Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ մարտի 15-16-ին Մոսկվայում կայացավ «Եվրո-2012»-ի ընտրական մրցաշարի «B» խմբի խաղացանկի քննարկումը: Այդ խմբում մեր ազգային թիմի հետ միասին տեղ են զբաղեցրել Ռուսաստանի, Սլովակիայի, Իռլանդիայի, Մակեդոնիայի եւ Անդորրայի հավաքականները: Հայկական կողմը Մոսկվայում ներկայացնում էին ՀՖՖ փոխնախագահ Աշոտ Մանուկյանը եւ ՀՖՖ հավաքական թիմերի բաժնի պետ Էդգար Մանուկյանը, ովքեր ներկայացրել էին մեզ համար նախընտրելի տարբերակը:
Քննարկումների արդյունքում բոլոր կողմերը ընդհանուր հայտարարի եկան Իռլանդիայի եւ Սլովակիայի մշակած խաղացանկի նախագծի հարցում, սակայն հայկական կողմը հրաժարվեց ներկայացված տարբերակից ու չստորագրեց համաձայնությունը։
Ռուսական կայքէջերի փոխանցմամբ՝ Հայաստանի հավաքականը, ըստ առաջարկվող խաղացանկի, առաջին երկու հանդիպումները պիտի անցկացներ հյուրընկալվելիս, ընդ որում, դրանցից մեկը՝ Ռուսաստանի հետ: Սակայն հայկական կողմը կտրականապես հրաժարվել է նման հեռանկարից: Մեկ այլ աղբյուրի համաձայն՝ առանցքային է եղել Ռուսաստանի հավաքականի հանդիպումների հարցը Հայաստանի ու Մակեդոնիայի թիմերի հետ: Ամեն դեպքում՝ փաստ է, որ խաղացանկը չի հաստատվել ու պատճառը՝ հայկական կողմի սկզբունքայնությունն ու ստորագրության բացակայությունն է համաձայնության տակ:
Արդյունքում, խաղացանկը կորոշվի վիճակահանությամբ, որը կկայանա արդեն հաջորդ շաբաթ, Իսրայելում՝ ՈՒԵՖԱ-ի համաժողովի ընթացքում: Ի դեպ, մարտի 15-ին չէր հաստատվել նաեւ «G» խմբի խաղացանկը, որում ներկայացված են Անգլիան, Շվեյցարիան, Բուլղարիան, Ուելսը եւ Մոնտենեգրոն: Այս դեպքում նույնպես կգործի վիճակահանության մեխանիզմը:
Ինչ վերաբերում է հայկական կողմի առաջարկած տարբերակին, դրա մանրամասները հայտնի չեն: Սակայն օրեր առաջ հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն իր մամուլի ասուլիսում նշեց, որ Հայաստանի հավաքականի համար ցանկալի երկու հիմնական կետ կա: «Ցանկանում ենք տանը սկսել Իռլանդիայի կամ Սլովակիայի հետ, քանի որ հաջող մեկնարկը կարեւոր է: Երկրորդ խաղում գերադասելի է հյուրընկալվել Անդորրային, ապա խաղալ Ռուսաստանի հետ։ Մարտ ամսին մենք լավ մարզավիճակում չենք: Ռուսաստանը եւս մարտ ամսին խաղային պրակտիկայի խնդիր ունի։ Ես խնդրել եմ, որ այս կետերը ապահովենք: Մնացած հանդիպումների ժամանակացույցն այդքան էական չէ»,- ասել էր Մինասյանը:
Իհարկե, հայտնի չէ՝ որքանո՞վ վիճակահանությունը կապահովի Վարդան Մինասյանի ցանկությունն ու Հայաստանի հավաքականի շահերը, սակայն մեզ մնում է միայն հուսալ, որ այդ խաղացանկը համաձայնության չստորագրված տարբերակից դրականորեն տարբեր կլինի: