Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԽՈՐՀՐԴԱԿՑԵՆ

Մարտ 19,2010 00:00

ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը եւս հաստատեց այն տեղեկությունը, որը նախապես «Առավոտին» հայտնել էր պատվիրակությունում ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, թե ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովը մարտի 17-ին քննարկման նյութ չի դարձրել ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» ներկայացրած ժամանակացույցերը: Մեր խնդրանքով անդրադառնալով այս փաստին՝ «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանն ասաց. «Մենք ափսոսանքով տեղեկացանք «Ժառանգության» գրավոր առաջարկները ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի կողմից չքննարկելու վերաբերյալ տեղեկությանը: Մենք դեռ տեղյակ չենք դրա պատճառների մասին, այնպես որ՝ առայժմ զերծ կմնանք գնահատականներից: Ամեն դեպքում, դրական ենք համարում այն, որ Մոնիտորինգի հանձնաժողովի անդամ Արմեն Ռուստամյանի կողմից բարձրաձայնվել են հրատապ լուծում պահանջող որոշ խնդիրներ, որոնք այս կամ այն չափով համահունչ են «Ժառանգության» մոտեցումներին: Կարծում եմ, որ ճիշտ կլինի, եթե մինչեւ ԵԽԽՎ ապրիլյան նստաշրջանը հայաստանյան ընդդիմադիր հիմնական ուժերը խորհրդակցություններ անցկացնեն՝ փորձելով գոնե ինչ-որ հարցերում միասնական տեսակետի գալ: Մենք նաեւ կարծում ենք, որ այս հարցով քաղաքական խորհրդակցությունները խորհրդարանական ուժերի հետ, որի մտադրության մասին բարձրաձայնել է ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, ճիշտ կլինի իրականացնել մինչեւ Վենետիկի հանձնաժողովին համալիր բարեփոխումների Հայաստանի իշխանությունների նախագծի ներկայացումը: Այսինքն՝ իշխող կոալիցիան ոչ թե հերթական անգամ փաստի առաջ կկանգնեցնի հասարակությանն ու ընդդիմությանը, այլ փորձ կարվի գոնե քննարկել այն մինչեւ վերջնական ձեւավորումը»:

Հ. Գ. Ի դեպ, նշենք, որ թեեւ «Ժառանգության» ու ՀԱԿ-ի ժամանակացույցերում առաջարկվում էին ընդամենը փոփոխություններ «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքում, Դավիթ Հարությունյանն առաջարկել է ավելի արմատական լուծում՝ նոր օրենք, որը պիտի մշակվի մոտակա շրջանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել