Մարտի 17-24-ը կկայանա «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնը: Փառատոնը կբացվի Մոսկվայի էստրադայի թատրոնի դերասան Գենադի Խազանովի՝ «Ես վերհիշում եմ…» մոնոներկայացումով:
Երեկվա ասուլիսին, անդրադառնալով ժամանակակից հումորին եւ դրա պահանջին, դերասան-հումորիստն ասաց. «Զանգվածային լսարանը ոչ խորհրդային, ոչ հետխորհրդային ժամանակներում երբեք ընդգծված վերաբերմունք չի ցուցաբերել խելացի հումորի նկատմամբ: Այսօր ասոցիատիվ մտածողության արդյունքում ստեղծված որակյալ հումորը ոչ մի տեղ զանգվածային լսարանի կողմից պահանջված լինել չի կարող: Մարդը, որը դուրս է գալիս բեմ, պարտավոր է գտնել ադապտոր, որպեսզի կարողանա ընդհանուր լեզու գտնել հանդիսատեսի հետ: Ես նման ադապտոր չկարողացա գտնել, դրա համար էլ էստրադայից գնացի թատերաբեմ»: Բնութագրելով էստրադայում հումորի ժանրը՝ արվեստագետը շեշտեց. «Այն նման է ծիծաղի ֆաբրիկայի, որտեղ աշխատող մարդը դառնում է ոչ միայն այդ ֆաբրիկայի, այլեւ դահլիճում նստած ունկնդրի ստրուկը: Ավելի նվաստացնող բան չկա, քան այն, երբ դերասանը բեմ է դուրս գալիս, տեսնում՝ մարդկանց հայացքներ, որոնք ասում են՝ դե, ծիծաղեցրու մեզ… Հումորիստը այս պարագայում ասես մատուցող լինի, որ ստիպված պիտի անի այն, ինչ իրենից պահանջում են… Իհարկե, աա չի նշանակում, թե էստրադայից հեռացել եմ, որովհետեւ դժվարանում եմ այլեւս ծիծաղեցնել, ուղղակի այլեւս չէի կարող հանդուրժել այն, ինչի մասին խոսեցի»:
Գ. Խազանովի գնահատմամբ՝ ժամանակակից հումորի նշաձողը հասնում է մինչեւ գոտկատեղ կամ ավելի ցածր. «Այսօր կոմերցիան խեղդել է հումորի ազատությունը… Երբ բեմադրություն ես դնում ու սկսում մտածել՝ տեսնես ո՞վ կֆինանսավորի, սրանից ավելի վատ բան չկա…»: