նաեւ բանաստեղծուհի Մարինե Պետրոսյանին. «Մարինե Պետրոսյան անունով իրեն բանաստեղծ հորջորջող մեկը մամուլում գրելիս միշտ ա-ն է օգտագործում: Ցավալին այն է, որ այդ մարդը ճաշակի տարրական զգացում չունի, թեեւ իրեն բանաստեղծ է համարում: Գրական բարձր մատերիաների մասին խոսելիս «ա» օժանդակ բայն է օգտագործում…»: Գնահատելով խնդրի առնչությամբ լեզվի պետական տեսչության «բռնած դիրքը», Ռ. Սաքապետոյանն ասաց, թե այն նման է պետավտոտեսչության գործելակերպին. «Խախտողին բռնում են, տուգանում: Սա ընդունելի ձեւ չէ: Ասենք՝ խախտողը մեծ գումար է ծախսել ինչ-որ գովազդային վահանակ կանգնեցնելու, ցուցանակը լուսային էֆեկտներով սարքելու համար, նրան 5000-10000 տուգանք են ներկայացնում, որ փոխի: Նա էլ ասում է՝ առ, ախպեր ջան, տուգանքդ, գնա, ես չեմ փոխում: Քաղաքը ողողվել է այլալեզու ցուցանակներով, գրություններով: Չես հասկանում՝ Հայաստանում ե՞ս ապրում, թե ինչ-որ արաբական էկզոտիկ երկրում: Մի փոքր խցիկ ունեցողն անպայման SHOP, TOP, SALON… էլ չգիտեմ ինչ անուններ է դնում, երբ ունեցածն ընդամենը մի հավաբուն է: Չտեսության դրսեւորում…»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել