Լրահոս
Օրվա լրահոսը

«ՉԵՄ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԹԱՅՖԱ-ԹԱՅՖԱ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ»

Մարտ 18,2010 00:00

Դերասան, երգիչ Էրվին Ամիրյանը այժմ Մոսկվայում է

\"\"

«Ինձ ոչ ոք չի հեռացրել թատրոնից»,- ասում է երգիչ, դերասան Էրվին Ամիրյանն ու հավելում, որ թատրոնից հեռացել է սեփական դիմումի համաձայն: Դերասանի թատրոնից գնալուց հետո շշուկներ տարածվեցին, թե իբր նա կոնֆլիկտ է ունեցել Ռուսական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանի հետ, ինչը մեզ հետ զրույցում հերքեց Էրվինը. «Ոչ մի կոնֆլիկտ էլ չի եղել: Մոսկվայից երկու ամսով ակումբում աշխատելու առաջարկ ստացա, համաձայնեցի: Իսկ թատրոնից հեռացա՝ նորից վերադառնալու նպատակով»: 
Իսկ թե ինչպես Էրվինը հայտնվեց ռուսական թատրոնում՝ նա պատասխանեց. «Ռուսական թատրոնում հայտնվեցի բանակից հետո, մինչ այդ աշխատում էի Երեւանի կամերային երաժշտական թատրոնում: Ասեմ, որ մասնագիտությամբ երաժշտական թատրոնի դերասան եմ: Իսկ ռուսական թատրոն ինձ բերեցին Ալեքսանդր Գրիգորյանի բեմադրած ներկայացումները: Ես միշտ տպավորված էի հեռանում նրա բեմադրած ներկայացումներից ու միշտ ցանկություն ունեի աշխատել իր գործում գիտակ ու փորձառու մարդու հետ»:
Հարցրի՝ այդուհանդերձ, թատրոնին զուգահեռ երգի ասպարեզում հաջողություններ ունեցած երգիչ Էրվինը բավական հմուտ քայլերով ցանկություն ուներ կայանալ հայկական շոու-բիզնեսում, ինչո՞ւ հրաժարվեց երգչի կարիերայից: «Ոչ մի դեպքում երգին հրաժեշտ չեմ տվել: Ավելին, Մոսկվայում աշխատում եմ իմ նոր երգերի վրա եւ արդեն երկու զուգերգ եմ ձայնագրել, իսկ թե ո՞ւմ հետ՝ դեռ չեմ ասի, թող անակնկալ լինի»,- ասում է Էրվինը:
Ի դեպ, ավելացնենք, որ երգարվեստում Էրվինի համար կարեւոր դեր է ունեցել քրոջ՝ Դիանա Ամիրյանի ազդեցությունը, որը օպերային երգչուհի է եւ այժմ գտնվում է Գերմանիայում, շարունակում մնալ իր գործի նվիրյալը:
Նշենք, որ փոքր տարիքում Էրվինը զբաղվել է բռնցքամարտով, իսկ թատրոնի ու երգի մասին նույնիսկ չի էլ մտածել:
Կրկին դառնալով թատրոնին՝ հետաքրքրվեցի, թե նրան արդյո՞ք հեշտ էին տրվում դերերը եւ չունե՞ր լեզվական խնդիրներ: «Մեր ժամանակներում «հեշտ» բառը ակտուալ չէ: Լեզվի բարիեր ունեցել եմ: Թեեւ կրթությունս ռուսական է: Սկզբնական շրջանում բեմում շատ էի մտածում բառը ճիշտ առոգանությամբ արտասանելու մասին, որը ինձ շատ էր խանգարում»,- ասում է Էրվինը:
Անդրադառնալով սերիալներին՝ հարցրի նաեւ, թե գոհացնո՞ւմ են նրան հայկական արտադրության սերիալները եւ այն փողոցից հայտնված դիլետանտները, որոնք հեռուստադիտողին փորձում են ճաշակ թելադրել (Էրվինը նկարահանվել է «Դժբախտ երջանկություն» հեռուստանովելում եւ «Արջաորս» սերիալում): «Անկեղծ ասած, չեմ ընդունում թայֆա-թայֆա հասկացությունը եւ որոշ ալիքների կամ ռեժիսորների վարած «քաղաքականությունը»: Այն ինձ օտար է: Միշտ ծիծաղել եմ մի խումբ մարդկանց վրա, որոնք մեկը մյուսին աստղ կոչելով՝ փորձում են ազդել հեռուստադիտողի կամ հանդիսատեսի ճաշակի վրա»,- ասում է Էրվինը ու ավելացնում, որ հայկական արտադրության սերիալներում իրեն չէր գոհացնում ժամանակի սղությունը, ինչը, ըստ նրա, բերում էր տեքստի լիարժեք չիմանալուն:
Իսկ դիլետանտների մասին էլ Էրվինը այսպես արտահայտվեց. «Հիմար աչքերը էկրանից ավելի արտահայտիչ են դառնում…»:
Իսկ այն հարցին, թե ինչո՞ւ երեւանյան ակումբներում երգիչ Էրվինը նույնիսկ չփորձեց երգել՝ նա պատասխանեց. «Երգել եմ ընդամենը մի քանի անգամ, այն էլ ակումբների բացման ժամանակ: Այժմ ունեմ գեղեցիկ երգերի ընտրանի եւ վերադառնալով Հայաստան՝ չի բացառվում, որ կաշխատեմ ակումբներից մեկում»:
Զրույցի վերջում հարցրի, թե ինչպիսի՞ հարսնացու է հարկավոր Էրվինին՝ երջանիկ լինելու համար: «Իսկապես ամուսնանալու մտադրություն ունեմ: Եվ ինձ դուր են գալիս հետաքրքիր աղջիկները…»,- ասում է անպատասխան սիրո մասին երգեր երգող երգիչ- դերասանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել