Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՈ՞Ւ ՊԷՏՔ Է ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ԴԱՍԱԿԱՆ ՈՒՂՂԱԳՐՈՒԹԵԱՆԸ

Մարտ 18,2010 00:00

Հայ մտաւորականութեան արձագանգը խեղագրութեան առթիւ

\"\"

Սկիզբը՝ «Առավոտ», 09.02.10, 11.02.10, 23.02.10, 27.02.10, 04.03.10, 06.03.10, 10.03.10

Հայ մտաւորականութիւնը թէ՛ սփիւռքում, թէ՛ հայրենիքում ընդվզեց ուղղագրական աղաւաղումների առթիւ: Անկախութիւնից յետոյ ի՞նչն է խանգարում մեզ հրաժարուելու գոյութիւն չունեցող երկրի (ԽՍՀՄ) լեզուական գաղափարախօսութիւնից ու օրէնքներից՝ վերականգնելու համար ընդամէնը ութ տասնամեակ առաջ խեղաթիւրուած մէկ ու կէս հազարամեայ աւանդական միակերպ գրահամակարգը (մնացած բոլոր իրաւա-քրէական խորհրդային օրէնքները վերացուած են): Արդեօ՞ք համազգային ուղղագրութիւնը իսկապէս սեփականաշնորհել են մի քանիսը, որոնք տնօրինում են լեզուական կալուածը, երբ որ պետութիւնն իսկ այդ իրաւունքը չունի: Ներկայիս հայրենի մտաւորականութիւնը լռում է: Ափսո՛ս: Իսկ ահա իսկական մտաւորականների արձագանգները:
– Ամենայն հայոց բանաստեղծ Յովհ. Թումանեանը Հայաստանի լուսժողկոմին հասցէագրած նամակում գրում է. «Ես, որպէս հայ գրող եւ գրողների միութեան նախագահ, գալիս եմ յայտնելու իմ զարմանքը եւ բողոքելու էն վարմունքի դէմ, որ ունեցել է Հայաստանի լուսժողկոմատը էս կարեւոր խնդրում: Պ. Մ. Աբեղեանը մի առաջարկ է արել ու դրել հրապարակ: Շատ լաւ: Բայց լուսժողկոմը որտեղի՞ց է իմացել, թէ պ. Մակինցեանը եւ ինքը, լուսժողկոմն էլ նրա հետ միասին, անսխալական են, որ առանց քննութեան ենթարկելու առաջարկը, հրամանագրում է ընդունել եւ միայն դրանով գրել ու տպագրել: Պ. Աբեղեանի առաջարկը ընդունելի է թէ չէ, դա դեռ քննելիք խնդիր է: Երբ քննելիք խնդիր է, լուսժողկոմին մնում է ուղղել իր արած սխալը, ետ վերցնել իր կարգադրութիւնը, խնդիրը համարել բաց եւ դնել քննութեան»: Իսկ ի՞նչ է մտածում Գրողների միութեան ներկայիս նախագահը՝ իր մեծ նախորդի, այս օրերի յոբելեարի (ծննդեան 140-ամեակը) պահանջին արձագանգելու մասին: Չէ՞ որ մի հատուածի գրական լեզուի համար նոր ուղղագրութիւն իրականացնելը՝ ի հեճուկս միւս հատուածի, առանձին ազգակերտման գաղտնի նպատակների իրականացում է եւ յանգեցնելու է հատուածների խորթացման ու ազգապառակտման:
– Աւ. Իսահակեանը Մ. Սարեանին յղած նամակում գրում է. «…Ամէն բան լաւ է գնում Հայաստանում (թերթերը կարդում եմ), միայն մի բան է գէշ՝ ուղղագրութիւնը, աշխատեցէք փոխել»: Եկէք աշխատենք:
Այդ ուղղագրութիւնը մերժեց նաեւ Վրաստանի մեծաթիւ հայ մտաւորականութիւնը: Կենտկոմի քարտուղար Ա. Յովհաննիսեանը յատուկ նամակով դիմել էր Վրաստանի լուսժողկոմին՝ հայկական դպրոցներում ուղղագրութիւնը փոխելու մասին, որի պատասխանը աւելի քան մէկ տարի ձգձգւում էր՝ հարցը հայ մտաւորականների հետ քննարկելու պատճառաբանութեամբ:
– Պոլսում կազմակերպուած քննարկման ժամանակ առաջինը քննադատեց Երուանդ Օտեանը: Իսկ հայագէտ Վարդան Հացունին արձագանգեց այսպէս. «Ուղղագրութիւն փոխողը կրնայ ուրեմն, եթէ ուզէ, լեզուն ալ փոխել կամ նոր լեզու մը ստեղծել: Մեր այդ յարգելի կոմիսարները մոռցած էին, թէ լեզուն պետութեան մը ստացուածքը չէ, այլ հասարակութեան եւ թէ այն կերտելու կամ փոխելու իրաւունքը բնութենէն տրուած է ազգերու եւ ժամանակին, ոչ անհատներու… Բառերու մեծ խումբ մը կը ջնջուէր նոր ուղղագրութեամբ: …Հայ ուղղագրութենէն զատ մեր լեզուի բառարանին ռեֆորմն ալ վճռուած էր…»:
– Մանկավարժ եւ Էջմիածնի ճեմարանի տեսուչ Ս. Մանդինեանը գրում է. «Ես մերժում եմ ամբողջ ուղղագրութիւնը փոփոխութեանց խնդիր դարձնել: Դա ոչ միայն անժամանակ է, այլեւ անհնարին»:
– Ն. Ադոնցը շեշտում է խեղագրութեան մի քանի սխալները: «Ինչ որ խտրոց է հնի ու նորի մէջ՝ խոտելի է», նա դրանով նկատել է տալիս, որ «ամէն մի ռեֆորմ միակերպութեան ու հնչական հաւատարմութեան հետ նաեւ հաշուի պիտի առնի լեզուապատմական պահանջը, ինչպէս նաեւ գրական լեզուի կապը գրաբարի ու աշխարհաբարի հետ, որպէս սնման ու զարգացման աղբիւր, հարցեր, որոնք անտեսուել են խեղագրութիւնում»: Այնուհետեւ. «Հայ գրական աշխարհի երկփեղկումը խեղագրութեան պատճառով աւելի մեծ աղէտ է, քան այդ ուղղագրութեան խոստացած բարիքը… Պետութիւնը եւս իր հեղինակութիւնը անխոց պահելու համար ձեռնպահ պիտի մնայ վաղաժամ միջամտութիւնից»: Եւ ապա. «խորապէս ցաւալի է, եթէ այն պահին, երբ հայրենիքն իր կառավարչական եւ հասարակական ուժերով ջանալու է իրեն քաշել աշխարհահալած զաւակները (նկատի ունի քսանականներին կազմակերպուող ներգաղթը- Ն. Ո.), ուղղագրութեան խնդիրը նոր անջրպետ հանդիսանար եւ փոխանակ մերձեցնելու երկու գրական լեզուները, ուղղագրական սեպով ընդլայնէր եղած պառակտումը»: Սա մի կարեւոր ուղերձ է մերօրեայ իշխանութիւններին:
– Այս իմաստով հետաքրքրական է 1980-ականներին բուհերի համար կազմուած դասագրքի մէջ գրուածը, որի համահեղինակներից է դասական ուղղագրութեանը ընդդիմացող՝ ակադ. Գ. Ջահուկեանը: Ահա այն. «Աբեղեանի այս բարեփոխութիւն կոչուած ուղղագրութիւնը առանց որեւէ քննութեան ընդունուեց եւ գործածութեան մէջ դրուեց՝ հակառակ ողջ հայ մտաւորականութեան բողոքին: Արեւմտահայութիւնը, պարսկահայերը եւ գաղութների ողջ մշակութային հաստատութիւնները մերժեցին այդ «բարեփոխութիւնը». այդ պարտադիր դարձուեց միայն Սովետական Միութեան սահմաններում:
– Հր. Աճառեանը ամենաբացասականը համարել է «հայերէն բառապատկերների անճանաչելի դարձնելը» եւ այն, որ «Աբեղեանը ձգտել է ամէն կերպ մոռացնել տալ հայերէն հին բառապատկերները, լուրջ վտանգ ստեղծելով մեր դարաւոր մեծահարուստ գրականութիւնը կորսնցնելու, ի չիք դարձնելու. բայց վասն ինչի՞, ո՞վ է ստիպում մեզ»: Աւելացնենք նաեւ, որ Աճառեանը իր «Արմատական բառարանը» չհրատարակեց միայն այն պատճառով, որ չտպագրեն «նոր ուղղագրութեամբ», որով հնարաւոր չէր ցոյց տալ բառարմատների ծագումը:
– Ստ. Մալխասեանցը, ով ժամանակին վ-գրութեան եւ «մէկ հնչիւնին մէկ գիր» սկզբունքի ջատագովն էր, ետ էր կանգնել իր որդեգրած սկզբունքից, քննադատելով Աբեղեանին, որովհետեւ. «Սարսափեց նոր ուղղագրութեան այն աւերածութիւնից, որ համատարած խեղաթիւրելու էր արեւելահայ գրական լեզուի բառապատկերների տեսքը»: Նա նոյնպէս իր «Բացատրական բառարանը» չհամաձայնեց տպագրել «նոր ուղղագրութեամբ», որովհետեւ «անասելի խառնաշփոթութիւն առաջ կը գար այդ ուղղագրութեամբ», «քանի որ այս բառերը ոչ մի անգամ այս ձեւով չեն գրուել եւ ոչ էլ այսուհետեւ կը գրուեն»: Նրա բառարանը թոյլատրուեց տպագրել դասական ուղղագրութեամբ՝ միայն գիրքը Ստալինին ձօնելուց յետոյ:
– Մխիթարեան հայագիտական կենտրոնի լեզուագէտ Գ. Մէնէվիշեանը գրում է. «մինչեւ հոս պիտի հասնի եղեր յանդգնութիւնը, որ թշնամւոյն չըրածը մեր ձեռքով պիտի կատարենք եղեր… Այսպիսի ուղղագրական հաստատուն կանոնի մը դէմ մեղանչելով ազատ դուռ կը բացուի ուզողն ուզածն ընելու»:
Ալ. Շիրվանզադէն գրել է. «Տգեղ բան կը լինի Սահակի եւ Մեսրոպի տօնը կատարելու համար ժողովուել (Էջմիածնի ժողովի մասին է- Ն. Ո.) եւ նոյն Սահակի ու Մեսրոպի շինած սքանչելի տաճարը քանդել…»:
– Ն. Մառը պահանջում է, որ. «Մաշտոցեան համակարգային միակերպ ու միասնական ուղղագրութիւնը կիրառելու պարագային բացառել ամէն կարգի ուղղագրական փոփոխութիւններ եւ, աւելին՝ փոփոխուածներն էլ նորից նախկիններով փոխարինել… Ուղղագրութիւնը անփոփոխ թողնելու տեսակէտն է միակ ճիշդ եզրայանգումը»:
– Պ. Սեւակը՝ սփիւռքի մտաւորական, ուղղագրութեան հարցերով յօդուածներ գրող Յակոբ Գրիգորին ուղղուած նամակում գրում է. «…Առիթ բաց չեմ թողնում ասելու, որ մեր սխալաշատ գործունէութեան մէջ ամենամեծ սխալը, Սեւանա լճից էլ աւելի վտանգաւոր քայլը, եղել է մեր ուղղագրութեան «բարեփոխումը»… Ես խոստանում եմ Ձեզ՝ գլխաւորել այդ շարժումը»: Առիթից օգտուելով հերքենք բ.գ.դ. Բեդիրեանի այն կարծիքը, թէ իբր Պարոյր Սեւակը դէմ է եղել դասականին, ասելով, թէ՝ ուղղագրութիւնը որբի գլուխ չէ, որ ամէն մարդ դալլաքութիւն անի: Թերեւս դա վերաբերել է նախորդ ուղղագրական խաղերին: Այդ է վկայում Սեւակի նամակի մէջբերումը:
Արամ Ա Վեհափառ- Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիոյ. «Մեսրոպեան ուղղագրութեան վերականգնումը կը նկատենք հրամայական անհրաժեշտութիւն թէ մեր ժողովրդի միասնականութիւնը ամբողջացնելու եւ թէ մեր մեսրոպեան լեզուն աւելի բիւրեղացնելու իմաստով: Կը հաւատանք, որ նաեւ ա՛յս է ողջ սփիւռքին մօտեցումը այս խիստ հրամայական հարցին: Հետեւաբար վստահ ենք, որ հայրենի պետութիւնն ու մտաւորականութիւնը յատուկ նախանձախնդրութեամբ պիտի քննեն այս խնդիրը»:
Գրիգորիս արքեպիսկոպոս Պալաքեան- Եւրոպայի հայոց կաթողիկոսական պատրիարք. «Հայ լեզուի եւ ուղղագրութեան աղաւաղումն նոյնպէս մեծ խրամատ մը բացած է ընդմէջ հայ բոլոր գաղութներու եւ մայր հայրենիքին: Ազգերու կեանքին մէջ պետական «տըկրեյթներով» (հրովարտակներով) ցարդ լեզու չէ շինուած եւ չի կրնար շինուիլ»:
Սիմոն Հովիւեան- լիբանանահայ պատմաբան եւ հասարակական գործիչ. «Այս խնդիրը հիմնականօրէն ազգային հարց է: Այստեղ կայ ազգային միասնականութեան խնդիր… Լեզուաբանները դեր մը չունին այս հարցին մէջ: …Պետութեան ձայնն է, որ պիտի իշխէ: Եւ յատկապէս նախագահն է, որ իբրեւ հայ ազգի գլուխը՝ պիտի ըլլայ վճռական եւ պետական հրովարտակով ազգին զանազան հատուածները միացնէ՛ եւ միասնական դարձնէ բոլորը, իբրեւ մի ամբողջութիւն-մէկ ազգ»:
Մարկ Նշանեան- ԱՄՆ-ի Կոլումբիա համալսարանի հայագիտական ամբիոնի նախկին վարիչ. «Սփիւռքի հայերը եւ Հայաստանի հայերը գրեթէ երկու տարբեր ժողովուրդներ են… երկու տարբեր լեզուահասկացողութեամբ»:
Հիլտա Գալֆայեան-Փանոսեան-Փարիզի Սորբոնի համալսարանի դոկտ. փրոֆ., լեզուագէտ, բանաստեղծ. «Նոր ուղղագրութիւնը լեցուն է հակասական եւ անտրամաբանական օրէնքներով ու կանոններով… Գրաւոր լեզուն ժողովրդի մը անձնագիրն է, որով երկու տարբեր ուղղագրութիւնները երկու տարբեր ազգերու կը վերածեն մեզ»:
Լեւոն Խաչերեան- Մատենադարանի գիտական աշխատող, դոկտ., փրոֆ. «…Ազգերի ուղղագրութեան պատմութեան մէջ նախադէպը չի եղել, որ երկու գրական լեզուների առկայութեան պայմաններում մի գրական լեզուն որդեգրի անկախաբար առանձին ուղղագրութիւն՝ ի հեճուկս ազգի միւս գրական լեզուի… Իսկ շարունակել պահպանել հայրենի երկբնոյթ ուղղագրութիւնների աննորմալ ու անբնական վիճակը ա՛յն վտանգաւոր եւ ազգակործան ճանապարհն է տանում, որ վերջում անխուսափելիօրէն կը կազմաւորեն երկու ազգեր՝ երկու տարբեր ուղղագրութիւններով… Պատմութիւնը մեզ չի ների բնաւ»:
Գէորգ արք. Չէորէքչեան- կաթողիկոսական տեղապահ, յետագային Ամենայն Հայոց Կաթողիկոս Գէորգ Զ. (նամակ)
Մոսկուա,
Լաւրենտի Բերիային
«Հայկական ուղղագրութեան մէջ, որ կիրառւում է մեզ մօտ (Խորհրդային Հայաստանում), կան մի շարք էական տարբերութիւններ…Դրա հետեւանքով արտասահմանի հայութիւնը մեծ դժուարութիւնների է հանդիպում՝ իրեն հասած խորհրդային գրականութիւնն ընթերցելիս, իսկ ոմանք ընդհանրապէս անկարող են կարդալ: Տեղին եւ նպատակայարմար եմ համարում Միութենական Կառավարութեան միջոցով ԽՍՀՄ Գիտութիւնների Ակադեմիային եւ Հայկական կազմակերպութիւններին առաջադրել միասնական հայկական ուղղագրութեան ստեղծման հարցը, եթէ պահանջուի՝ արտասահմանեան մասնագէտների ներգրաւմամբ»:
Ս. Գիւլբուդաղեանը, Պետական համալսարանի դասախօս եւ ուղղագրութեան պատմութեան մասին արժէքաւոր գիրք գրողը, ով ձգտում էր միջին լուծում գտնել դասականի եւ արդի ուղղագրութիւնների միջեւ, եւս ընդունում էր, որ «Այսօրուայ ուղղագրութեան ամենախոցելի կողմը երկփեղկուածութիւնն է, ոչ միասնական ուղղագրութիւնը»: Տեղին է այստեղ օգտուել Լ. Խաչերեանի վկայութիւններից, ցոյց տալու համար երկփեղկուած, երկու ուղղագրութեան գոյութեան հետեւանքը: Ակադեմիայի լեզուի ինստիտուտի պատասխանատու աշխատողներից մէկը (անունը յայտնի է, սակայն չենք նշում) իր թեզի պաշտպանութեան համար ցանկանալով «ապացուցել», թէ սովետական շրջանում հայերէնում բազմաթիւ բառեր են ստեղծուել, ներկայացրել է հախուռն, հագուրդ, համառ, հաղթանակ, հարգի, հարմար, հուշ, հիշատակ, հաճախ, հանցանք, հեղհեղուկ բառերը, որոնք նա չի յատնաբերել Հայկազեան բառարանում՝ Հ-տառի տակ: Լեզուի այդ դիպլոմաւոր «մասնագէտը» չի իմացել այդ հնաւանդ բառերի գոյութիւնը՝ դասական Յ-ուղղագրութեամբ եւ դրանք փնտրել է այսօրուայ ուղղագրութեամբ: Իսկ ահա մի ուրիշ դէպքում, մանրանկարչութեան պատմութեան ապագայ մասնագէտը յղում է կատարում «Քիվըրտեանի» գրքից: Այս դէպքում էլ ւ- գրութեան չիմացութեամբ «Քիւրտեան» (հնչւում է՝ Քիուրտեան) ազգանունն է աղաւաղուել:
Համոզուելու համար վերոյիշեալ արձագանգների ու գնահատականների իրաւացիութեանը, ստորեւ անդրադառնանք դասական ուղղագրութեան եւ խեղագրութեան տարբերութիւններին:
Շարունակելի

ՆՇԱՆ ՈՐԲԵՐԵԱՆ
ԱՄՆ, Ռոտ-Այլընտ,
Օգոստոս 2009-Յունուար 2010

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել