Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

26. ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋՕՐԵ

Մարտ 19,2010 00:00

\"\"
Ռոստոմի փողոցը

\"\"
«Օրենքով գող» Սանթուրը

\"\"
:«Օրենքով գող» «Մգլոն»:

Նալբանդյանի անվան դպրոցի մոտ ինձ դիմավորեց Ռոստոմի փողոցի բնակիչ Խաչիկ Սարաֆյանը: Փողոցը հատում-անցնում էր Նար-Դոսը, հասնում մինչեւ Դավայադիք (հնում՝ ուղտերի քարվանատեղի), մյուս ծայրով հասնում Սարի թաղի փեշերը: Խաչիկն իրենց տուն առաջնորդեց, որտեղ ինձ էին սպասում իրենց փողոցի մի խումբ տարեց բնակիչներ:

– Մեր փողոցը սկզբից Գորկու անունով է կոչվել, հետո Կիեւյան է կոչվել, երբ Աջափնյակի կամուրջը կառուցեցին՝ մեր փողոցի անունը տարան, մերը Ուկրաինայի հերոսներից մեկի՝ Բոգդան Խմելնիցկու անունով վերանվանեցին, իսկ նոր հեղափոխությունից հետո Ռոստոմի անունով է կոչվում – ասաց Ստեփան Ժամկոչյանը:

– Եկեք ճիշտն ասենք,- ասաց Խաչիկը,- մեր փողոցը ժողովրդի մեջ «մարդասպանների փողոց» էր կոչվում:

Տարեցները բողոքեցին.

– Չէ, այ տղա, ի՞նչ մարդասպան, 50-60-ականներին ամենաանվտանգ, հանգիստ փողոցն էր, քանի որ ամենահռչակավոր գողերն էին այստեղ ապրում:

– Դուք այս փողոցո՞ւմ եք մեծացել,- դիմեցի Ստեփանին:

– 1915թ. մերոնք Ափիոն- Գարահիսարից մի կերպ Հունաստան են փախել, իսկ 1926-ին հայրենիք են եկել: Ինքս 1933թ. եմ ծնվել: Միշտ այստեղ եմ ապրել: Այս տարածքում թուրքական գերեզմանոց է եղել: Հայրս՝ Հակոբ Ժամկոչյանը, հենց այստեղ տուն է կառուցում: Քաղաքային իշխանությունները եկան, քանդեցին, ասացին՝ գերեզմանոցում տուն չեն կառուցում: Հայրս պատասխանում է. «Թուրքերը հայոց գերեզմանները ավերել են, ես էլ նրանցն եմ ավերում»: Ադրբեջանցիների բողոքից հետո հորս ձերբակալեցին: Երբ Անաստաս Միկոյանը Աղասի Խանջյանի հետ Նալբանդյան դպրոցում մարդկանց հետ հանդիպման էին եկել, պատմում են հորս մասին: Միկոյանը կարգադրում է տարածքը պլանի մեջ մտցնել եւ թույլ տալ հայրենադարձին, որ գերեզմանոցին կից տարածքում տուն կառուցի: Հորս իսկույն ազատում են բանտից, հանում մեղադրանքները: Երկու հարկանի տուն է կառուցում: Մեր փողոցում հիմնականում արհեստավորներ էին ապրում, որոնց մեծ մասը զբաղված էր մահճակալներ պատրաստելով, դրա համար էլ «կարավաթների փողոց» էր կոչվում: Հիշում եմ, հողե տանիքը արեւի տաքությունից ճաքում էր, փոշին հավաքում, լցնում էինք մեջը, անձրեւից հետո ցեմենտանում էր:

– Մերոնք Անդրանիկ զորավարի գյուղից են,- ասաց Կարպիս Սանթուրյանը,- հայրս 14 տարեկանում զորավարի զինվորն է եղել: Մերոնք 1932-ին են հայրենիք տեղափոխվել: Փողոցի առաջին օրենքով գողը «Մգլոն» էր, որի իսկական անունը Բարսեղ էր: Հաջորդը Սանթուրն էր՝ ավագ եղբայրս: «Մգլոն» 1920 թ. էր ծնվել: Նրան «Երեւանի փոխարքա» էին անվանում: Նա մեր բոլորի դատավորն էր: Բոլոր հարցերը ինքն էր լուծում:

– «Մգլոյի» ավագ եղբայրը՝ Սաքոն, վթարի է ենթարկվում,- Կարպիսի խոսքը շարունակեց Ստեփանը,- հիվանդանոց են տանում: Հարվածող մեքենայի տերը գալիս է «Մգլոյի» մոտ, թե՝ «Ասա, Մգլո, ի՞նչ հաշիվ տամ, մեղավոր եմ…»: Նա մտածում էր, որ կենդանի դուրս չի գա «Մգլոյի» մոտից: «Չէ,- պատասխանում է «Մգլոն»,- որ քո ոտքով եկել ես ու ներկայացել ես, ազատ ես, ոչինչ պետք չէ»: Սաքոյին հիվանդատես էր գնացել, Սաքոն ոչինչ չի ընդունել, ասել է՝ «Եկել ես, հերիք է, ախպերս իմանա, որ բան- ման եմ ընդունել քեզանից՝ կնեղանա ինձանից»: Մեր փողոցի «Պոլոզն» ու «Կյաժը», որի իսկական անունը Գագիկ էր, հայտնի գրպանահատներ էին, իսկ Հակոբը, որի ազգանունը Չարուխչյան էր, հայտնի «օրենքով գող» էր: Երբ Կոլիմայի կալանավայրից տուն է վերադառնում, ամբողջ Խորհրդային Միությունից գողական աշխարհի ներկայացուցիչները գալիս են նշելու նրա վերադարձը: Մենք փոքր էինք, կանգնում էինք ոչ հեռվում, այդ հեղինակություններն էլ երբեմն շրջվում էին մեր կողմը, ծխախոտի կամ գարեջրի ուղարկում: Էս մեր դպրոցն էլ պատերազմի տարիներին հոսպիտալի էին վերածել: Հրահանգ եղավ, որ բակերում ու դպրոցի տարածքում գազապաստարաններ փորենք: Ինչքան խոր փորես՝ մարդու ոսկորներ էին դուրս գալիս:

– Իսկ հայտնի՞ է, թե գողերը ինչ գործեր են կատարել, որ «օրենքով գող» են դարձել:

– Շատ բան մեզ չէին ասում,- ասաց Ստեփանը,- լսել էինք, որ Սանթուրը տղերքով միլիցիոներների հետ կրակել են իրար: Հետո Սանթուրին բռնեցին, ու տասնվեց տարի նստեց: Նա ռուսերեն լավ գիտեր, ու ասում են, որ բանտում հինգհազար գիրք է կարդացել: Նրա մոտ միշտ գիրք կար, ասում էինք՝ «ինչ կարդացող մարդ է մեր Սանթուրը», բայց հետո իմացանք, որ գրքի մեջ ատրճանակ էր պահում: Փաստորեն, գիրքն ու ատրճանակը անբաժան էին նրանից: Մեր փողոցի տղաներից «Նունուշը», Համբիկն ու «Կյաժը» գիշերը Եղվարդի ունիվերմագն էին մտել: Պահակը ծեր մարդ էր, պիտի կապկպեին ու իրենց գործն անեին, բայց այդ օրը պահակի տղան, որ բանակից նոր էր վերադարձել, հորը տուն է ուղարկում, ինքը տեղը մնում: Նա կրակում է Համբիկի վրա: Համբիկը երկու սիրտ ուներ: Նրա սրտերը սպիրտի մեջ մինչեւ հիմա պահում են Երեւանի անատոմիկումում: Հիվանդանոց են հասցնում վիրավոր ընկերոջը, դուռը ծեծում, թողնում մուտքի մոտ ու փախչում: Համբիկը, որը հարեւան Աղյուսագործների փողոցից էր, թափով տղա էր: Տանը մորթի մշակելով էին զբաղվում, մայրը լաք էր քսում ու վաճառում: Քեռին անունով մարդ էր, «Սխտոր Միսակ» էին ասում: Համբիկը հիվանդանոցում մեռնում է: Սրտին էր կպել: Երկրորդ սիրտը ահագին պահեց, բայց արնաքամ էր եղել:

– 1941- 49 թվականները սովի տարիներ էին,- ասաց Կարպիսը,- տղաները տրամվայի լուսամուտներից կախվում էին, մեկի գլխարկն էին փախցնում, մեկի թաշկինակը: Սանթուրը՝ եղբայրս, հարգված մարդ էր: Նա Բասարգեչարի բանտում էր նստած: Ինչ- որ հարցեր են լինում հետը նստած տղաների հետ, նեղացնում են իրեն, սա էլ իր թասիբի համար բենզին է լցնում իր վրա ու վառում իրեն: Մերոնք գնացին հանեցին գերեզմանից ու բերեցին, թաղում կազմակերպեցին:

– Գուցե նա դժգոհ էր ճակատագրից, գողական կյանքի դաժանությունից, ու դրա պատճառով որոշեց վերջ տալ կյանքին,- ասացի ես:

– Չգիտեմ, բայց «օրենքով գողերի» մոտ թուլակամություն չի լինում: Նրանք կոփված, ամեն դժվարության պատրաստ տղաներ էին: Քո ասածը բացառվում է: Գողերին վերացնելու համար իշխանությունը 60- ականների սկզբին թաղերի ակտիվ տղաներից կազմված գվարդիաներ ստեղծեց, հետո էլ դրանց ձեռը կրակն ընկավ, քանի որ խուլիգանա- մաֆիական կլանների վերածվեցին: Փողոցի վերջում էր Չախրենց տունը: Իրենց հայաթում նստած էին: Այդ ժամանակ Սարաջով թաղամասում ռուս աղջիկներ ջուր խմելու ժամանակ մի պատանի նրանց վրա ջուր է լցնում: Պատանին Կրիվոյ փողոցից հանցագործ աշխարհում հայտնի Եփրեմի վեց եղբայրներից փոքր եղբայրն էր: Մեր փողոցից Չախրի որդի Աբոն սաստում, ապտակում է պատանուն, որն էլ իսկույն հայտնում է իր եղբայրներին: Քիչ անց Չախրենք տեսան, որ Կրիվոյ փողոցի յոթ եղբայրները փողոցի մյուս տղաների հետ գալիս են: Աբոն, թե՝ ի՞նչ է եղել: Կրիվոյի տղեքը՝ արի գնանք, գործ կա: «Դրուժբայի» տեղում ամառային կինոթատրոն էր: Հենց էդտեղ Աբոյին դաժանորեն ծեծում են: Հետո Աբոն ընկերների հետ Կրիվոյ են գնում, Եփրեմին սպանում: Մյուս եղբորը՝ Կավախին էլ են ուզում սպանել, սա դիմադրում է: Հետո նրան Ռոստովում են սպանում ռուսները: Չախրի ազգանունը Կադեբչյան էր: Հիշում եմ, մեր ամենահարգված արտիստներից Հրաչյա Ներսիսյանը հաճախ էր նրանց տուն գալիս: Մի երկրից էին: Շատ համով բաստուրմա էին սարքում ու հյուրասիրում էին մեծ արտիստին:

Խաչիկն ասաց.

– Մեր փողոցում մի Գոքոր կար, «Վոլգա 21» ուներ: Մեքենան միշտ խարաբ էր լինում: Հիշում եմ, տուն չհասած՝ մեքենան միշտ փչանում էր, կանչում էր տնեցիներին, կինն ու երեխաները բրթելով էին մեքենան տուն հասցնում: Կռիվ է լինում, Գոքորը ինքնապաշտպանության նպատակով շարժում է դանակը, կտրում Մոսոյի որդու՝ Համլետի վզի երակը: Գոքորին յոթ տարի տվեցին:

– 35 տարի կարամելի ֆաբրիկայում եմ աշխատել,- ասաց Ստեփանը,- մի անգամ ընկերներով գնացինք ուտել- խմելու: Խնամիս՝ Սեդան, էդ վետերոկի մոտ հացի խանութում էր աշխաում: Խռով էինք: Ասացի՝ լավ է, կհաշտվենք: Բարեւեցի: Շիշն առավ, որ խփի: Ինձ փախցրին, իսկ Խաչիկը մնաց: Միլիցիայի ավտոմեքենայով եկան իմ ետեւից: Կինս ասաց. «Մարդիս ո՞ւր եք տանում, 35 տարի կարամելը թալանեց, ավերեց, ոչ ոք ոչինչ չասաց, հիմա ինչի՞ եք բռնում»: Միլիցեքը կուշտ ծիծաղեցն, բայց տարան: Բաժնի պետի տեղակալ Ռազմիկ Հովհաննիսյանը տեսնելով ինձ՝ բարկացավ միլիցիոներների վրա, թե՝ «Սա՞ է հանցագործը, ամոթ է, բաց թողեք, թող գնա»:

– Սանթուրը իր քեռու հետ էր կապված,- ասաց Ռոբետ Գալստյանը,- բանտում իր հետ մարդկ կային նստած, դպրոցի տարիներին խուլիգանություն էին արել, բանտ ընկել: Սանթուրը չի թողել, որ գող դառնան: Ասել է՝ ես սխալ ճանապարհով եմ գնացել, դուք նույնը մի կրկնեք:

– Էդ մարդիկ ազատվելուց հետո եկան մեր տուն,- ասաց Կարպիսը,- շնորհակալ էին, որ Սանթուրը իրենց ճիշտ ճանապարհ է ցույց տվել:

– Ես դպրոցում գերազանցիկ էի, խելոք, կուլտուրական տղա էի,- իր խոսքը շարունակեց Ռոբերտը,- մի ուսուցչի սխալի պատճառով, Դենզել Փանոսյան էր անունը, աչքերը չախկալ մարդ էր, 8- րդ դասարանում ճակատագրիս էնպիսի հարված տվեց, որ դպրոցն արդեն ինձ չէր հետաքրքրում: Միջավայրն այնպիսին էր փողոցում, որ այլ ընտրություն էլ չկար: Ինքն անգրագետ էր, չգիտեր «ությունի» ու «թյունի» տողադարձը: Երբ ուղղում էի, ջղայնանում էր: «Երկուս» դրեց ու մնացրեց: Սկսեցի նեղել ուսուցիչներին: Սանթուրն ասում էր՝ «Գիտեմ, որ ղումար ես խաղում, նման բան մի՛ արա, սխալ ճանապարհ է դա: Դպրոց գնա, նորմալ սովորիր»: Ասում եմ՝ դպրոցում սխալ են, թե՝ ոչինչ, հաղթիր: Ասացի՝ լավ, գնացի դասերին: Մի անգամ Սանթուրը դիմեց հորս, թե «Լավ չես ծեծել տղայիդ, որ իմ ճանապարհով չգնա»: Հայրս՝ Ստեփան դարբինը, Սանթուրի քեռին էր: Մի անգամ Ստեփանը Սանթուրին կապել էր ծառին ու ճիպոտով ծեծել: Սանթուրին երեսով տվի. «Ես քո խոսքը լսեցի, իսկ դու հորս չլսեցիր»: Սանթուրն էլ էր դպրոցում գերազանցիկ սովորել: Բայց փողոցի միջավայրն ավելի ուժեղ էր, ավելի ձգող: Հայրս դարդ էր անում. «Մեր տոհմից մի գրող, մի երաժիշտ չի ծնվում»: Բոլորին տանում էր իր մոտ դարբնություն անելու: Կարճ էի, բոյս զնդանին չէր հասնում: Հայրս մահճակալ էր սարքում: Ծանր մուրճը մեծ պտույտով էի խփում: Գյումրեցի տղերքը զարմացել էին: Հայրս ինձ ետ ուղարկեց: Հետաքրքիր մարդ էր հայրս: Բոլորին փող էր պարտք տալիս: Երբ մեծացա, սկսեցի հավաքել պարտքերը: Մահճակալ սարքելու գործի հիմնադիրը հայրս էր: Գիշերային դպրոց էի հաճախում: Սիրահարված էի: Հայերենի ուսուցիչն ասաց. «Երբ մարդ սիրահարված է լինում, լավ բաներ է անում»: Թե ոնց էր գլխի ընկել, չեմ իմանում: Գրքեր էի կարդում: 1959- ին ըմբշամարտի գնացի, «Դինամոյի» չեմպիոն դարձա: Հիշում եմ՝ Նորիկ Մուշեղյանը քառասուն հոգու հետ մեկ առ մեկ կպնում էր, հոգնել չուներ:

Ստեփանը մի նոր պատմություն սկսեց պատմել.

– «Սեւ շուկա» կար, որտեղ արհեստավորները իրենց ապրանքը վաճառելու էին բերում: Երբ հաճախորդը գալիս է մահճակալ գնելու, «Կյաժ Հրաչը», որ անմիջական կապ չուներ ապրանքի հետ, սկսում է սակարկել, վերջը փողն առնում է, գնում: Երբ գնորդը ուզում է «գնած» ապրանքը տանել, աղմուկ, վեճ է գոյանում: «Իմ ապրանքը ումի՞ց ես գնել»,- հարցնում է արհեստավորը, թե՝ կյաժ տղայից: «Կյաժը» մարդկանց խաբելու համար մի հատ էր: Մի անգամ բեռնակիրներին հավաքում է, տանում է քաղաքից դուրս քարքարոտ մի տեղ, թե՝ «Դուք այս տարածքը մաքրեք քարերից, ես գնամ ուտելիք, խմիչք բերեմ ընդմիջման համար»: Գնում է եւ վերջ: «Ղայիշ- լախտի» էինք խաղում: Ինչ դաժան խաղ էր: Երկաթով էինք իրար ծեծում: Այ, դա էր դիմացկունության դպրոցը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել