Լրահոս
Օրվա լրահոսը

Էլի հանուն մայրենիի անաղարտության

Մարտ 18,2010 00:00

Ովքեր եւ ինչն է խանգարում՝ ՀՀ Սփյուռքի նախարարության նախաձեռնության հաջող ելքին

Այս տարվա փետրվարի 19-ին «Հանուն մայրենիի անաղարտության» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ ՀՀ Սփյուռքի նախարարությունը 2010 թվականը հայտարարել է Մայրենի լեզվի տարի՝ հաշվի առնելով, որ Հայաստանից դուրս բնակվող հայերին հայ է պահում հավատքը, լեզուն եւ հայրենիքը, Հայաստանում էլ հայոց լեզուն շատ անհարգալից վերաբերմունքի է արժանանում:
Մայրենիի տարվա շրջանակներում դպրոցներում, բուհերում, կրթական ու ուսումնական այլ հաստատություններում մի շարք միջոցառումներ են կազմակերպվում, մայրենին անաղարտ պահելու թեմայով շարադրություններ հանձնարարվում, աշակերտների սցենարներով ներկայացումներ բեմադրվում, բայց, միեւնույն է՝ հայերեն խոսել էլի չենք սովորում: Կամ պարզապես չենք ուզում սովորել:
Էջմիածնի թիվ 10 դպրոցում կազմակերպված չափազանց հետաքրքիր ցերեկույթից հետո, բեմից նոր-նոր իջած աշակերտները, հենց դահլիճում սկսեցին միմյանց հետ տպավորություններով կիսվել այնպիսի աղավաղված հայերենով, ասես՝ րոպեներ առաջ իրենց շուրթերից չէր հնչում մաքրամաքուր հայերենը: Հարցիս, թե ինչո՞ւ միմյանց հետ նույն հայերենով չեն շփվում, ինչպես՝ բեմում, տասներորդցիներց մեկն ասաց՝ «տղերքը ձեռ կառնեն»:
Մայրենին անաղարտ պահելուն հաստատ չեն օգնում հեռուստաընկերությունները. եթերների առյուծի բաժինը տրամադրելով ժարգոնախառն, հայհոյանքներով համեմված ու աղավաղված հայերենով սերիալներին ու հումորներին: Հեռուստաընկերություններից մեկը նույնիսկ «հերոսական» քայլ էր կատարել. հասկանալու համար, թե իրականում ինչպիսի հայերենով են միմյանց հետ հաղորդակցվում մեր հայրենակիցները, քողարկված տեսախցիկով «որսի» էր ելել, ոչ ավել, ոչ պակաս՝ շուկա: Շատ զարմանալի է, թե ինչո՞ւ լեզվի մաքրության քարոզիչները ազգընտիր խորհրդարանը թողած, իրենց «քարոզարշավը» շուկայից էին սկսել:
«Երեխան անաղարտ հայերեն խոսել պետք է սովորի ընտանիքում: Դրա համար կարեւոր է, որ հայ ընտանիքները նախ սիրեն գիրք կարդալ, որովհետեւ ընթերցանությունն է գեղեցիկ խոսքի հիմքը»,- Էջմիածնի թիվ 10 դպրոցում կազմակերպված միջոցառման ժամանակ ասաց Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը:
Հայոց լեզուն անաղարտ պահելու քարոզչությամբ հայ գրողներն արդեն եղել են հանրապետության մի շարք մարզերում ու մայրաքաղաքի դպրոցներում: Գրքեր են նվիրել դպրոցականներին, հուսալով՝ իրենց օրինակով ետ բերել միմյանց գիրք նվիրելու գեղեցիկ, բայց մոռացված ավանդույթը: «Կուզեի իմանալ, թե վերջին անգամ ո՞ր ծնողն է երեխայի ձեռքից բռնած գրախանութ մտել եւ գիրք գնել»,- հարցրեց Անանյանն ու անպատասխան մնալով՝ ծնողներին հորդորեց բջջային հեռախոսներից բացի երեխաներին մեկ-մեկ էլ գիրք նվիրել:
Էջմիածնի թիվ 10 դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Հասմիկ Մովսիսյանը ոչ ճիշտ հայերեն խոսելու մեջ մեղադրեց հեռուստաընկերություններին: «Մենք՝ ուսուցիչներս, Դոն Քիշոտի նման հողմաղացների դեմ կռվողներ ենք դարձել: Դպրոցում ճիշտ խոսել ենք սովորեցնում, հեռուստատեսությունից սովորում են սխալը: Ասենք՝ մենք սովորեցնում ենք «քեզ համար», իրենք Միշոյի երգից լսում ու սովորում են՝ «քո համար»: Վերջերս էլ աշակերտներիցս մեկը ասում էր՝ ընկեր Մովսիսյան, կարո՞ղ է դուք սխալ եք իմանում՝ ութանասունի փոխարեն մեզ ութսուն եք սովորեցնում: Դե արի ու երեխային բացատրի, որ սխալը հեռուստատեսությամբ հնչածն է»,- «Առավոտի» հետ կիսվեց ուսուցչուհին: Նրա կարծիքով՝ շատ կարեւոր է, որ քննական հարցաշարերի մեջ ներառվել են բառագործածության սխալներն ուղղելու առաջադրանքները, որոնք բավականին օգնում են երեխաներին՝ վերանայելու խոսքային վթարները: Ուսուցչուհին հավատում է նոր սերնդին, նրա ձգտումներին: «Որ օրը հույսս կտրեմ, նշանակում է՝ դպրոցում այլեւս անելիք չունեմ: Իսկ անհույս աշխատելով՝ արդյունք չի լինի»,- ամփոփեց հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Հասմիկ Մովսիսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել