Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Համաճարակ, հաշվառում, փոխհատուցո՞ւմ

Մարտ 19,2010 00:00

Մարտի 6-ին «Հիմա էլ դասական ժանտախտ» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ փետրվարի 24-ին Տավուշի մարզի Կողբ գյուղում խոզերի դասական ժանտախտ է բռնկվել: Ներկայումս վարակը տարածվել է նաեւ Արճիս, Լճկաձոր, Բագրատաշեն գյուղերում: Սակայն անկված կենդանիների լաբորատոր հետազոտությունները ցույց են տվել, որ Նոյեմբերյանի տարածաշրջանում խոզերի համաճարակը ոչ թե դասական, այլ՝ աֆրիկյան ժանտախտ է: Այս մասին հայտնեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության Տավուշի մարզային կենտրոնի անասնաբուժության բաժնի գլխավոր մասնագետ Նորիկ Գիշյանը: Հիշեցնենք, որ նման համաճարակ Նոյեմբերյանում արձանագրվեց նաեւ 2008-ին:

Նորիկ Գիշյանի խոսքով՝ մարտի 17-ի դրությամբ համաճարակից սատկել է 6 խոզ, իսկ 175-ը՝ հարկադիր կերպով ոչնչացվել: Փետրվարի 26-ից սկսված համաճարակն ընդգրկել է Լճկաձոր, Արճիս, Կողբ, Բագրատաշեն գյուղերը եւ Նոյեմբերյան քաղաքը: Լճկաձորում, Արճիսում եւ Բագրատաշենում վերջին դեպքը մարտի 7-ին է գրանցվել, ներկայումս համաճարակը տարածված է Կողբում եւ Նոյեմբերյան քաղաքում: Պատկան կառույցները խոզատերերին հորդորել են խոզերին բաց չթողնել ու փակ տարածքում պահել: Տավուշի մարզի տարածքում սահմանվել է ժամանակավոր մասնակի կարանտին:

Մարտի 17-ին Նոյեմբերյանի քաղաքապետարանում կայացել է խորհրդակցություն, որին մասնակցել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Լեւոն Ռուխկյանը: Խորհրդակցությունում որոշվել է, որ Նոյեմբերյանի տարածաշրջանի բոլոր 19 համայնքներում համայնքապետարանները կանցկացնեն խոզերի գլխաքանակի հաշվառում: Սա կրկնակի հաշվառում է, քանի որ տարեսկզբին համայնքներում առկա անասնագլխաքանակը հաշվառվում է: Հավանական է, որ այս հաշվառումն արվում է անկված կամ հարկադիր ոչնչացված խոզերի տերերին հետագայում պետբյուջեից փոխհատուցում տալու նպատակով:

Հիշեցնենք, որ 2008-ի համաճարակից հետո տուժած գյուղացիները փոխհատուցում ստացել են. խոշոր խոզերի մեկ կգ-ի դիմաց՝ 900, գոճիների մեկ կգ-ի համար՝ 1200 դրամ: Սակայն ոչ բոլորն էին գումարները ստացել: Տեղ-տեղ գյուղացիները կամ փաստաթուղթ չէին ներկայացրել, կամ ուշ էին ներկայացրել, տեղ-տեղ էլ՝ հանձնաժողովն էր վատ աշխատել:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել