Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏԵՂ-ՏԵՂ, ԻՆՉՊԵՍ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ

Մարտ 18,2010 00:00

Ըստ մշակույթի գծով ԵՄ փորձագետ Կատերինա Բոտանովայի՝
ինչպես տարածաշրջանի մյուս երկրներում, այնպես էլ Հայաստանում «մշակութային» չինովնիկների մեծամասնությունը չի հասկանում՝ ինչ ասել է մշակութային քաղաքականություն:

\"\"

ԵՄ «Արեւելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում Եվրահանձնաժողովի՝ տարածաշրջանային նոր մշակութային ծրագրի իրագործման փորձագետ Կատերինա Բոտանովան վերջերս Երեւանում էր: Նա հարցազրույց տվեց «Առավոտին»:
Համեմատելով Հայաստանն ու Ուկրաինան՝ տիկին Բոտանովան փաստում է. «Ուկրաինան ակտիվորեն շարժվում է դեպի կոմերցիոն մշակույթ: Մեր երկրում, մասնավորապես՝ Կիեւում, բազմաթիվ համերգներ են կայանում ե՛ւ մեծ բեմերում, ե՛ւ ակումբային տարբերակով, շատ հյուրախաղային ներկայացումներ են լինում, հազվադեպ, բայց, այնուամենայնիվ, անցկացվում են վիզուալ արվեստի խոշորագույն միջազգային ցուցահանդեսներ: Կիեւն արդեն մտել է հայտնի խմբերի եւ կատարողների ժամանակացույցերի ու տուրերի մեջ (օրինակ՝ «Depesh Mode», Բոբբի Մակֆերե եւ այլն): Կիեւում ամեն օր ինչ-որ բան կա՝ շնորհանդես, համերգ, նախագիծ, ներկայացում, դասախոսություն… Հայաստանի հետ համեմատած, մենք ավելի շատ ենք կախված տեղական եւ միջազգային ոչ կոմերցիոն նախաձեռնությունների աջակցությունից: Բացի այդ, Կիեւում ավելի հեշտ է տեսնել ռուսական թատերախմբերի ու գործիչների, քան, ասենք, արտասահմանում ապրող եւ ստեղծագործող հայտնի ուկրաինացի ռեժիսոր Անդրեյ Ժոլդակին: Հավելեմ, որ մեր երկրում համարյա չեն մնացել խոշոր միջազգային փառատոներ, մայրաքաղաքում ընդամենը մեկ ոչ կոմերցիոն վիզուալ արվեստի օջախ կա՝ Ժամանակակից արվեստի կենտրոն-հիմնադրամը: Ե՛վ Հայաստանում, ե՛ւ Ուկրաինայում հարկ է հավասարակշռել հետեւյալ միտումները. խելամիտ մշակութային քաղաքականության դեպքում լավ զարգացած կոմերցիոն սեգմենտը կարող է օգնել զարգանալ ոչ կոմերցիոնին (օրինակ՝ փառատոներին)»:
Մեր զրուցակիցը, որ զարմացած էր հայաստանյան փառատոների առատությունից, պատմեց ուկրաինականների մասին նույնպես: «Այսօր Կիեւում կա երիտասարդ փառատոն՝ «ԳՈԳՈԼ-ֆեստը», որը հզոր է, հավակնոտ եւ դինամիկ, բայց «տառապում» է անընդգրկելին ընդգրկելու ցանկությամբ, այսինքն՝ փորձում է լինել թատերական, գրական, երաժշտական եւ գեղարվեստական փառատոն՝ միաժամանակ: Ունենք երկարամյա միջազգային «Մոլոդոստ» կինոփառատոնը, անցյալ տարի էլ ծնվել է Կիեւի միջազգաին կինոփառատոնը: Դժվարությամբ, բայց գոյատեւում է Ակադեմիական երաժշտության փառատոնը՝ «Կիեւ-Մյուզիկ-ֆեստը»: Օդեսայում շարունակվում է անցկացվել ժամանակին բացառիկ համարվող Ժամանակակից ակադեմիական երաժշտության «Նոր երաժշտության երկու օր եւ երկու գիշեր Օդեսայում» փառատոնը, սակայն մեծ թափ ունենալուց այն դեռ հեռու է: Լվովում գործում է Հրատապ արվեստի շաբաթը՝ երիտասարդ, հետաքրքիր, մի քիչ էլ միջազգային նախաձեռնություն, ինչպես նաեւ թատերական «Ոսկե առյուծը», իսկ Դոնեցկում՝ Վադիմ Պիսարեւի «Համաշխարհային բալետի աստղերն» են: Ափսոսում եմ, որ այս փառատոներից շատերն իրենց չեն կարող թույլ տալ աշխարհահռչակներին հրավիրելու շռայլությունը, դրա համար էլ նրանց անունները հնչեղ չեն թվում»,- ասում է Կ. Բոտանովան:
«Առավոտի» հարցին՝ ինչպե՞ս են իրենց երկրում գործում ստեղծագործական միությունները եւ որքանո՞վ կախում ունեն պետությունից, տիկին Բոտանովան հայտնեց. «Ստեղծագործական միությունները Ուկրաինայում ձեւականորեն անկախ են, մինչդեռ որոշակի ֆինանսավորում են ստանում պետությունից, ինչը նրանց այնքան էլ հասարակական կազմակերպություն չի դարձնում: Մեր երկրում էլ ստեղծագործական միություններն ունեն ԽՍՀՄ-ից ժառանգություն ստացած գույք, բայց դա հազվադեպ են ծառայեցնում ստեղծագործական նպատակների համար: Չեմ կարող ասել, թե ստեղծագործական միությունները Ուկրաինայի մշակութային կյանքում լուրջ դերակատարություն ունեն, եւ դա լավ է:
Հույս ունեմ, որ կգա օրը, երբ խորհրդային ժամանակաշրջանի այդ մնացուկները կամաց-կամաց կվերանան, ու նրանց փոխարեն կծնվեն նոր, պրոֆեսիոնալ եւ ո՛չ գաղափարախոսական միություններ, որոնք կաշխատեն, բարիքներ ու արտոնություններ էլ չեն պահանջի պետությունից»:
Մեր զրուցակցին հայտնեցինք, որ չնայած հարուստ մշակութային ռեսուրսներին ու ներուժին, Հայաստանում ոչ ճիշտ մշակութային քաղաքականություն է իրականացվում, մշակույթի նախարարությունում եւ ընդհանրապես՝ ունենք բարձրորակ կադրերի պակաս: Հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք իր երկրում էլ նման խնդիրներ կան:
«Բոլոր նախկին խորհրդային երկրներում մշակութային քաղաքականության հետ կապված լուրջ խնդիրներ կան: Մշակույթի համար պատասխանատու չինովնիկների մեծամասնությունը չի հասկանում՝ ինչ ասել է մշակութային քաղաքականություն: Հաջորդ խնդիրն այն է, որ տարածաշրջանի երկրներում, իսկ Հայաստանը բացառություն չէ, պետբյուջեի միջոցները դեպի մշակույթ ուղղվում են հին, բարի պլանային մեթոդով եւ ոչ թե ծրագրավորման արդյունքում: Այսինքն, գումար ստանում են ոչ թե լուծման կարոտ խնդիրները, այլ այն կազմակերպությունները, որոնք տարին տարվա վրա նշված են ըստ պլանի: Հետեւաբար, վերահսկել դրանց ծախսման արդյունավետությունը՝ գործնականում հնարավոր չէ, որովհետեւ միջոցները ուղղվել են ոչ թե կոնկրետ նախագծի, այլ ինչ-որ փոս լցնելու գործունեությանը: Մյուս կողմից՝ Հայաստանը կարծես քայլեր է անում ծրագրային ֆինանսավորման մեթոդին անցնելու: Պետք է փոխել մշակութային դաշտի խնդիրները լուծելու մոտեցումները, ճշտել առաջնահերթությունները, գնահատել ռեսուրսներն ու արդյունքները՝ ահա մշակութային քաղաքականության ռեֆորմի առաջին քայլերը: Բարձր որակավորում ունեցող կադրերի պակասի հարցը հեշտ է լուծել, եթե կառավարությունը երեսը դարձնի դեպի իր պոտենցիալ գործընկերները՝ ոչ կառավարական կազմակերպությունները: Ի դեպ, Ուկրաինայի մշակույթի նախարարությունում արդեն սկսել են հայտնվել մեծ թվով երիտասարդներ՝ ոչ կառավարական կազմակերպություններում ունեցած աշխատանքային փորձով: Նրանք ավելի լավ են պատկերացնում ժամանակակից մշակութային քաղաքականության առանձնահատկությունները: Հույս ունեմ, որ առաջիկայում կլինեն գործընկերային հարաբերություններ ոչ կառավարական կազմակերպությունների հետ, եթե կառավարությունը գիտակցի, որ նրանց արժե ներառել մի շարք այնպիսի ծրագերի մեջ, որոնցից ինքը գլուխ չի հանում: Շատ կարեւոր է նաեւ ոչ կառավարական մշակութային ֆոնդի ստեղծումը, ինչի մասին, գիտեմ, որ Հայաստանում վաղուց են երազում»,- հայտնեց Կատերինա Բոտանովան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել