Գործազուրկներն այնքան են շատացել, որ պետությունն ի վիճակի չէ բոլորին նպաստ տալ
Վերջին շրջանում զբաղվածության պետական ծառայություններում աշխատանք փնտրող քաղաքացիների հերթեր են գոյանում, ինչը նշանակում է, որ մեր երկրում գործազուրկների թիվն ավելացել է: Մի շարք համայնքների զբաղվածության կենտրոնների աշխատանքից դժգոհ քաղաքացիներ դիմել էին «Առավոտին»՝ ներկայացնելով իրենց դժգոհությունները: Արաբկիր համայնքի բնակիչ տիկին Մկրտչյանը մեզ հետ զրույցում պատմեց. «Ցրելով ման են գալիս… Երբեմն աշխատակիցները տարիքով նույնիսկ մեզնից երիտասարդ են, բայց այնպիսի արհամարհական վերաբերմունքով են սպասարկում, որ 2-րդ անգամ այլեւս չես ցանկանում այդ կենտրոն այցելել, անկարեւոր փաստաթղթեր են պահանջում, սկզբում պահանջեցին երեխաներիս անձնագրերը, հետո՝ ծննդականները, պարզաբանելով, թե՝ ի՞նչ իմանանք, գուցե քո երեխաների անձնագրերը չեն, ավելի ուշ պահանջեցին ծննդականների պատճենները, մի խոսքով, ամիսներով տանում-բերում են, եթե համառորեն գնում ես ու ներկայացնում իրենց պահանջածը, չզարմանաք, եթե հարեւանի ամուսնու անձնագիրն էլ պահանջեն, ես թեեւ համապատասխանում էի գործազրկության նպաստ ստանալու չափանիշներին, բայց պինդ ու առողջ նյարդեր են անհրաժեշտ, որ դիմանանք այդ քննությանը եւ արժանանանք նպաստին, ես չդիմացա»: Ավան համայնքի բնակիչ տիկին Սիմոնյանն էլ ասաց. «Ժամերով հերթ ենք կանգնում, նման վիրավորական արտահայտություններ ամենավերջին «բոմժին» էլ չեն ասի, մենք էլ ենք հասկանում, որ քաղաքացիներին սահմանափակ թվով կարող են հաշվառել, կարող են տանել-բերել, հավատացնել, որ փաստաթղթային առումով ամեն ինչ համապատասխան ու նորմալ է, բայց, ի վերջո, ամիսներ անց համբերությունը չարաշահել, հետո էլ անակնկալի բերել ու տեղեկացնել, որ դու չես կարող հաշվառվել, որովհետեւ, օրինակ, չես ներկայացրել այսինչ փաստաթուղթը»:
Շենգավիթ համայնքի բնակիչ Լ. Մանուկյանը պատմեց, որ աշխատանք գտնելու ակնկալիքով շաբաթներ առաջ դիմել էր Շենգավիթ համայնքի զբաղվածության կենտրոն. «Նախապես տեղեկացա անհրաժեշտ փաստաթղթերի մասին ու ներկայացրի, ասացին ամեն ինչ նորմալ է, բայց ժամը 3-ից մի քիչ էր անցել, ինձ ասացին, որ աշխատում են մինչեւ ժամը 4-ը, իսկ աշխատանքային ժամը մոտենում է ավարտին, վաղը նորից գնամ, հաջորդ օրը ավելի շուտ գնացի, ասացին, թե ընդմիջման ժամն է մոտենում, գնամ ավելի ուշ գամ, ավելի ուշ գնացի, ասեցին, թե ընդմիջումից հետո ընդունելություն չկա: Հաջորդ անգամ գնացի, մի կերպ ընդունելություն գտա, մունաթով փաստաթղթերս վերցրեց, նույնիսկ դեմքիս չնայեց, արագ-արագ թերթելով ասաց, թե ուսանող ես՝ գնա բուհից համապատասխան փաստաթուղթ բեր, որ հեռակա ուսուցում ես ստանում: Քաղաքացիներին չլում են, խաբում ու կարծես մուրացկան ենք, փող ենք հավաքում, այդ կենտրոնում նման վերաբերմունքի ենք արժանանում: Իմ օրինակով կարող եմ նշել, որ ձեւական փաստաթղթեր են պահանջում, որ հոգնենք ու էլ չգնանք, հետո էլ ինձ աշխատանք առաջարկեցին, շատ ոգեւորվեցի, հեռախոսահամարը վերցրի զանգեցի, բայց հո աշխատանք չէր, կարելի էր ասել օրնիբուն ձրի պետք է աշխատեի, ինձ հարմար չէր, հրաժարվեցի ու ասացի, թե ընթացքում հարմար աշխատանք կգտնվի, աշխատակիցն էլ ասում է՝ ջահել աղջիկ ես, գնա, մի քիչ փորձառություն ձեռք կբերես, ինչ է՝ միանգամից հո նախարարի աշխատավարձ չե՞ս ստանալու»:
«Առավոտը» զրուցեց Շենգավիթ համայնքի կենտրոնի տնօրեն Նարինե Մատինյանի հետ: Ըստ նրա, իրենց կենտրոնում աշխատանքն ավարտվում է ժամը 18-ին, ապա պարզաբանեց, թե ինչու են կենտրոնի աշխատակիցները ժամը 3.30-ից քաղաքացիներին «ցրում». «Հիմա ես ձեզ ասեմ, յուրաքանչյուր քաղաքացու հետ մինիմում աշխատանքը՝ հաշվառումը, խորհրդատվական, կողմնորոշման ուղղորդումը տեւում է 45 րոպե, այսինքն՝ իրենից առաջ հավանաբար կանգնած են եղել մարդիկ, որոնց սպասարկման հետ կավարտվեր նաեւ աշխատանքային օրը»:
Տիկին Մատինյանից հետաքրքրվեցինք, արդյոք կենտրոնի աշխատակիցներն իրավունք ունե՞ն առաջարկվող աշխատանքը քաղաքացուն պարտադրել: «Աշխատակիցները իրավունք չունեն, միայն կարող են առաջարկել, բայց այստեղ մի կարեւոր հանգամանք կա՝ կառավարության որոշմամբ սահմանված են հարմար աշխատանքի չափանիշները, այն է՝ գործազրկության նպաստից վարձատրության առումով եռապատիկ գերազանցող աշխատանքը Երեւանում, նաեւ համապատասխան մասնագիտության կամ արհեստագործական ուսուցման: Օրենքը հստակ սահմանում է, հրաժարվելու դեպքում գործազրկության նպաստը կասեցվում է 2 ամիս ժամկետով, եթե 2-րդ անգամ է հրաժարվում՝ արդեն նպաստը դադարեցվում է»: Տիկին Մատինյանը, սակայն, նկատեց, որ քաղաքացիների մեծամասնությունը հրաժարվում է աշխատանքից, որովհետեւ նրանց նպատակը ոչ թե աշխատանք գտնելն է, այլ գործազրկության նպաստ ստանալը. «Իհարկե, ակտիվ աշխատանք փնտրողների թիվը մեծ չէ, ու նրանց հետ աշխատելը շատ հաճելի է»:
Տիկին Մատինյանի խոսքերով, տնտեսական ճգնաժամի հետեւանքով գործազուրկների թիվը կրկնակի աճել է եւ իրենց կենտրոն դիմողներն էլ ավելացել են. «Մեր կենտրոնում նույնիսկ ընդմիջման ժամերին դռները չենք փակում, քաղաքացիներին սպասարկում ենք ջերմ, ես էլ եմ այդպես վարվում, անհրաժեշտ թղթերը ստորագրում եմ նույնիսկ ընդմիջմանս հաշվին»: