Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

4 մլն դրամ պարտք՝ ազատանցիներին

Մարտ 19,2010 00:00

Օրերս Շիրակի մարզի Ազատան գյուղի գյուղապետ Վարդան Իկիլիկյանը, արձագանքելով մեր օրաթերթում հրապարակված «Բանակին անասնակերո՞վ են սնում» վերնագրով նյութին՝ դժգոհեց, որ իր բարձրաձայնած խնդիրը կառավարության որոշ անդամների կողմից սխալ է ընկալվել, եւ սկսել են իրեն վերագրել այնպիսի մտքեր, որոնց հեղինակը ինքը չէ: «Ես մարզխորհրդի նիստի ժամանակ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին չեմ ասել, թե մեր բանակին անասնակերով են սնում, վկա են 119 համայնքապետեր, մարզպետարանի գրեթե բոլոր աշխատակիցներն ու լրագրողները, ես ընդամենը բարձրաձայնել եմ Ազատան գյուղի խաբված գյուղացիների խնդիրը ու ասել եմ, որ պաշտպանության նախարարության տենդերը շահած անձը գյուղացիներից կարտոֆիլը շատ էժան գնով է ձեռք բերում՝ 25-30 դրամով, իսկ դա այսօր անասնակերի գին է: Բայց, չգիտես ինչու, ոմանք պնդում են, թե ես կանգնել ու հայտարարել եմ, թե մեր բանակին անասնակերով են կերակրում: Ես ինձ իրավունք չէի վերապահի նման պատասխանատու հայտարարություն անել: Իմ նպատակը եղել է կառավարությանը տեղեկացնել, որ իր տված գումարները գյուղացիներին չի հասել: Բավական չէ՝ տենդերը թանկ գնով են շահում, բայց գյուղացիներից կարտոֆիլը ջրի գնով տանում, մի բան էլ փողը վճարելուց քաշքշուկներ են ստեղծում: Եվ սա այն դեպքում, երբ պաշտպանության նախարարությունը գումարը կոպեկ առ կոպեկ փոխանցել է նրան»,- ասաց գյուղապետը:

Հիշեցնենք, որ Ազատանի գյուղապետին լսելով՝ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը նրա հարցին հարցով էր արձագանքել. «Ստացվում է, որ բանակին անասնակերո՞վ են սնում»: Ի դեպ, «Առավոտի» հրապարակումից հետո, մրցույթը շահած անձը ազատանցիների երկու միլիոն դրամը փոխանցել է՝ պարտք մնալով 3-4 մլն դրամ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել