ԵԽԽՎ-ում Հայ ազգային կոնգրեսի ոչ պաշտոնական ներկայացուցիչ Արման Գրիգորյանն ասում է, որ ՀԱԿ-ի եւ ԵԽ-ի համագործակցությունը շարունակվելու է:
Մարտի 17-ին Փարիզում տեղի ունեցած ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի նիստում քննարկվել է ՀՀ իշխանությունների կողմից «Մարտի 1-2»-ի իրադարձություններն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի զեկույցում ՀՀ իշխանություններին ներկայացրած եւ անհրաժեշտ բարեփոխումների իրականացման ժամանակացույցը: Հիշեցնենք, ՀՀ իշխանություններին այդպիսի ժամանակացույց ներկայացնելու պահանջով դիմել էին ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողներ Ժորժ Կոլոմբիեն եւ Ջոն Պրեսկոտը՝ դեռ փետրվարի 2-ին տարածած իրենց հայտարարությունում:
Մոնիտորինգի հանձնաժողովի նիստի նախօրեին Հայ ազգային կոնգրեսը Հայաստանում ԵԽ ներկայացուցչությանն էր հանձնել երկրում 2008թ. հետընտրական իրադարձությունների արդյունքում ստեղծված քաղաքական ճգնաժամը հաղթահարելուն ուղղված անհրաժեշտ բարեփոխումների իր ծրագիրն ու դրա իրականացման ժամանակացույցը: Կոնգրեսի առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն անձամբ էր նամակով դիմել ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին՝ հույս հայտնելով, որ վերջինս կօգտագործի իր գլխավորած կազմակերպության «ինստիտուցիոնալ կարողությունները», ինչպես նաեւ իր անձնական ազդեցությունը, «որպեսզի դրանք դառնան մարտի 17-ի Մոնիտորինգի կոմիտեի նստաշրջանի քննարկման մի մասը»: Այդուհանդերձ, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ, ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, որ մասնակցել էր Մոնիտորինգի հանձնաժողովի նիստին, «Առավոտին» հավաստիացրել էր, թե՝ հանձնաժողովը նիստի ժամանակ չի անդրադարձել ո՛չ ՀԱԿ-ի եւ ո՛չ էլ «Ժառանգության» կողմից ներկայացված ժամանակացույցերին:
«Առավոտը» երեկ զրուցեց ԵԽԽՎ-ում Հայ ազգային կոնգրեսի ոչ պաշտոնական ներկայացուցիչ Արման Գրիգորյանի հետ՝ փորձելով ճշտել, թե՝ իր կարծիքով, ինչո՞ւ ՀԱԿ-ի առաջարկները Մոնիտորինգի հանձնաժողովում քննարկման առարկա չեն դարձել: «ՀԱԿ-ի, ինչպես նաեւ «Ժառանգության» ներկայացրած առաջարկների մասին նիստի ժամանակ խոսվել է: Հայտարարվել է, որ Կոնգրեսը նման փաստաթուղթ է ներկայացրել, չնայած որ այդ առաջարկները մանրակրկիտ քննարկման առարկա չեն դարձել: Այդ հիշատակման հետ միաժամանակ ասվել է նաեւ, որ ՀԱԿ-ի առաջարկները հետագայում կարող են ավելի մանրամասն քննարկման առարկա դառնալ, այդ թվում՝ երբ համազեկուցողները Հայաստան այցելեն: Փոխարենը՝ Ժորժ Կոլոմբիեն կարծիք է հայտնել, որ մոտ ապագայում ավելի ընդգրկուն լսումներ պետք է կազմակերպել, որոնց պետք է մասնակցի ընդդիմությունը, այսինքն՝ ՀԱԿ-ի ներկայացուցիչները: Դա, իմ կարծիքով, շատ ողջունելի առաջարկություն է, եւ մենք անպայման այդ լսումներին կմասնակցենք»,- հայտարարեց ԵԽԽՎ-ում ՀԱԿ-ի ոչ պաշտոնական ներկայացուցիչը:
Փետրվարի 2-ին պաշտոնապես հրապարակված իրենց հայտարարությունում համազեկուցողները մտադրություն էին հայտնել Մոնիտորինգի մարտի 17-ի նիստում անդրադառնալ Նիկոլ Փաշինյանի ազատազրկման հարցին, նաեւ այլ գործերի, որոնց վերաբերյալ եւս համազեկուցողները պարզաբանումներ էին խնդրել ՀՀ իշխանություններից: Այդուհանդերձ, հանձնաժողովում, ինչպես հայտարարել էր Արմեն Ռուստամյանը, Փաշինյանի գործին անդրադարձ եւս չի եղել: Ա. Գրիգորյանը մեր հարցադրմանն ի պատասխան ասաց, որ թեեւ Փաշինյանի գործին առանձին անդրադարձ չի եղել, բայց քաղբանտարկյալների խնդիրների մասին խոսվել եւ դրան անդրադարձ է եղել ընդհանուր գծերով: «Մոնիտորինգի նիստում այդ համատեքստում նաեւ հղում է կատարվել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի վերջերս հրապարակած զեկույցին, որտեղ հարցականի տակ էր դրվել այն դատական գործերի օրինականությունը, որոնց հետեւանքով Նիկոլն ու մեր մյուս ընկերները զրկվել են ազատությունից»,- ասաց Ա. Գրիգորյանը:
Որքան հասկացանք պարոն Գրիգորյանի հետ զրույցից, ընդդիմությունը՝ ի դեմս ՀԱԿ-ի, գոնե այս պահին համազեկուցողներին «քլնգելու» մտադրություն չունի եւ, թերեւս, առայժմ բավարարված է. «ԵԽ-ի հետ մենք շարունակելու ենք աշխատել: Ինչպես անցյալում եղել են, ապագայում էլ կլինեն հիասթափության պահեր, դժգոհություններ ու չարդարացված սպասելիքներ, բայց չի կարելի չնկատել նաեւ այն, որ այդ կառույցի հետ տարվող աշխատանքը որոշ դեպքերում նաեւ արդյունավետ է եղել: Այնպես որ, մեր համագործակցությունը ԵԽ-ի հետ անպայման կշարունակվի: Ինչ վերաբերում է ապրիլյան նստաշրջանին, որը տեղի կունենա ապրիլի 26-30-ը, ապա այնտեղ Հայաստանի հարցը քննարկման առարկա չի լինի: Ըստ իս, նման քննարկումն ավելի հավանական է ԵԽԽՎ մայիսին տեղի ունենալիք Մոնիտորինգի հանձնաժողովի նիստում, որովհետեւ դեռ որոշ ժամանակ պահանջվելու է, որպեսզի համազեկուցողներն այցելեն Հայաստան եւ այդ այցի արդյունքների հիման վրա համապատասխան զեկույց պատրաստեն»: