Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՅՍՕՐՎԱ ԴՊՐՈՑԸ ՀԱՄԱՀՈՒՆՉ Է ԱՅՍՕՐՎԱ ԾՆՈՂԻՆ

Մարտ 19,2010 00:00

Մեկ-երկու էլիտար դպրոցով կրթական համակարգի բարեփոխման խնդիր չի լուծվի

Երաշխավորված առաջընթաց ունեն այն երկրները, որտեղ զարգացած է շարունակական կրթական համակարգը, արդյունավետ՝ հանրակրթությունն ու բարձրագույն կրթությունը, եւ, բնականաբար, տնտեսությունը զարգանում է գիտելիքահենք ուղղությամբ: Մինչդեռ այս գաղափարները մեզ մոտ բարի ցանկություններից հեռու չեն գնում:

Կրթությունը գործունեության ամենաավանդական եւ պահպանողական բնագավառն է, որտեղ խնդիրները հանգում են մարդու վերափոխմանը, ինտելեկտուալ ռեսուրսի երկարաժամկետ վերարտադրմանը, մարդու մոտիվացմանը: Հետեւաբար, նոր կրթօջախ հիմնելիս կամ բովանդակային փոփոխություններ կատարելիս պետք է հաշվի առնել ոչ միայն եւ ոչ այնքան շենքային լավագույն պայմանների ու բազայի ստեղծումը, այլեւ մարդկային գործոնով պայմանավորված` բազմաթիվ տեսանելի եւ անտեսանելի հանգամանքներ. հատկապես այն դժվարությունները եւ յուրահատկությունները, որոնք հանդիպում են մարդկային եւ մասնագիտական փոխհարաբերություններում, մանկավարժների մի մասի կարծրացած եւ անկանխատեսելի հոգիներում, նոր սերնդի կրթության պահանջներին չհամապատասխանող, հաճախ նաեւ սկսնակ մանկավարժի դեր ստանձնած ուսուցիչների մակերեսային գործողություններում:

«Օհանյան» կրթահամալիրի օրինակով ցանկանում եմ ներկայացնել այն հիմնական դժվարությունները, որոնց բախվել ենք այս 12 տարիների ընթացքում, եւ որոնք կօգնեն ինչ-որ չափով կրթության համակարգը առավել ճիշտ ուղղորդելուն:

Կրթությունը փրկող առաջամարտիկների դերը պետք է ստանձնեն առաջին հերթին ուսուցիչները: Անշուշտ, դպրոցի նկատմամբ հավատի վերականգնումը մեծապես պայմանավորված է մանկավարժների մասնագիտական ու մարդկային բարձր որակներով, որին կարելի է հասնել նրանց տարակարգերի սահմանման միջոցով, ինչը արդեն նախատեսված է «Հանրակրթության մասին» օրենքով:

Այս 12 տարիների ընթացքում մենք դժվարությամբ ենք ընտրել նվիրյալ, առողջ մտածելակերպով, մեծահոգի, հմուտ հոգեբան ուսուցիչների, վերջապես իրենց վառ օրինակով դաստիարակող մանկավարժների… Դժվար է այսօր ուսուցչի համար, փոխվել են թե՛ ժամանակները, թե՛ աշակերտները եւ թե՛ ուսումնամեթոդական հնարքները: Կարեւոր է նաեւ հասարակության, հատկապես՝ ծնողների վերաբերմունքը կրթության նկատմամբ: Հաճախ շատ ծնողներ նույնպես պատրաստ չեն մտնելու ազնիվ կրթական դաշտ, դեռեւս շարունակում են վազել բարձր թվանշանների ետեւից` չգիտակցելով, որ անցել են արհեստական բարձր թվանշանների ժամանակները: Եթե ծնողը նախապատվությունը տալիս է հեղինակություն ունեցող դպրոցին, որտեղ տնօրինությունը անաչառ է, սկզբունքային ու հետեւողական, մանկավարժները հավատ են ներշնչում, որակյալ է ուսուցումը, ապա երեխան համանման դպրոցի հարկի տակ ստանում է համակողմանի դաստիարակություն, ավելի լավ է սովորում եւ հասնում է իր նպատակին: Այս պարագայում արդեն անիմաստ է դառնում կրկնուսուցումը: Ստացվում է այնպես, որ կարծեք թե այսօրվա ծնողին ձեռնտու է այսօրվա դպրոցը:

Լավագույն դպրոցի ապագան խելացի, զարգացած, գիրքն ու գիտելիքը գնահատող աշակերտական հզոր բանակ ունենալու մեջ է: Դրա համար չափազանց կարեւոր է պետական եւ ոչ պետական դպրոցների համար հավասար կրթական դաշտի ստեղծումը եւ կրթական մրցակցության ապահովումը: Նման մրցակցություն պետք է առաջացնել նաեւ պետական դպրոցների միջեւ, որին կարելի է հասնել կրթության որակի համակարգի ներդրման եւ դպրոցների հավատարմագրման գործընթացների իրականացման հետեւանքով: Այսօր ծնողը պետք է քաջ գիտակցի, թե իր երեխային ի՞նչ խորացված գիտելիքներ են անհրաժեշտ եւ դրան ի՞նչ ճանապարհով կարելի է հասնել: Եթե որակի գնահատման պետական չափանիշներով իրականացվի դպրոցների տարբերակում եւ վարկանիշային խմբավորում, ծնողը ազատորեն կկատարի դպրոցների ընտրություն, տեղի կունենա աշակերտների եւ ռեսուրսների վերաբաշխում: Ի հայտ կգան բարձր վարկանիշով ուժեղ դպրոցներ, կբարձրանա մանկավարժական կազմի աշխատավարձը, կվերանան հասարակական բացասական բազմաթիվ երեւույթներ: Եթե ֆինանսապես խթանվեն մասնավոր դպրոցները, ինչը արդեն նախատեսված է «Հանրակրթության մասին» օրենքով, եւ նաեւ պետության կողմից հատկացվի անվճար տեղերի որոշակի քանակ (պետպատվեր), ապա մրցակցություն կառաջանա աշակերտների միջեւ եւ, բնականաբար, հնարավորություն կստեղծվի նաեւ ընտրելու լավագույն աշակերտներին (արդեն կողք կողքի կան լավ եւ վատ դպրոցներ):

Ամբողջ աշխարհում կրթությունը իրականացվում է հովանավորների աջակցությամբ, իսկ մենք հարկեր ենք տալիս պետությանը` կրթություն իրականացնելու համար, այն էլ դպրոցի: Հանրակրթություն գնահատող շատ պետություններ դպրոցներին ազատում են հարկերից, մինչդեռ… Դպրոցաշինությունը հայոց աշխարհում եկեղեցաշինության պես մի բան է, եւ երիցս օրհնված է նա, ով մասն ունի այդ սուրբ գործում: Պետք է սեղմել օգնության կարոտ ձեռքերը, անկախ նրանից՝ ՍՊԸ է, ՓԲԸ է, թե պետական…

Սիրելի ժողովուրդ, աջակցեք արժանի դպրոցներին: Ավելի նպատակահարմար է ֆինանսական ներդրումները կենտրոնացնել դպրոցաշինության այս դաժան ճանապարհը անցած հանրապետության 80-100 լավ դպրոցներում, որոնք որպես լավագույն միջուկի դեր կարող են խաղալ հարեւան դպրոցների համար… Այնպես որ, մեկ-երկու էլիտար դպրոցով հանրապետական կրթական համակարգի բարեփոխման խնդիրը հնարավոր չէ լուծել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել