Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Օժիտը՝ որպես կռվախնձոր…

Մարտ 19,2010 00:00

Դատարանը ժամանակ տվեց. կվերադառնա՞ կինը «ընտանիք»

Մարտի 17-ին ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Բյուրեղավան քաղաքի բնակչուհի Ա. Գ.-ի քաղաքացիական հայցի քննությունը՝ ընդդեմ Աբովյան քաղաքի բնակիչ Դ. Ս.-ի:

Ա. Գ.-ի կողմից միաժամանակ ներկայացվեց երեք հայցապահանջ՝ ամուսնալուծության, ալիմենտի վճարման եւ ուրիշի ապօրինի տիրապետումից գույքը հետ պահանջելու (274 հոդված, Քաղ. օրենսգիրք) վերաբերյալ:

Նշենք, որ Ա. Գ.-ն այս տարվա հունվարի 18-ին դիմել է «Կանանց իրավունքների կենտրոն» հասարակական կազմակերպություն, իր խախտված իրավունքների վերականգնման համար: Ա. Գ.-ն, ամուսնու կողմից բազմիցս ենթարկվելով ֆիզիկական, հոգեբանական, սեռական եւ ընդհուպ մինչեւ տնտեսական բռնության, վերջիվերջո եկել է այն եզրահանգման, որ բռնացողի կողքին անհնար է ապրել եւ այս տարվա հունվար ամսին իր 5 տարեկան անչափահաս որդու հետ հեռացել է ամուսնուց եւ ապաստան գտել իր ծնողների մոտ:

Դատարանը լսեց կողմերի կարծիքները: Չնայած այն հանգամանքին, որ հայցվոր կողմը կտրականապես դեմ էր ամուսնու հետ հաշտության ինչ-որ եզրեր գտնելուն, այնուամենայնիվ, դատարանը հաշտության համար սահմանեց մեկամսյա ժամկետ: Դատական նիստի ընթացքում դատարանի այն հարցին, թե ամուսնալուծության պահանջի վերաբերյալ պատասխանող կողմը առարկություններ ունի՞, թե՞ ոչ, վերջինս պատասխանեց, որ դեմ է ամուսնալուծությանը եւ դատարանին անգամ խնդրեց ժամանակ տրամադրել կնոջը վերադարձնելու համար: Դատարանն էլ հաշվի առավ պատասխանողի բարի մտադրությունը՝ նրան եւս մեկ հնարավորություն ընձեռեց:

Ուրիշի ապօրինի տիրապետումից գույքը հետ պահանջելու վերաբերյալ հայցվորի պահանջի քննության ժամանակ էլ վերջինս ներկայացրեց այն ամբողջ գույքը (իրեր), որը ոչ թե ձեռք է բերվել իրենց համատեղ կյանքի ընթացքում, այլ հանդիսացել է նրա, այսպես կոչված, օժիտի մեծ մասը: Իսկ պատասխանող կողմը չէր զլանում ամեն անգամ շեշտել, որ այդ գույքն արդեն իսկ եղել է իր բնակարանում՝ մինչ ամուսնությունը: Ինչպես պարզվեց դատական նիստի ժամանակ, ամուսինը հրաժարվում է վերադարձնել կնոջը պատկանող գույքը՝ նույնիսկ երեխայի իրերը (հագուստ, կոշիկ եւ այլն): Առավել եւս հրաժարվում է տալ ապրելու համար անհրաժեշտ կենցաղային ապրանքներ, որոնց ցանկը ներկայացրել էր կինը: Եվ քանի որ գնված օժիտի վերաբերյալ հայցվորը իրապես հնարավորություն չուներ ներկայացնել ապացույցներ, բացի վկաներից, այսինքն՝ ծնողներից, այս մասով հարցի ողջամիտ լուծումը հայցվորը թողեց դատարանի հայեցողությանը: Եվ ինչպես հայտնի ասացվածքն է ասում՝ լավություն արա՝ գցի ջուրը: Դատարանը այս մասով վճռի հրապարակման օր նշանակեց մարտի 30-ը:

Ալիմենտի մասով, իհարկե, առանց բացառության գրեթե բոլոր դեպքերում ամուսիններն ամեն կերպ հերքում են իրենց աշխատելու փաստը եւ դրանով փորձում ալիմենտի վճարման չափը հասցնել նվազագույնի: Բայց դա չի օգնում նրանց խուսափելու, որովհետեւ օրենքը՝ սահմանելով ալիմենտի վճարման նվազագույն չափը, որը ամեն դեպքում պետք է վճարվի՝ անկախ պատասխանողի աշխատելու կամ չաշխատելու փաստից, չի կարող արդարացնել երեխայի մոտ իր հոր անգործության հանգամանքը: Դատարանը ալիմենտի մասով նույնպես վճռի հրապարակման օր նշանակեց մարտի 30-ը:

Տպավորությունն այնպիսին էր, որ ամուսինն իր այդ մարտական պահվածքով ցանկանում էր ոչ թե հրաժարվել իր պարտականությունների կատարումից, այլ գույքը չվերադարձնելով՝ ավելի շատ փորձում էր դրանով պատժել կնոջը՝ իրեն դատարան հասցնելու համար:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել