Սերը ցանկացած պահի կարող է առաջանալ, լինի դա անկողնում, թե տրանսպորտի մեջ
Հոգեբան Արմեն Կարախանյանն ասում է՝ սիրահարությունը պատվերով չի լինում: Նրա խոսքերով՝ սիրել կարողանալը կախված է նրանից, թե ինչ պատկերացումներ կձեւավորի մարդն իր գլխում՝ իր սիրո օբյեկտի մասին: «Եթե մարդ ասում է՝ չեմ կարողանում այսինչին սիրել, ուրեմն նա դժվարանում է իր ենթագիտակցության եւ գիտակցության մեջ որոշակի պատկերցումներ սարքել տվյալ անձի նկատմամբ»:
Նրա մեկնաբանմամբ՝ մարդիկ, ովքեր իրենց կարծիքով չեն կարողանում սիրել՝ իրենց գիտակցության մեջ երբեք չեն բարձրաձայնում, որ միտումնավոր չեն սիրում. «Ամեն ինչ մարդու ձեռքերում է, մարդ կարող է իրեն ստիպել սիրել եւ հակառակը: Այն, որ ասում են՝ չեմ կարողանում սիրահարվել, սա միտումնավոր չի արվում: Սխալ է նաեւ, երբ ասում են, թե միտումնավոր չեն սիրում: Միտումնավոր կարելի է համակրանք առաջացնել ինչ-որ մեկի նկատմամբ՝ ստիպելով նկատել դիմացինի առավելությունները»:
Ժողովուրդն ասում է՝ սրտին չե՛ս հրամայի: Ա. Կարախանյանը համամիտ է այս մտքի հետ: Նա հավելում է՝ սիրելու եւ սիրահարվելու գործընթացը տեղի է ունենում ինքնաբերաբար: «Սրտին պետք չէ հրամայել, սիրտն ունի ապրումներ: Եվ որպեսզի դիմացինի նկատմամբ փոխվեն մեր զգացումներն ու ապրումները, պետք է փոխել նաեւ մեր պատկերացումները: Ուզո՞ւմ ես սիրել, ուրեմն նրա մասին ստեղծիր այնպիսի պատկերացումներ, որոնք կբերեն այդ զգացումին»:
«Հոգեբաններն ասում են՝ ճանապարհը դեպի սիրտը՝ անցնում է գլխով: Սերը հիմնված է մեր ուղեղում: Երբ մենք սիրում ենք, ուրեմն նրա մասին ունենք որոշակի պատկերացումներ, որոնք մեզ ստիպում են նկատել միայն նրա լավ կողմերը: Իսկ պատկերացումները ստեղծում են որոշակի ապրումներ, եւ սիրտն ընդամենը այն ապրումներն է ունենում, ինչ ցույց է տալիս գլուխը: Այդ պատկերացումները վտանգավոր երեւույթներ են: Դրանք կարող են մեզ ստիպել սիրել եւ հակառակը՝ ատել: Օրինակ՝ եթե իմանանք, որ մեր սիրելին ինչ-որ անհանդուրժելի արարք է թույլ տվել, հնարավոր է սերը փոխվի ատելության: Իսկ ո՞րն է այդ ատելությունը՝ դա մեր պատկերացումներն են տվյալ անձի նկատմամբ, բայց արդեն փոփոխված տարբերակով: Մենք սկսում ենք չհանդուրժել այդ արարքը, այն մեզ համար դառնում է անընդունելի, եւ արդյունքում մեր մեջ փոխվում են պատկերացումները՝ տեսնում ենք մեր սիրելիի թերությունները, միայն վատ կողմերը»:
Հոգեբանը գտնում է, որ սիրել չկարողանալն ունի թաքնված պատճառներ. «Այս արտահայտությունն ընդամենը արդարացում է, խուսափում պատասխանատվությունից: Եթե մեկը չի կարողանում սիրել կամ դժգոհում է, որ չի սիրում, դա համարվում է պաշտպանողական վարքագիծ՝ նա խուսափում է սիրելուց: Սրա պատճառը կարող է լինել նախկինում տեղի ունեցած մեկ կամ երկու անհաջող սերը, որից առաջացած ապրումներն ու տառապանքն այնքան խորն են, որ դրանք շատ ավելի դոմինանտ են, քան գալիք երջանկությունը, որ նա ձեռք կբերի սիրելուց: Այսպես մտածողները մարդիկ են, որոնք փախչում են անհաջողությունից, ո՛չ թե ձգտում հաջողության: Այսինքն՝ իրենց կարծիքով, փախչում են այն տառապանքներից, որոնք իրենց սպասվում են»:
Իսկ թե ավելի շատ ո՞ր սեռին է հատուկ չսիրելու կարողությունը, Ա. Կարախանյանը տարակուսեց. «Գուցե տղաներին, որովհետեւ երբեմն նրանք շփոթում են սերն ու համակրանքը: Միայն տեւական ժամանակից հետո կարելի է հասկանալ՝ սիրո՞ւմ ես, թե՞ ոչ: Եթե ժամանակի ընթացքում ամեն ինչ վերացավ, ուրեմն դա զուտ համակրանք էր, եթե ոչ՝ ուրեմն սեր է»:
Հարցին՝ անկողնային հարաբերությունները որքանո՞վ կարող են սեր կամ սիրահարություն առաջացնել, հոգեբանն ասաց. «Կիրքը սեր չէ եւ ոչ էլ զգացմունք: Դա հաճույքների հաճույքն է, որը համարվում է մղում: Սերը ցանկացած պահի կարող է առաջանալ, լինի դա անկողնում, թե տրանսպորտի մեջ: Չեմ ժխտում, որ սեռական հարաբերությունները կարող են նպաստել դրական պատկերացումների առաջացմանը տվյալ մարդու մասին, ինչն էլ հող կդառնա սիրահարության: Դրանք մարդուն կստիպեն այնպիսի տեսանկյունից նայել դիմացինի արժեքներին ու արժեքային համակարգին, որ կառաջացնի սիրո զգացում»:
Հոգեբանը նկատում է, որ հասարակության մեջ տարածված է հետեւյալ խորհուրդը. սիրել կարողանալու համար մարդու մեջ տեսնել միայն լավը. «Խնդիրն այն է, որ մեր սիրտը չի սիրում արհեստական պատկերացումներ: Դա ներշնչանք է: Պետք է տեսնել կամ ստեղծել միայն այն պատկերացումները, որոնք կան իրականում: Գլխին պատվերով ստիպել՝ ունենալ դրական պատկերացումներ, որոնք չեն համընկնում իրականությանը, հակառակ ազդեցությունը կտա. կնշանակի բռնանալ սեփական ցանկությունների վրա եւ, ինչպես ժողովուրդն է ասում՝ զոռով սիրել»: