Ֆրանսիայում ոստիկանությունը մեծամասշտաբ գործողություն է իրականացրել բասկերին՝ անջատողական ETA խմբավորման անդամներին հայտնաբերելու եւ կալանավորելու նպատակով: Նրանք կասկածվում են Փարիզի արվարձաններից մեկում ֆրանսիացի ոստիկանի սպանության մեջ: Ֆրանսիական իշխանությունների հաղորդումների համաձայն, այդ սպանության հետաքննությանը միացել են նաեւ ահաբեկչության դեմ պայքարի հատուկ ստորաբաժանումներ: Ոստիկանությունը հայտարարում է ոստիկանի վրա հարձակված խմբավորման մեկ անդամի կալանավորման մասին: Նա խոստովանել է, որ ETA խմբավորման անդամ է:
ԼՁԸՀ-ՁԸհհ-ի մատուցմամբ, ֆրանսիացի ոստիկանի սպանությունը տեղի էր ունեցել երեքշաբթի օրը, երեկոյան, Փարիզի ծայրամասում: Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները մոտեցել էին հավաքված մարդկանց մի խմբի, որոնք կասկածվում էին ավտոսրահներից մեկից մեքենայի գողություն կատարելու մեջ: Նրանց փաստաթղթերը ստուգելու պահին մոտակայքում կայանված մեկ այլ ավտոմեքենայից անսպասելի կրակ էր բացվել ոստիկանների ուղղությամբ:
BBC-ի մատուցմամբ, եթե հաստատվի ETA խմբավորման առնչությունը տեղի ունեցած սպանությանը, ապա դա կլինի պատմության մեջ առաջին դեպքը, երբ բասկ անջատողականների կողմից սպանվում է ֆրանսիացի ոստիկան:
Հիշեցնենք, որ ETA խմբավորումը 1960-ականների վերջերից ի վեր պայքարում է բասկերի անկախ պետություն ստեղծելու համար եւ մեղադրվում է ավելի քան 800 մարդու սպանության մեջ: Խմբավորման անդամները, որոնք, որպես կանոն, շատ ակտիվ գործունեություն են ծավալում Իսպանիայի հետ սահմանակցող Ֆրանսիայի հարավ-արեւելյան հատվածում, շատ հաճախ են հայտնվում ֆրանսիացի ոստիկանների ձեռքում: Անցյալ ամիս ETA-ի ազդեցիկ առաջնորդներից մեկը՝ Իբոն Գոգեասկոեչեան եւս կալանավորվել էր ֆրանսիացի իրավապահների կողմից: