Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մարքսիստ միավորիչը

Մարտ 19,2010 00:00

Հիմա էլ Դավիթ Հակոբյանն է որոշել միավորել ձախ քաղաքական դաշտը

\"\"Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանն առաջիկա արտահերթ կամ հերթական խորհրդարանական ընտրություններին ընդառաջ որոշել է համախմբել սոցիալիստական գաղափարախոսությամբ արտախորհրդարանական ուժերին: Երեկ «Առավոտի» հետ զրույցում նա հաստատեց մեր այդ տեղեկությունը եւ մանրամասնեց նպատակները. «21-րդ դարում պառլամենտարիզմի բոլոր ինստիտուտներում լիբերալ-բուրժուական ֆրակցիաներին իբրեւ հակակշիռ կա սոցիալիստական ֆրակցիա: Առաջինները պաշտպանում են կապիտալի շահերը, իսկ սոցիալիստական թեւը պաշտպանում է աշխատուժի շահերը»: Իբրեւ իր առաջարկի անհրաժեշտության օրինակ՝ մարքսիստը մատնանշում է մեր երկրում վերջին թանկացումների ալիքը, որոնց հիմքում էր կապիտալի շահի պաշտպանությունը: «Սոցիալիստական» ասելով նա բնավ էլ նկատի չունի սովետական սոցիալիզմի վերադարձը, այլ մարդկության վերջին 300 տարվա պատմության ընթացքում ձեւավորված համակարգը, որի առանցքն է պետության կարգավորիչ դերը, տզրուկային քաղաքականության դեմ պայքարը եւ սկզբունքորեն նոր շուկայի ձեւավորումը՝ սեփականության երեք ձեւերի ներդաշնակ համագործակցությամբ: Սոցիալիստական պառլամենտական ֆրակցիային զուգահեռ, ըստ մեր զրուցակցի, պետք է գործի նաեւ, այսպես կոչված, սոցիալիստական արտախորհրդարանական ընդդիմություն՝ ի հակակշիռ լիբերալ ընդդիմությանը: «Կոմունիստական քնած առյուծի վերակենդանացում հայ հասարակության մեջ այսօր մենք չենք տեսնում. նրանք ընդհանրապես դերակատարում չունեն, այն պարագայում, երբ ՌԴ-ում կոմկուսը պառլամենտական երկրորդ կուսակցությունն է: Այս մասին իմ կոմունիստ ընկերները թող լավ փիքր անեն. այս դաշինքում կոմկուսը մեծ առաքելություն ունի: Քաղաքական ամբիցիոզության, եսապաշտության ժամանակը չէ, ազգային շահը պահանջում է համալրել սոցիալիստական բլոկի վակուումը»,- հայտարարեց մեր զրուցակիցը:

Հարցին՝ կա՞ն, արդյոք, քաղաքական խորհրդակցություններ այդ գաղափարախոսությամբ ուժերի հետ, մարքսիստը պատասխանեց. «Այսօրվա մեր սոցիալիստական ծիծեռնակի լիդերի առաքելությունը կայանում է նրանում, որ ահազանգում ենք բոլոր սոցիալիստամետ ուժերին՝ սկսած կոմունիստներից, վերջացրած ժողովրդավարական բոլոր կուսակցություններով, միավորվել մեկ դաշինքի մեջ: Մեր խնդիրն է ցույց տալ այդ քաղաքական դաշտի վակուումը լրացնելու անհրաժեշտությունը, իսկ սուբյեկտներին խորհելու տեղիք ենք տալիս քաղաքական կոնսուլտացիաներ սկսելու վերաբերյալ, մանավանդ, որ Հայաստանում իշխանության քաղաքական ճգնաժամը կարող է հասցնել իշխանության փլուզման: Վաղն արդեն ուշացած կլինի այդ դաշինքի ստեղծման արարողակարգը»: Դաշինքն, ըստ «ծիծեռնակի», պետք է ղեկավարվի համանախագահության սկզբունքով, իսկ «գաղափարախոսական վարդապետներ կգտնվեն»: Իր այս քայլը մարքսիստը չի համարում «պրոպագանդայի միջոց», քանզի գտնում է, որ ոչ ինքը, ոչ էլ մարքսիզմն այսօր նման օրախնդիր հարց չունեն:

Մարքսիստի առաջարկների առիթով «Առավոտի» հետ զրույցում մեկ այլ միավորիչ՝ նորացված-միավորված կոմկուսի առաջին քարտուղար Յուրա Մանուկյանը հիշեցրեց, որ դեռ յոթ տարի առաջ իրենք համանման առաջարկով դիմել էին բոլոր սոցիալիստամետ ուժերին, այդ թվում նաեւ մարքսիստին. «Մի քանի անգամ խորհրդակցություններ եղան, բայց հետո նա այնպիսի մի պայման դրեց մեր առջեւ, որ անհնար էր իրականացնել: Այդ ամենը նա վերածեց ֆինանսական ռեսուրսների: Եվ այն ժամանակ, եւ հիմա նրա պահանջած միջոցները չէինք կարող տալ, եթե այսօր էլ նա նպատակ է հետապնդում քաղաքական միավորների հաշվին իր ֆինանսական խնդիրները լուծել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել