Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵՐԱԶԱՆՔԸ ՄՆԱՑ ԿԵՍՃԱՆԱՊԱՐՀԻ՞Ն

Մարտ 19,2010 00:00

Բազմազավակ ընտանիքը ոչ տուն ունի, ոչ էլ՝ տուն ունենալու հույս եւ գոյատեւելու կայուն աղբյուր

\"\"

Գառնիկ Զաքարյան-Մարինե Հովհաննիսյան ամուսիններն ապրում են Էջմիածնում: Սեփական կացարան չունեն: Ժամանակավոր բնակվում են Պետական գույքի կառավարման գործակալության սեփականություն հանդիսացող, բայց անժամկետ օգտագործման իրավունքով «Երկրագործության եւ բույսերի պաշտպանության գիտական կենտրոնին» փոխանցված եւ կենտրոնի տարածքում գտնվող կարտոֆիլի պահեստ ծառայող փայտաշեն տնակներից մեկում: Ունեն հինգ երեխա, որոնցից մեծին՝ Ամալիկին ամուսնացրել եւ երրորդ թոռան լույս աշխարհ գալուն են սպասում: Միակ արու զավակը՝ 18-ամյա Վարդանը, հիվանդության պատճառով ազատվել է զինվորական ծառայությունից: Այդ փաստի հետ, սակայն, տղան չի հաշտվում: «Ավելի լավ կլիներ առողջ լինեի՝ ծառայության մեկնեի, քան հիվանդ լինեմ ու անգործ նստեմ տանը»: Վարդանը մի քանի բարդ վիրահատություն է տարել, ձեռքի մատներն էլ լավ չեն աշխատում, ինչի պատճառով որեւէ գործ անել չի կարողանում: Բազմանդամ ընտանիքի մյուս երեխաները դպրոցականներ են, որոնց հաճախումները դպրոց՝ անկանոն եւ տարերային բնույթ են կրում: «Իրենց ունեցածով ամաչում են դասի գնալ: Ասում են՝ մեր դասարանցիներն ընենց են հագնվում, որ նրանց կողքը կանգնել ամաչում ենք»,- «Առավոտի» հետ կիսվեց երիտասարդ բազմազավակ մայրը՝ Մարինե Հովհաննիսյանը:

Այս ընտանիքի պատմությունը, թերեւս, կհետաքրքրեր դետեկտիվ ժանրի սիրահարներին: Հատկապես ուշագրավ են ընտանիքի կյանքի պետերբուրգյան տարիները, երբ երեխաներից չորսին Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքի մանկապարտեզներից մեկից առեւանգել էին: Չնայած միջազգային կառույցների, ՀՀ իշխանությունների եւ հեղինակավոր անձանց միջամտությամբ երեխաներն անվնաս վերադարձել են ընտանիք ու հիմա դեպքերը մնացել են անցյալում, բայց դրանց հետքերը ընտանիքից անբաժան են մինչեւ այսօր: Դեպքից հետո ընտանիքին, լրատվամիջոցների անդրադարձներին արձագանքողներ եղան: Որոշ մարդիկ աջակցեցին նյութապես: Ոմանք էլ արձագանքեցին «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով: Նյութական աջակցությունն ընտանիքին թեեւ օդ ու ջրի պես պետք էր, բայց վերջիններիս «ցավը» սեփական ծածկ չունենալն էր ու այդ ցավը դեռ չի անցել: «Հեռուստատեսությամբ հաղորդումը դիտելուց հետո եկավ, մեզ գտավ նաեւ կինոռեժիսոր Ռուբեն Գեւորգյանցը: Ասաց, որ ուզում է օգնել բնակարան ձեռք բերելու հարցում: Ես էլ ասացի՝ եթե կարող է, թող օգնի էս փայտե տնակը մեզ տան. ավելիին չենք ձգտում: Հետաքրքրվեց, թե տարածքն ում է պատկանում եւ խոստացավ միջնորդել, որ տնակը մերը լինի»,-պատմեց տիկին Մարինեն:

Ընտանիքը բազմաթիվ անգամ նամակներով դիմել է երկրի ու Արմավիրի մարզի ղեկավարությանը՝ իրենց ուշադրություն դարձնելու խնդրանքով: Գիտական կենտրոնի տնակում ապաստանելը այդ նամակների արդյունքն է: Մի նամակ էլ կինոռեժիսորի այցից հետո եւ նրա ցուցումով են ուղարկել ՀՀ կառավարություն եւ 2009-ի հունիսի 19-ին ստացել այդքան սպասված պատասխանը: «Գյուղնախարարությունը չի առարկում սահմանված կարգով սեփականաշնորհելու «Երկրագործության եւ բույսերի պաշտպանության գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ին ամրացված ձեր կողմից զբաղեցրած տնակը»,- նշված է ՀՀ գյուղնախարարության պաշտոնական նամակում:

Երջանկացած ամուսինները տնակը սեփականացնելու համար սկսում են փաստաթղթեր պատրաստել, բայց այդ գործընթացն այնքան է ձգձգվում, որ հույսները կտրում են: «Միայն ձգձգելը չէ: Կադաստրից իմացա նաեւ, որ պետք է պետական վճարումներ էլ անեմ: Ասացին, որ 1 քմ-ն 7000 դրամ է, իսկ տնակն իր հողով 2000 քմ է: Մոտավորապես 1 միլիոն դրամ է պետք, որը ես չունեմ: Եվ որտեղի՞ց ունենամ, երբ տանն աշխատող չունենք, հացն էլ պարտքով ենք գնում»,- ասաց մեկ տարի առաջ աշխատանքը կորցրած Գառնիկը:

Ընտանիքի դրությունն օր օրի է վատանում: «Եթե մինչեւ էսօր ապրում էինք տուն ունենալու հույսով, հիմա էդ հույսն էլ է մարում: Էս պարտքատերերն էլ մի կողմից են խեղդում: Ստիպված դուռը ներսից փակում ենք, որ իմանան տանը չենք: Բայց ինչքա՞ն կարելի ա թաքնված ապրել»,- ասաց Մարինեն: Պարտքը, Մարինեի ասելով, գոյացել է նոյեմբեր ամսից, երբ սկսել են խանութներից «նիսյա» սննդամթերք գնել: «Առածներս էլ ի՞նչ ա՝ հաց, մակարոն, յուղ ու շաքարավազ: Արդեն 100 000-ի պարտք ենք շալակել: Գոնե մի գործ լիներ՝ Գառնիկն աշխատեր, էսքան չէինք նեղվի: Բայց մեր նմաններին ո՞վ ա գործ տալիս, որ… ամեն մեկն իրա ծանոթ-բարեկամին ա տանում-տեղավորում»,- նկատեց Մարինեն:

Ընտանիքը ծանր դրությունից փրկելու համար Մարինեն ինքն է աշխատանքի «տեղավորվել». Սուրբ Գայանե եկեղեցու բակում կախազարդեր ու սրբապատկերներ է վերավաճառում. «Մեկ-մեկ էլ ունեւորներ են գալիս՝ մի-երկու կոպեկ են տալիս: Բայց դա երեխեքիս դուր չի գալիս: Ասում են՝ ամոթ ա, հո մենք մուրացկան չե՞նք…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել