Լրահոս
Օրվա լրահոսը

Շնչառական վարժությունների իմաստը

Մարտ 18,2010 00:00

Ըստ հնդկական փիլիսոփայության՝ յուրաքանչյուր մարդու տրվում է շնչելու որոշակի քանակ

Մեր ամբողջ կյանքը շունչ է: Տարբեր զգացմունքներ ապրելիս՝ հուզմունքի ու երջանկության պահերին, ֆիզիկական գործողություններ կատարելիս, շնչառության ռիթմը փոփոխվում է:
Հայտնի է, որ շնչառական տեխնիկան մեծ տեղ ունի հատկապես յոգա ուսմունքում, որի շնչառական վարժությունների շնորհիվ մարդն առողջանում է, լիցքաթափվում եւ բացվում են հոգեկան խցանումները: Արդյունքում մարդը սկսում է ավելի ճիշտ ընկալել աշխարհը: «Եթե մարդու հոգին առողջ է, առողջ է նաեւ նրա ֆիզիկականը»,- ասում է յոգայի ուսուցիչ Գրետա Ավետիսյանը, ով ուսուցանում է յոգայի շնչառական տեխնիկաներ: «Յոգայի շնչառական տեխնիկաները տարբեր են: Իսկ շնչառական վարժությունների հիմնական իմաստն այն է, որ մարդու մարմինը լցվի «պրանայով», ինչն էլ նուրբ կենսական էներգիա պարունակող օդային մթնոլորտ է, տարածություն»,- բացատրում է Գ. Ավետիսյանը:
Կա տարածված կարծիք, որ տղամարդկանց շնչառությունը որովայնային է, իսկ կանայք շնչում են կրծքով: Յոգայի ուսուցիչը այս կարծիքը համարում է սխալ. «Ընդհանրապես, թե տղամարդիկ, թե կանայք շնչում են միանման: Բայց գոյություն ունի շնչելու երեք ձեւ՝ որովայնային, կրծքավանդակով եւ վերին շնչուղիներով: Սովորական շնչառության դեպքում շնչում ենք այդ մասերից որեւիցե մեկով: Յոգայի շնչառական վարժությունների ժամանակ «պրանայամա» շնչառությունը դառնում է ամբողջական, կարելի է ասել՝ շնչում ենք մարմնի երեք աստիճաններով, որի շնորհիվ թոքերը շնչում են ամբողջապես, իսկ ներքին օրգանների ճիշտ ֆունկցիոնալ աշխատանքի դեպքում կատարվում է առողջացում»:
Ըստ Յոգայի ուսմունքի՝ մարդու հիվանդությունների պատճառն օրգանիզմում «պրանայի» բացակայությունն է: Շնչառական վարժությունները լցնում են մարմինը «պրանայով», եւ մարդն ավելի առողջ է դառնում թե ֆիզիկապես, թե հոգեպես: Յոգայի մյուս շնչառական վարժությունը կոչվում է «սու դառշան կրիյա», որը թարգմանաբար նշանակում է «ով եմ ես իրականում»: «Յուրաքանչյուր մարդ ունի իր վերին «ես»-ը, եւ այս շնչառական պրակտիկայի շնորհիվ մարդը կարողանում է ինքն իրեն կողքից դիտել եւ ճիշտ գնահատել իր իսկ կատարած գործողությունները: «Կրիյայի» շնչառական վարժությունները հիմնականում հանում են սթրեսները, իսկ երբ մարդու միջից դուրս է գալիս սթրեսը, անցնում են նաեւ հոգեկան խցանումները, արդյունքում՝ նուրբ էներգետիկ կենսական էներգիան ավելի է շատանում մարմնում, մարդն ավելի ուժեղ է դառնում»,- ասաց Գ. Ավետիսյանը՝ հավելելով, որ շնչառական տեխնիկաները կարելի է կիրառել միայն յոգայի ուսուցչի ցուցումներով. դասընթացները տեւում են վեց օր, որից հետո այդ ամենը կարելի է կատարել նաեւ ինքնուրույն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել