Գրադարանավարները հաճախ են բողոքում, որ համայնքի շատ ղեկավարներ անուշադրության են մատնում իրենց տարածքում գործող գրադարանները: Հայաստանի ազգային գրադարանը փորձում է իր գրքային հավաքածուից համապատասխան գրականություն առաքել մարզային, քաղաքային եւ գյուղական գրադարաններ: Մարզային գրադարանների ներկայացուցիչները ժամանակ առ ժամանակ այցելում են Ազգային գրադարան՝ ստանալու համապատասխան նվեր-գրականությունը: Իսկ Տավուշի մարզային գրադարանից այսքան ժամանակ ոչ մի այց չի եղել: Եվ 2009թ. Հայաստանի ազգային գրադարանն իր շրջայցերի ծրագրում ընդգրկել էր Տավուշի մարզի գրադարանները՝ իր գրքափոխանակության ֆոնդից շուրջ 2000 միավոր առանձնացրած գրականությունը սեփական միջոցներով հասցնելով Տավուշի մարզային գրադարան:
Տավուշի մարզային գրադարանին Ազգային գրադարանը նվիրել է 111 միավոր գիրք եւ հանդես: Ի դեպ, դրանք վերջին տարիների թարմ հրատարակություններ էին:
Տեղում ծանոթանալով գրադարանի անմխիթար վիճակին՝ Ազգային գրադարանն ահազանգ էր բարձրացրել, որպեսզի համապատասխան մարմինները՝ սկսած գրադարանի ղեկավարությունից եւ աշխատակազմից, լրջորեն գիտակցեն գրադարանի կարեւորությունը եւ աշխատեն շտկել իրավիճակը: Սակայն այս փաստը շատ է զայրացրել Տավուշի մարզային գրադարանի տնօրենին: Եվ նա Ազգային գրադարանի այս քայլը համարել է գաղտնի ծառայության օպերատիվ քննություն, իսկ նվիրատվությունը մարզային գրադարանի գրող, նկարիչ, ձեւավորողը համարել է «անպետք իրերը սաղացնելու» միջոց:
Հասկանալի է նրա զայրույթի պատճառը: Երկար ժամանակ գործելով աննկատ, չմասնակցելով գրական, գրադարանային կարեւոր իրադարձություններին, տնօրեն Սաշա Հովսեփյանը հաշտվել է այն իրավիճակի հետ, որ գրադարանները պետք է լինեն բոլորից լքված, հետին պլանում գտնվող հաստատություններ՝ ղեկավարության համար: Հանրապետությունում տեղի են ունենում գրադարանային համահայկական համագումար, քննարկումներ, սեմինարներ, որոնց մասնակցում են մարզային գրադարանների ներկայացուցիչներ՝ առիթը բաց չթողնելով պատկան մարմիններին, ինչու չէ, նաեւ անհատ բարերարներին ներկայացնել իրենց խնդիրներն ու պահանջները: Սակայն Սաշա Հովսեփյանին չի հետաքրքրում այս ամենը: Նա նման միջոցառումներին, որպես մարզային գրադարանի տնօրեն, չի էլ մասնակցում: Եվ գրադարանի բազում խնդիրների մասին չբարձրաձայնող տնօրենը մի օր կանգնում է փաստի առաջ. մամուլում ներկայացվում է նրա «համեստության» դառը պտուղները: Ի դեպ, քաղաքակիրթ եւ զարգացած անձինք գիրքը երբեք չեն համարում անպետք իր: Եթե նվերը նրանց դուր չի գալիս, ապա գոնե շնորհակալություն են հայտնում: Իսկ մարզային գրադարանի տնօրեն, գրող, նկարիչ Սաշա Հովսեփյանը չգիտես ինչու է Հովհաննես Թումանյանի, Շիրազի, Հ. Կարապենցի, Վիկտոր Հյուգոյի ստեղծագործությունները, Կոմիտասին, Մինաս Ավետիսյանին, Արշիլ Գորկուն եւ այլ մեծերին նվիրված գրքերը համարում անպետք իրեր: Եվ սա ասում է մարզային գրադարանի տնօրենը: Միգուցե նա միայն գրո՞ւմ է, չի կարդում: Հարգելի պարոն Սաշա Հովսեփյան, Ձեզ արդարացնելու փոխարեն ավելի լավ է շտկեք գրադարանում առկա խնդիրները, «պարզերես» արեք սահմանամերձ Տավուշի մարզը Հայաստանում: Եթե չեք կարողանում, թողեք դրանով զբաղվի համապատասխան մասնագետը, մարդ, ով գիրքը չի համարի անպետք իր կամ սաղացնելու միջոց: