Լրահոս
Օրվա լրահոսը

ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՎԱՂՈՒՑ ԱՆՑԵԼ ԵՆ

Մարտ 18,2010 00:00

Իսկ մենք դեռ խոսում ենք բուհերի՝ որակի ապահովման գործընթացի «ա» ու «բ»-ից

Կրթության որակի ապահովման գործընթացներին «Առավոտը» բազմիցս անդրադարձել է, սկսած նրանից՝ արդյո՞ք բուհերը գիտակցում են, որ որակի գնահատումն առաջին հերթին ի շահ իրենց է, վերջացրած այն փաստով, որ կրթության որակի ապահովման գործընթացները ՀՀ-ի ոչ բոլոր բուհերում են բավարար մակարդակի վրա:
Ամբողջ աշխարհում գերիշխող է դառնում այն համոզմունքը, որ որակի ապահովման արդյունավետ մեխանիզմներից մեկը կրթական չափորոշիչների ներկայացումն է՝ ուսումնառության արդյունքներով։ Ասել է թե՝ կրթական ծրագիր իրականացնողը մի քանի կետով նկարագրում է տվյալ մասնագիտության շրջանակում ուսուցանվելիք գիտելիքը, կարողությունները եւ հմտությունները, ինչը շատ հարցեր պարզեցնում է ապագա ուսանողների, դասախոսների ու գործատուների համար: Այլ բան է, որ այսօր մեզանում կան շատ բուհեր, որոնք իրենք էլ չգիտեն, թե ինչ մասնագիտություն են տալիս, ինչ ծրագրերով, էլ ուր մնաց այն կետ առ կետ նկարագրեն: «Առավոտը» հարցերի այս շրջանակում պարզաբանումներ ստացավ Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանից: Ըստ նրա՝ անցել են այն ժամանակները, երբ մեզ վերեւից ասում էին՝ ինչ անել, մեր փոխարեն որոշում, պատասխանատվությունն էլ մերը չէր: Իրողությունները փոխվել են եւ՛ աշխատաշուկայում, եւ՛ կրթական համակարգում: Այժմ խնդիրներն ինքնուրույն եւ հստակ սահմանելու ժամանակն է: Նշված իրավիճակից դուրս գալու համար մեր պետությունը նախ կիրառության մեջ պետք է դնի զարգացմանը միտված որակավորումների ազգային շրջանակը, որին փոխկապակցված պետք է լինեն ուսումնառության արդյունքներով սահմանված կրթական չափորոշիչները: Արդյունքում կբխի նաեւ այն նվազագույն շեմը, որն էլ որոշիչ է դառնալու ուսումնական հաստատությունների որակի գնահատման ժամանակ: Ռ. Թոփչյանը կարծում է. «Ուսումնառության ակնկալվող արդյունքները՝ որպես մեխանիզմ պիտի ներդրվեն, որ ուսանողը մասնակից դառնա կրթական գործընթացին: Իսկ դա հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ վերջինս հասկանա, թե ինչ է սովորում եւ այն ինչպես պետք է գնահատվի եւ կիրառվի: Այլապես, եթե ուսանողը չիմացավ, թե իրեն ինչպես են ստուգելու, նա քննությունը ստանալու այլեւայլ ճանապարհներ է փնտրելու: Այսօր մեր ուսանողը հստակ գնահատված չէ, իսկ կոռուպցիոն ռիսկերը շատ հաճախ բխում են անորոշությունից: Ուսումնառության արդյունքները նաեւ այն գործիքն են, որով կարելի է չափելի դարձնել այս կամ այն մասնագիտական կրթական ծրագրի իրականացման արդյունքը եւ գնահատել որակը: Այսինքն, դրանք որոշակի հստակություն կմտցեն նաեւ գնահատման այս մակարդակում»:
ՈԱԱԿ-ն առաջարկում է սկսել մի գործընթաց, որով բուհերում գործող բազմափորձ մասնագետներից կստեղծվեն փորձագետների խմբեր, ու նրանք կփորձեն մի քանի ոլորտների ուղղությամբ մշակել մասնագիտական չափորոշիչները, որպեսզի ուսանողը հասկանա, թե ինքը ինչ է ստանալու, իրենից ինչ են պահանջելու: Այդ հարցում պետք է հաշվի առնել բուհ, տեղի եւ միջազգային աշխատաշուկա շղթան: Ռ. Թոփչյանը մանրամասնեց. «Չափորոշիչներում սահմանվում են ընդհանուր եւ մասնագիտությանը հատուկ կոմպետենցիաները: Այս առումով էլ կան միջազգայնորեն ընդունելի ու գործունակ մոտեցումներ, որոնք պետք է կիրառվեն մեր երկրում՝ համակարգելով այսօր բուհերում իրականացվող աշխատանքը: Այսինքն, չեմ կարծում, որ մենք ոչինչ չունենք, ու պետք է սկսել զրոյից: Ոչ, պարզապես պետք է եղածը մշակել ու բերել միջազգայնորեն ընդունելի ձեւաչափի՝ որոշելով նվազագույն շեմը»: Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ ժամկետներում այս քայլերը կիրականացվեն: Պարոն Թոփչյանը պատասխանեց. «Ժամկետներն արդեն անցել են, հիմա շատ ինտենսիվ պետք է այդ գործընթացներն իրականացնենք: Ժամանակ չունենք սպասելու, եղած ընդունելի վիճակը պիտի օրինականացնենք: Օրինակ՝ եթե այս կամ այն համալսարանի՝ լրագրող պատրաստելու ծրագիրն ամենահաջողվածն է, ուրեմն պիտի գոնե այդ նվազագույն շեմը օրինականացվի եւ առաջ շարժվենք»: Ըստ էության՝ այս գործընթացները հանգեցնելու են բուհի գործունեության թափանցիկությանը, տեսնենք, թե բուհերն ինչպես են արձագանքելու այս փոփոխություններին. նրանց ակտիվությունը կամ պասիվությունը արդեն իսկ կարող է հատկանշական լինել: Մեր այն դիտարկմանը, թե հանկարծ բուհն այս գործընթացների արդյունքում փորձադաշտի չվերածվի՞, Ռ. Թոփչյանը պատասխանեց. «Դրա համար էլ անցումը պետք է լինի աստիճանական ու մեր եղած բազայի վրա փորձագետների կատարած ուսումնասիրությունների արդյունք: Պիտի նաեւ մտածենք համալսարանի զարգացման եւ անկախության մասին, ուստի եթե նրա գործունեությունը բավարարում է որակի նվազագույն շեմը, շահառուն՝ ուսանողը, վտանգի տակ չէ, բուհը կարող է շարունակել գործունեությունը: Որակի կենտրոնն էլ պետք է գնա ոչ թե ուսանողին, այլ ուսանող պատրաստելու մեխանիզմները հավատարմագրելու, ոչ թե չափորոշիչը, այլ չափորոշչի գոյացման գործընթացը ամրագրելու ճանապարհով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել