Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԽՈԶԵՐՆ ԱՆԳԱՄ ՎԱԽԵՆՈՒՄ ԵՆ ԳՈՄ ՄՏՆԵԼ

Մարտ 19,2010 00:00

Քամիներն ավերել են Շիրակի մարզի գյուղերը

\"\"Ինչպես հայտնի է՝ մարտի 16-ի գիշերը ժամը 00.00-01.00-ի սահմաններում բարձրացած անձրեւախառն փոթորիկն ավերել էր Շիրակի մարզի Առափի, Շիրակավան, Հառիճ, Նոր կյանք, Գուսանագյուղ, Սարակապ, Մեղրաշեն, Հովտաշեն, Արեւիկ, Ջրառատ եւ մի շարք այլ գյուղական բնակավայրերը: Եվ եթե Հառիճն ու Սարակապը «էժան» էին պրծել՝ քամին թռցրել էր դպրոցի կտուրները, ապա Առափիում կամուրջն էր մասնակիորեն փլուզվել, ավերվել էին գյուղացիների հողատարածքները, իսկ Շիրակավանում կտուր ու մրգատու ծառ չէր մնացել: Քամին այնքան ուժեղ էր եղել, որ գետնին էր գցել նաեւ բարձրավոլտ էլեկտրասյուները՝ գյուղերը զրկելով \"\"էլեկտրամատակարարումից: Շիրակավանում նույնիսկ մի տնակ էր գլխիվայր շուռ եկել, որն օգտագործվել է որպես ձիարան. տանտիրոջ պատմելով, ձին մի կերպ էր փախել ու փրկվել: Մեր՝ Շիրակավանում եղած պահին գրեթե բոլոր ընտանիքները զբաղված էին կտուրները վերանորոգելով: Գյուղացիների պատմելով, քամին այնպիսի ոռնոց է հանել, որ իրենց թվացել է, թե վերեւից ինքնաթիռ ընկավ ու մարդիկ մեռան: Դուրս գալուն պես տեսել են, որ ոչ կտուր է մնացել, ոչ էլ պատուհան, քամին նույնիսկ գազի խողովակներն էր ծռել ու վայր գցել: Մարդիկ մոլորվել են, թե ինչպես պետք է գլուխ հանեն աղետից. այն գրեթե յուրաքանչյուր ընտանիքի 7000 դոլարի վնաս է պատճառել: Ի դեպ, մեր զրուցակիցները վստահ էին, որ կառավարությունն այս հարցում մատը մատին չի խփելու, ամեն ինչ իրենց ուսերին է թողնելու: Մեր զրուցակիցները, դժգոհելով, որ կառավարությունը բնական աղետներին պատրաստ չէ, տարբեր առաջարկներ արեցին: Օրինակ, նրանցից մեկը՝ Անահիտ Գալոյանը խնդրում էր վերադարձնել իր ավանդը: «Մեզ իրենց օգնությունը պետք չէ, ոչ կերել ենք, ոչ խմել, ոչ հագել, բանկերն եմ գցել, թող մեր բանկի փողերը մեզ վերադարձնեն, շնորհակալ կլինենք, մեր ուժերով մեր տունը կվերականգնենք, կամ էլ թող երկարատեւ վարկեր ձեւակերպեն: Հնարավո՞ր է էս անձրեւային եղանակին առանց կտուրի ապրել, ընդ որում՝ երկրորդ կարգի հաշմանդամ երեխա կա տանը»: Մեր այն հարցին, թե ինչո՞ւ գյուղնախարարի խորհրդին չեն հետեւում ու իրենց գույքը չեն ապահովագրում, մեր զրուցակիցը անչափ զայրացավ. «Բարի լինեն ավանդները վերադարձնեն, թե՞ հիմա էլ գումար շորթելու այլ ձեւ են մշակել, ի՞նչ վստահություն ունենամ, որ ապահովագրական \"\"ընկերությունները «քցում» անելով չեն զբաղվի: Աչքիս տեսածն եմ խոսում, ավանդները չվերադարձնելն ի՞նչ է, եթե ոչ «քցելու» տեսակ: Ես վեց երեխաների մայր եմ, չեմ ուզում էդ ապահովագրական ընկերություններից օգտվել, որովհետեւ էսօր էս ընկերն է՝ էդ օրենքը գործում է, վաղը մյուս օրն էլ նրա հորեղբոր տղեն կլինի, օրենքը կվերանա: Ես կառավարությանը չեմ վստահում, եթե կառավարություն կա, ուրեմն թող օգնեն, սա երկրաշարժի մի տեսակ է»: Վերջիններս մտահոգված էին, որ շուտով Շիրակավանը նաեւ կջրազրկվի. գյուղին մատակարարվող ջուրը էլեկտրական պոմպով է, եւ քանի որ երեք օր է՝ չեն կարողանում վերականգնել էլեկտրաէներգիան, հետեւաբար եւ նրանք կզրկվեն խմելու ջրից: Շիրակավանցիների ասելով, Շիրակի մարզի քարտեզում իրենց գյուղը չկա, նույնսիկ մարզպետարանում այս վայրը միայն ընտրությունից ընտրություն են հիշում: Գյուղացիներից մեկն էլ կառավարությանն առաջարկում էր զիջել իրենց հարկերը, օրինակ՝ հողահարկը, այդ դեպքում նոր կհամոզվեն, որ կառավարությունը մտահոգված է ժողովրդի հոգսերով: Շիրակավանցիների ասելով, երեք օր է՝ խոզերը վախից բույն չեն մտնում. քամին ավերել է նաեւ գոմերը: «Եթե խոզն է վախենում, բա ժողովուրդն ինչքան կվախենա: Գոնե ձեւի համար մի հատ գային, տեսնեին, թե ինչ է եղել: Կաբինետներում նստած աղետից են խոսում: Դրա համար էլ աղետյալի մատից փուշ չեն հանում»,- դժգոհում էին շիրակավանցիները: Նույն անմխիթար վիճակն էր նաեւ հարեւան Գուսանագյուղում: Այստեղ էլ մոլորվել էին, թե շուտով կսկսվի գարնանային վարուցանքը, ինչպես հասցնեն՝ տանը կտո՞ւր գնեն, թե՞ սերմ: Նրանց ասելով, «շիֆերները» շուկայում արդեն թանկացրել են՝ 1 հատը դարձնելով 5000 դրամ ու արհեստական դեֆիցիտ ստեղծելով: Գյուղացիները զարմացած են, որ չնայած աղետին՝ պատասխանատուներից ոչ մեկը գյուղ ոտք չի դրել, ոչ արտակարգ իրավիճակների վարչությունից, ոչ Շիրակի մարզպետարանից: Չնայած այս փաստին, Շիրակի մարզպետարանի տարածքային վարչությունում այսօր սկսել էին վնասների հաշվարկ անել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել