Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵՐԵԽԱՆԵՐԻ ԲՈՒԺՈՒՄՆ ԱՆ-ՎԸ-ՃԱՐ է

Մարտ 19,2010 00:00

Երեւանի գլխավոր մանկական վիրաբույժի խոսքերով, երեխան մեղավոր չէ, որ իր ծնողը աղքատ է կամ հարուստ: Բժիշկը հավաստիացնում է, որ իրենց մոտ բուժվող երեխաները, անկախ սոցիալական դիրքից, ստանում են բժշկական նույն մակարդակի վերաբերմունք:

Այսօր կերակրափողի բնածին արատներով նորածին երեխաների թիվը, նախորդ տարիների համեմատությամբ, ավելացել է: Եթե նախկինում տարեկան 7-8 նման դեպք էր արձանագրվում, ապա այսօր՝ 20-22: Թե ինչով է դա պայմանավորված, բժիշկները դժվարանում են ասել: Սակայն «Սուրբ Աստվածամայր» բժշկական կլինիկայի տնօրեն, Երեւանի գլխավոր մանկական վիրաբույժ Նիկոլայ Դալլաքյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ վիրահատության արդյունքում գրեթե բոլոր հիվանդներին լիարժեք մարդ են դարձնում. «Նախկինում այդ երեխաներն ապագա չունեին, 100% մահացած երեխաներ էին, իսկ այսօր մինչեւ 70% առողջացում ունենք: Սա կերակրափողի ատրեզիան է, այսինքն՝ նման արատն անհամատեղելի է կյանքի հետ»: Բժշկի ներկայացմամբ, թեեւ այս վիրահատությունը համարվում է ամենաբարդը, բայց դրանով գործը չի ավարտվում. վիրահատված հիվանդները երկար ժամանակ բժիշկների հսկողության տակ են լինում: «Կարելի է ասել՝ մենք ծնողների հետ միասին ենք մեծացնում այդ երեխաներին, որովեհետեւ հետեւում ենք, թե երեխայի աճն ու սննդի մարսողությունն ինչպես են ընթանում: Ամիսների եւ տարիների ընթացքում տարբեր զարգացումներ կարող են լինել: Փաստորեն, վիրահատության ժամանակ նորածնի համար ստեղծում ենք կերակրափող, որը պետք է երեխայի հետ համաչափ աճի եւ մեծանա: Այսինքն, այդ կերակրափողը, այսպես ասած, կաթից մինչեւ խորոված ու խաշ, պետք է ֆունկցիա ապահովի»,- ասաց կլինիկայի տնօրենը:

«Սուրբ Աստվածամայր» մեր այցելության ժամանակ կլինիկայում բուժում էր ստանում 4 ամսական Գառնիկը, որին 1 օրական հասակում նման վիրահատություն էին կատարել: Փոքրիկ Գառնիկն իրեն արդեն լավ էր զգում: Գառնիկին այցելության էր եկել նրա 3 տարեկան միանգամայն առողջ քույրիկը, որին նույն կլինիկայում նման վիրահատություն են կատարել: Ն. Դալլաքյանի խոսքերով՝ «Սա բացառիկ դեպք է: Քույրն այսօր լրիվ առողջ, նորմալ զարգացող երեխա է, բայց երբ 2-րդ երեխան այդպես ծնվեց, խոսում է այն մասին, որ ընտանիքում գենային խնդիր կա»:

Հայաստանի տարբեր մարզերից, նույնիսկ Ղարաբաղից ու Ջավախքից, բազմազան հիվանդություններով դիմում են այս մանկական հիվանդանոց, քանի որ հենց այս բուժհիմնարկում կա մանուկների եւ հատկապես նորածինների համար անհրաժեշտ մի շարք կարեւոր բուժտեխնիկա: Ըստ Ն. Դալլաքյանի՝ այդ ժամանակակից սարքավորումները կլինիկան ձեռք է բերել Համաշխարհային բանկի վարկային միջոցներով: ՀԲ-ի հաշվին վերանորոգվել ու կահավորվել են նաեւ բաժանմունքները: Ըստ բժշկի, մնացել է վերանորոգել թոքային վիրաբուժության եւ քիթ-կոկորդի բաժանմունքները, որոնք մինչեւ տարեվերջ նույնպես կհիմնանորգվեն եւ կկահավորվեն:

«Սուրբ Աստվածամայրում» են բուժվում նաեւ նեյրովիրաբուժական ծանր արատներով, պորտալարի, լյարդի պաթոլոգիաներով եւ աղիների բնածին արատներով երեխաներ: Վերջերս պարոն Դալլաքյանը մի նորածնի է վիրահատել, որի աղիները ամբողջ ներարգանդային կյանքի ընթացքում զարգացել են որովայնի խոռոչից դուրս, այսինքն, ինչպես բժիշկն է ասում, հղիության ընթացքում «աղիները լող են տվել պտղաջրերում». «Վիրահատության միջոցով նորածնի աղիները, փաստորեն, ներս մտցրինք»: Ծանր վիրահատություններից բացի, այս բուժհիմնարկ հիմնականում տեղափոխում են տրավմատոլոգիական, քիթ-կոկորդ-ականջ, դիմածնոտային եւ մի շարք այլ խնդիրներով երեխաներին: Ըստ բժշկի՝ հայերը սովորաբար թողնում են, մինչեւ հիվանդությունը ոսկորին է հասնում, նոր միայն դիմում են բժշկի. «Ձգձգում են, հետո ծայրահեղ վատ վիճակում երեխային բերում են: Ծնողին հարցնում եմ՝ ինչո՞ւ շուտ չես բերել, ասում է՝ փող չունեի, ասում եմ՝ բա հիմա ունե՞ս, ասում է՝ չէ: Ուրեմն պետք է հիվանդին շուտ բերել, որպեսզի ավելի լավ արդյունք ստանանք: Այս պահին մեզ մոտ 6 ամսական երկվորյակներ են պառկած, որոնք 2.5 կիլոգրամ են կշռում, ծանր թերսնուցում է իրենց մոտ, ամիսներով բուժում ենք: Ծնողները պետք է իմանան, որ մինչեւ 7 տարեկանների բուժսպասարկումը մեր երկրում պետպատվերով է, այսինքն՝ անվճար: Ոչ մի երեխա մեղավոր չէ, որ իր ծնողը աղքատ է կամ հարուստ: Մեզ մոտ բուժվող բոլոր երեխաները ստանում են բժշկական նույն մակարդակի վերաբերմունք՝ անկախ սոցիալական դիրքից: Իսկ որոշ մարդիկ, որ ասում են՝ հարուստին լավ են նայում կամ, այսպես ասած՝ ավելի յուղոտ նարկոզ են տալիս, դա ընդամենը թյուր կարծիք է ու հոգեբանական գնահատական»:

Երբ շրջում էինք կլինիկայում՝ մանկական բոլոր բաժանմունքները վերանորոգված էին վառ գույներով, իսկ միջանցքի պատերը գունազարդարված էին մանկական նկարներով: Ն. Դալլաքյանի պատմելով՝ երբ երեխաներին վերակենդանացման բաժնից տեղափոխում են ընդհանուր բաժանմունք, փոքրիկները տեսնելով պատերի գույնզգույն նկարները, ասում են՝ ես էլ եմ ուզում պատին նկարել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել