Նախաքրիստոնեական դամբարանը «ռեմոնտ» են արել
Նոյեմբերյան քաղաքից 33 կմ հեռավորությամբ գտնվող սահմանամերձ Բարեկամավան գյուղի դիմացի բարձունքում հառնում է հռչակավոր Բարձրյալ Խաչ հուշարձանը: Այն նախաքրիստոնեական շրջանի բազմանիստ աշտարակաձեւ դամբարան է: Միջնադարում կոթողը քրիստոնեական է դարձել. լուսամուտին խաչ է ագուցվել, ներսում խաչքար է տեղադրվել, եւ դամբարանը վերածվել է մատուռի: Սակայն ժողովրդի հիշողության մեջ պահպանվում է կառույցի հեթանոսական ծագումը: Դրա վկայությունն է այն, որ դամբարանի կողքի ծառին մարդիկ, ի նշան հավատի, այժմ էլ տարբեր գույնի կտորների ծվեններ են կապում: 2004 թվականին պետբյուջեից 20 միլիոն դրամ է հատկացվել հուշարձանի հիմնանորոգման համար: Աշխատանքներն իրականացրել է Ալավերդու շինարարական մի կազմակերպություն, 2004-ի դեկտեմբերին կոթողի նորոգումն ավարտվել է, սակայն տանիքը նախկինի պես բաց է մնում:
2005 թվականին վարչապետի աշխատակազմը ստուգումների արդյունքում պարզել է, որ շինարարները «նորոգման գումարը նպատակային են ծախսել»: Բարեկամավանի գյուղապետ Գարիկ Աբազյանի եւ գյուղի դպրոցի պատմության ուսուցիչ Յուրա Չիթչյանի հետ եղանք Բարձրյալ Խաչում եւ այն, ինչ տեսանք՝ ծանր տպավորություն թողեց: Կոթողի տարբեր կողմերում թափված են Բարձրյալ Խաչի պատերի քարերը, դրա փոխարեն կլոր պատի մեջ Նոյեմբերյանի Զորական գյուղի ֆելզիտից 3 նոր շար են կառուցել: Նոր տեղադրված քարերն ուրիշ տեսակի եւ գույնի են: Մինչդեռ կառույցի մաս կազմած եւ նորոգման ընթացքում այդպես էլ չօգտագործած քարերն այնքան շատ են, որ դամբարանի առաջ դրանից մեծ կույտ՝ պատնեշ է գոյացած: Յուրա Չիթչյանը լավ է հիշում հուշարձանի նախնական տեսքը. Բարձրյալ Խաչը կիսականգուն վիճակում էր, միայն հարավային կողմն էր քանդված:
1990 թվականին վերանորոգման նպատակով կառույցը քանդել են, սակայն սահմանագոտում սկսված կռիվները խանգարել են վերանորոգումը սկսելուն: Հազարամյակների պատմություն ունեցող կառույցի պատերին տեսանելի են ադրբեջանցիների բարբարոսությունների հետքերը: 1990-ին ադրբեջանցիները բազմիցս եկել, քեֆ են արել Բարեկամավանի այդ տարածքում, Գոլի աղբյուրի մոտ՝ եւ գինովցած կրակել հայկական սրբավայրի վրա: Սրբավայրը մի այլ տեսակ են պղծել նորոգումն իրականացրած շինարարները: Նոր շարերը մի տեղում պատից ակնհայտորեն դուրս են ընկել, ուրիշ տեղերում՝ մեծ չափով ներս ընկել: Յուրա Չիթչյանը հիշում է, որ նախկինում տարբեր կենդանիների գլուխների քանդակներից վերեւ շարվածքը աստիճանաբար նեղանում էր, իսկ ալավերդցի շինարարների կառուցած ամենավերեւի շարը, ընդհակառակը, ավելի է լայնացնում կոթողի վերնամասը: Չիթչյանի խոսքերով՝ նախկինում Բարձրյալ Խաչի պատերի մեջ հնարավոր չէր ասեղ մտցնել:
Շինարարները ձեւափոխել են նաեւ կլոր դամբարանի մուտքը. նախկինում դռան բացվածքը դեպի արեւմուտք թեք է եղել, հիմա ուղիղ բացվածք է: Բացի այդ, շինարարները կառույցի հիմքը բազալտով շրջանաձեւ սալապատել են՝ նորից աղավաղելով դամբարանի սկզբնական տեսքը: Բարձրյալ Խաչի պատմական տեսքի աղավաղման մասին զայրույթով է խոսում նաեւ ճանաչված ազգագրագետ Սուրեն Հոբոսյանը: Բարձրյալ Խաչը, բացի պատմական մեծ արժեքից, շատ կարեւոր է նաեւ այլ առումով: Այս հուշարձանը եւս ապացուցում է, որ մեր ազգը սահմանամերձ տարածքում, Քուռ գետից ուղիղ գծով մոտ 15 կմ հեռավորության վրա, ապրել է հնուց ի վեր եւ ստեղծել մեծարժեք կոթողներ: Այսօրինակ «եվրոռեմոնտները» հաստատ չեն նպաստում պատմական իրողությունների եւ անցքերի ճիշտ ներկայացմանը: