Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՎԵՆԵՏԻԿԻ ՀԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ՝ ՓԱԹԵԹԱՎՈՐՎԱԾ

Մարտ 19,2010 00:00

78 կողմ, 9 դեմ եւ 12 ձեռնպահ ձայներով երեկ 1-ին ընթերցմամբ ընդունվեց ՀՀ Քաղաքացիական, Քրեական եւ Քրեական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը, որով զրպարտության եւ վիրավորանքի համար անձից գումար կգանձվի:

Երեկ խորհրդարանում մի զավեշտալի դեպք պատահեց: ՀՀ Քաղաքացիական, Քրեական եւ Քրեական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քվեարկությունից առաջ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանն ընդմիջում խնդրեց՝ օրինագծի հեղինակներից պահանջելով ներկայացնել Վենետիկի հանձնաժողովի վերջին եզրակացությունն այն օրինագծի մասին, որով ապաքրեականացվելու են զրպարտության եւ վիրավորանքի հոդվածները Քաղաքացիական, Քրեական եւ Քրեական դատավարության օրենսգրքերում: 20 րոպե անց օրինագծի հեղինակներից ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը կարմիր ժապավենով կապված մի փաթեթ ձեռքին հանդիսավոր քայլերով մոտեցավ ընդդիմադիր իր գործընկերոջը եւ ինքնագոհ ժպիտով Ս. Սաֆարյանին հանձնեց այդ «բոմբոներկան». «Ես անձամբ բոլորի ներկայությամբ հանձնում եմ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը պարոն Սաֆարյանին»: ԱԺ նախագահն էլ, թե՝ «համերաշխ աշխատելը, իմ կարծիքով, արդյունավետ կլինի»: Դահլիճը ծփում էր ուրախությունից: Սակայն, ինչպես պարզվեց, կոալիցիան փորձել էր «համերաշխ աշխատել»՝ խաբելով: Որոշ ժամանակ անց պարոն Սաֆարյանը հայտարարեց, որ այն, ինչ իրեն այդպես հանդիսավոր հանձնեցին, ամենեւին էլ իր ուզածը չէր՝ հին տարբերակն էր: Սակայն քվեարկությունն արդեն ավարտվել էր, եւ օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ, ինչպես եւ սպասվում էր: Այս ամբողջ թատրոնից հետո «Առավոտը», «Ազատություն» ռադիոկայանը եւ Հանրային ռադիոն խնդրեցին պարոն Սաֆարյանին բացատրել, թե այդ ինչ այդքան հանդիսավոր հանձնեց Հովհաննես Մարգարյանը:

Ըստ Ստեփան Սաֆարյանի՝ «Ինձ պաշտոնապես հանձնվել է ամենահին տեսակետն այլեւս գոյություն չունեցող նախագծի մասին»: Երբ նկատեցինք, որ Վենետիկից միայն այդ կարծիքը կա, պարոն Սաֆարյանն ասաց, որ կա է՛լ ավելի հին կարծիք. «Այսօր «Ժառանգություն» խմբակցությանը այդպես հանդիսավոր հանձնվեց Վենետիկի հանձնաժողովի 2009 թ. հոկտեմբերի 9-10-ի կարծիքը: Սա կարծիք է այլեւս գոյություն չունեցող օրինագծի վերաբերյալ, եւ իրենք՝ օրինագծի հեղինակները, նշեցին, որ Վենետիկի այս կարծիքից հետո օրինագիծը լրջորեն բարեփոխվել է: Բայց մենք ընդմիջման 20 րոպեների ընթացքում ուղղակիորեն Վենետիկի հանձնաժողովի կայքէջից հայթայթեցինք հանձնաժողովի այն եզրակացությունը, որը վերաբերում է օրինագծի փոփոխված տարբերակին: Կարծիքը կազմվել է 2009 թ. դեկտեմբերի 11-12-ին, պարունակում է 18 նոր դիտարկում օրինագծի վերաբերյալ, եւ եզրակացությունն այն է, որ Վենետիկի հանձնաժողովը թեպետ գնահատում է, որ ապաքրեականացման առումով լուրջ առաջընթաց կա, բայց միեւնույն է՝ նախագիծը կարիք ունի բարելավումների, ինչպես դրանք հիշատակված են 18 կետերի ներքո, եւ դրանք գտնվում են հայկական իշխանությունների տրամադրության տակ՝ հետագա աշխատանքի համար: Բայց այսօր պարոն Մարգարյանը հայտարարեց, որ այս բարեփոխված տարբերակի վերաբերյալ չկա Վենետիկի հանձնաժողովի կարծիքը: Կարծում եմ, այսօրվա կատարվածն աճպարարություն է, որի նպատակն էր անընդհատ Վենետիկի հանձնաժողովի տեսակետը մատնանշելով՝ օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունել տալ իշխանություններին հաճո տեսքով: Իսկ օրինագծի նպատակն է ցանկացած պահի պատժել ոչ միայն ազատ խոսք ասող լրագրողին, այլեւ յուրաքանչյուրի, ով կհամարձակվի հրապարակային արտահայտությամբ, ինչպես սահմանված է օրինագծում՝ նշանների, ձայնային եւ այլ պատկերների միջոցով վիրավորանք կամ զրպարտություն հասցնել այլ անձի: Ասեմ, որ մեծագույն վտանգներից է այն, որ դրա մեջ մտնում են նաեւ գնահատող դատողությունները: Այսինքն՝ մարդը կարող է դատողություններ անել եւ դրանց հիման վրա արտահայտել կարծիք մեկ այլ անձի մասին եւ դրա համար պատժվել ֆինանսապես, եթե դատարանը ցանկանա պատժաչափ կիրառել»: Օրինագծի քննարկման ժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավարը հայտարարել էր, թե այս փոփոխություններն առաջին հերթին վերաբերում են իշխանությանը՝ «մենք մեզ ենք դրանով զսպում» ասել էր Գալուստ Սահակյանը: Ուզեցինք իմանալ՝ հավատո՞ւմ է իր գործընկերոջ անկեղծությանը Ստեփան Սաֆարյանը: Ի պատասխան՝ մեր զրուցակիցն ասաց. «Մասամբ ընդունում եմ գնահատականն այն իմաստով, որ առավելապես զրպարտում եւ հայհոյախոսում են իշխանությունները, որին ընդդիմության կողմից պատասխան, իհարկե, հնչում է: Գուցե իշխանությունը նույնպես գտնվի այս օրենքի տեսական ազդեցության տակ, բայց պրակտիկան այն է, որ օրենքը այս դեպքում կարող է շրջանցվել»:

Ավելի ուշ զրուցեցինք ՀՀԿ խմբակցության անդամ Կորյուն Նահապետյանի հետ, ով Վենետիկի հանձնաժողովի եզրակացության մասին հարցերին պատասխանելով՝ ասաց, որ Վենետիկի հանձնաժողովի եզրակացության մեջ չէր կարող դիտողություն չլինել, բայց. «Եթե ուսումնասիրեք հանձնաժողովի հետեւությունը, ապա պարզ կլինի, որ նրանում բավականին լուրջ առաջընթաց է արձանագրվել լրամշակված տարբերակի վերաբերյալ, թեեւ նաեւ որոշակի դիտողություններ եւ առաջարկություններ կան, որոնք անպայման հաշվի կառնվեն: Մենք արդեն ունենք որոշում՝ օրինագիծն առաջին ընթերցումից հետո նորից ուղարկել Վենետիկի հանձնաժողով»: Պարոն Նահապետյանի կարծիքով՝ միջազգային փորձագետները երբեք մեր օրենսդրությունը մեզանից լավ չեն կարող իմանալ. «Իրենք շատ դեպքերում անում են որոշակի առաջարկություններ՝ առանց պատկերացնելու, թե Հայաստանի օրենսդրությունն ինչպիսինն է, եւ այդ առումով իրենք էլ են մեզ զգուշացնում, ասելով՝ մեր դիտարկումների նկատմամբ դուք զգուշավոր եղեք, որովհետեւ դուք ավելի լավ գիտեք ձեր օրենսդրությունը, քան մենք: Իրենք նայում են միջազգային իրավունքի տեսանկյունից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել