Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ՈՉ ՄԵԿԻՆ ՉԷՐ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՐԵԼ

Մարտ 18,2010 00:00

\"\"Ֆրանսիայի երկաթգծերի ազգային ընկերությունը թյուրիմացաբար իր պաշտոնական կայքէջում տեղադրել էր տեղեկություն՝ երկրում, իբր, տեղի ունեցած խոշորագույն երկաթուղային վթարի մասին: APA-ի մատուցմամբ, հաղորդագրության համաձայն, Մակոն քաղաքի շրջանում արագընթաց գնացքի վագոններում տեղի էր ունեցել ուժեղ պայթյուն, որի արդյունքում 102 ուղեւոր զոհվել եւ 380-ը վիրավորվել էին: Հաղորդագրության մեջ նշվում էր նաեւ, որ անհապաղ միջոցառումներ են իրականացվում տուժածներին հիվանդանոցներ տեղափոխելու համար, իսկ մնացած ուղեւորներին հոգեբանական օգնություն է ցուցաբերվում: Այդ հաղորդագրությունը տեղադրվել էր գերատեսչության կայքի գլխավոր էջում եւ մնացել էր ավելի քան մի քանի տասնյակ րոպե:
Ավելի ուշ պարզվել էր, որ սույն հաղորդագրությունը կայքում հրապարակվել է միանգամայն թյուրիմացաբար: Այն գտնվել էր ընկերության տվյալների բանկում եւ պահվել էր որպես՝ փրկարարական ծառայությունների եւ երկաթգծերի վարչության ղեկավարության կողմից անցկացված ուսումնական վարժանքների վերաբերյալ պատրաստված հաղորդագրություն: Այդ ուսումնական վարժանքների ընթացքում մշակվել էր նմանատիպ արտակարգ իրավիճակների առաջացման ժամանակ հիշյալ գերատեսչությունների գործողությունների ծրագիրը: Այդպիսի վարժանքներ անցկացվում են տարին մի քանի տասնյակ անգամ: Հետաքրքիրն այն է, որ այն ընթացքում, երբ հիշյալ հաղորդագրությունը տեղադրված է եղել գերատեսչության պաշտոնական կայքում, ոչ մի անհանգստացած ֆրանսիացի չէ էլ փորձել կապվել ընկերության հետ՝ տեղեկությունը ճշտելու կամ սխալն ուղղելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել