Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԱՊԱՌԻԿՈՎ» ՆՇԱՆԱԿԵԼ ԷԻՆ

Մարտ 19,2010 00:00

Դասախոսների համար արդարացում են պահանջում

\"\"Վանաձորում դեռ քննվում է Ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի էլեկտրամատակարարման ամբիոնի վարիչի ու մյուս երեք դասախոսների՝ կաշառք վերցնելու վերաբերյալ գործը:

Հիշեցնենք, որ համաձայն մեղադրականի՝ 2008թ. նոյեմբերին ու 2009թ. ամռանն ամբիոնի վարիչ Էդուարդ Մխիթարյանը դասախոսներ Հովհաննես Արաբյանից, Միսաք Յախշիբեկյանից ու Ժոզեֆ Կարայանից գումարներ է պահանջել՝ 10 ուսանողի կուրսային նախագիծ-աշխատանքները դրական գնահատելու համար: Ընդհանուր առմամբ, կաշառքի չափը կազմում է 225 000 դրամ:

Կալանավորված ամբիոնի վարիչ Էդուարդ Մխիթարյանի ու դասախոս Ժոզեֆ Կարայանի փաստաբանները շարունակում են այն կարծիքը հայտնել, որ իրենց պաշտպանյալներին մեղադրում են այն մարդկանց ցուցմունքների հիման վրա, ովքեր հիմա ազատության մեջ են:

Ըստ նրանց՝ նախաքննությունը սխալ ճանապարհով է ընթացել եւ խախտումներով:

Պաշտպանական կողմը վստահ է, որ դատաքննության ընթացքում վկաները՝ ուսանողները, նրանց ծնողներն ու համալսարանի մյուս դասախոսները հակասական ցուցմունքներ են տվել. նախաքննական մարմնին մի բան են ասել, դատարանում մեկ այլ բան են պնդում: Նրանք մտադիր են քրեական հետապնդում սկսել Ազգային անվտանգությունում դասախոսներին կաշառք տալու վերաբերյալ հայտնած ուսանողների, նաեւ կաշառակերության մեջ սկզբում կասկածվող դասախոսի նկատմամբ: Փաստաբանները հիմքեր ունեն կասկածելու, որ ուսանողներն ու արդարացված դասախոս Հովհաննես Արաբյանը սուտ ցուցմունքներ են տվել, ինչի համար պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության: Ի դեպ, ուսանողները, ըստ փաստաբանների, կաշառք տալու համար էլ պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն:

Պաշտպանական կողմը բացատրում է, որ մի դասախոսի հանձնարարած կուրսային նախագիծ-աշխատանքների համար, չգիտես ինչու, մեղավոր է ճանաչվել ամբիոնի վարիչը, ով, ըստ ուսանողների ու առարկայի դասախոս Արաբյանի, գումար է պահանջել, որպեսզի վերջինս գնահատի իր իսկ հանձնարարածը:

Կալանավորված դասախոսների փաստաբանները կարծում են, որ դատարանում ու նախաքննության ժամանակ բոլոր վկաների տված ցուցմունքները նույնաբովանդակ են, ինչը կասկած է հարուցում:

Փաստորեն, ամբիոնի վարիչի ու կալանավորված դասախոս Ժոզեֆ Կարայանի փաստաբանները պատրաստվում են արդարացում պահանջել:

Հիշեցնենք, որ դասախոսներից Հովհաննես Արաբյանն արդեն ազատության մեջ է: Նա համաներմամբ ազատ է արձակվել՝ մեղադրյալից վերափոխվելով վկայի: Ազատության մեջ գտնվող մյուս դասախոսը՝ Միսաք Յախշիբեկյանը ընդունել է իր մեղքը՝ հայտնելով, թե ուսանողից վերցրած կաշառքը փոխանցել է էլեկտրամատակարարում ամբիոնի վարիչ Էդուարդ Մխիթարյանին: Նկատենք, որ Միսաք Յախշիբեկյանը, համաձայն մեղադրականի, գումարներ է վերցրել սեփական առարկայի կուրսային աշխատանքը դրական գնահատելու համար:

Կալանավորված ամբիոնի վարիչն ու երիտասարդ դասախոս Ժոզեֆ Կարայանը անազատության մեջ են:

Ի դեպ, Ժոզեֆ Կարայանը կալանավորված է մեկ վկայի՝ ուսանող Հունան Քոչարյանի տված ցուցմունքի հիման վրա:

Վերջինի տված ցուցմունքի համաձայն՝ ազատության մեջ գտնվող դասախոս Միսաք Յախշիբեկյանի ղեկավարած կուրսային նախագիծն առանց պարապելու ստանալու համար, ամբիոնի վարիչի գիտությամբ պայմանավորվել է դասախոս Ժ.Կարայանի հետ՝ 20 000 դրամի դիմաց կուրսայինի հարցը լուծված համարել: Սակայն հետո պարզվում է, որ դեռ 2008թ-ից Հ. Քոչարյանն ազատության մեջ գտնվող մյուս դասախոս Հովհ. Արաբյանից «ապառիկով» քննություն էր ստացել եւ դեռ չէր վճարել: 15000 էլ դրա համար պիտի վճարեր:

Մ. Յախշիբեկյանի ղեկավարած կուրսային նախագիծը պաշտպանելու եւ Հովհ. Արաբյանից նախկինում ստացած քննության ապառիկը, ըստ վկայի, հայտնվում է դասախոս Ժ.Կարայանի գրպանում, որպեսզի հետո հայտնվի ամբիոնի վարիչի մոտ: Մինչ օրս անազատության մեջ հայտնված դասախոսն ու ամբիոնի վարիչը հերքում են կաշառք վերցնելու մեղադրանքը:

Հիշեցնենք, որ կաշառք տված ուսանողները պատասխանատվության չեն ենթարկվի, իսկ ահա ամբիոնի վարիչին սպառնում է 4-10 տարի ժամկետով ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: Կալանավորված մյուս դասախոս Ժ. Կարայանին սպառնում է տուգանքից մինչեւ ազատազրկում՝ առավելագույնը 5 տարի ժամկետով, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով: Իր մեղքն ընդունած դասախոս Մ. Յախշիբեկյանին էլ սպառնում է տուգանքից մինչեւ 3 տարի ազատազրկում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել