Լրահոս
Օրվա լրահոսը

«Շահող կտրոն»՝ միայն ՎՏԲ-ից

Մարտ 19,2010 00:00

«Շահելու դեպքում Դուք պետք է դիմեք մոտակա բանկ՝ վիճակահանության անցկացման օրվանից ոչ ուշ, քան մինչեւ տվյալ ամսվա վերջին աշխատանքային օրը, ներկայացնելով դիմում՝ կցելով վիճակահանության արդյունքում շահող թվեր պարունակող հսկիչ-դրամարկղային մեքենայի կտրոնի բնօրինակը, անձնագրի կամ անձը հաստատող փաստաթղթի պատճենը»: Հարկային տեսչության պաշտոնական կայքէջում այսպես են բացատրում «Շահող կտրոն» վիճակախաղի հավանական շահողներին, թե ինչպես նրանք կարող են ստանալ իրենց 5, 20, 50 կամ նույնիսկ 500 հազար դրամը, էլ չենք խոսում 5 միլիոնի մասին: Ինչպես նկատում եք՝ այս հայտարարության մեջ կոնկրետ բանկի անուն չկա, գրված է միայն «մոտակա բանկ»: Սակայն մեր ընթերցողներից պարբերաբար դժգոհություններ ենք ստանում, թե բոլոր բանկերը չէ, որ տալիս են ՀԴՄ-ի «հաջողակ» կտրոնով շահած գումարը:

Վստահ լինելու համար կարճ շրջայց կատարեցի մի քանի բանկերի երեւանյան մասնաճյուղերում: «Ամերիա», «ԲՏԱ-ինվեստ», «Արարատ», «Կոնվերս», «Կասկադ», «Արդշինինվեստ», «Ագբա-կրեդիտ ագրիկոլ» բանկերի, «Յունիբանկի» աշխատակիցները ժպիտով ժխտական պատասխան էին տալիս հարցիս՝ «Ձեզ մոտ «Շահող կտրոնի» շահումը վճարո՞ւմ են»: Ինչպես եւ սպասվում էր՝ ինձ հանդիպած միակ բանկը, որը հանձն առավ վճարել շահած կտրոնի համար՝ «ՎՏԲ-Հայաստանն» էր՝ «Հայխնայբանկի» իրավահաջորդը: Գուցե ճիշտ կլինի, եթե հարկային տեսչության պաշտոնական կայքէջում ուղղում մտցնեն՝ պոտենցիալ շահողներին «փողոցները չգցելու» համար, եւ նշեն, որ շահելու դեպքում հարկավոր է դիմել «ՎՏԲ-Հայաստանի» մոտակա մասնաճյուղ:

Հ. Գ. Երբ նյութը պատրաստ էր տպագրության, ստացանք կառավարության երեկվա նիստի հաղորդագրությունը, որում մասնավորապես նշված էր, որ կառավարությունը պահուստային ֆոնդից 270 մլն դրամ կհատկացվի ՊԵԿ-ին, որպեսզի վերջինս մարի առեւտրային բանկերին ունեցած պարտքերը, որոնք ձեւավորվել էին 2009թ. ՀԴՄ կտրոնների խաղարկության եւ դրանցով բոնուսների տրամադրման գործընթացի արդյունքում: Վարչապետը նշել է, որ այս որոշումն ուշացած է ընդունվում եւ բանկերի դժգոհությունները, թե կառավարությունը չի կատարում պարտավորությունները, տեղին են: Այնպես որ՝ ակնհայտ է, թե ինչու էին բանկերը հրաժարվում կատարել պետեկամուտների կոմիտեի «հրահանգը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել