Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտ 18,2010 00:00

Այրվել է վագոն-տնակը
Մարտի 16-ին հրդեհ է բռնկվել Գյումրիի Ղանդիլյան փողոցի թիվ 119/193 վագոն-տնակում: Ամբողջությամբ այրվել է Յու. Ալավերդյանին պատկանող վագոն-տնակը՝ 36 քմ մակերեսով:

Քաղաքացիները՝ ձորում
 Արագածոտնի մարզից տեղեկություն է ստացվել, որ Օշական գյուղի հարակից ձորը մարդ է ընկել: Դեռեւս չպարզված հանգամանքներում, քարանձավում քանդման աշխատանքներ կատարելիս, ձորն է ընկել երկու քաղաքացի: Պատահարի հետեւանքով Մասիս քաղաքի բնակիչ՝ 53-ամյա Միշա Բաղդասարյանը տեղում զոհվել է, իսկ Արարատի մարզի Հովտաշատ գյուղի բնակիչ՝ 57-ամյա Գրիգոր Դլդլյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էջմիածնի հիվանդանոց: Զոհվածի դին ձորից դուրս բերելու նպատակով փրկարարների ուժերով կատարվել են մաքրման աշխատանքներ:

Ալիմենտը՝ 10 000 դրամ
Երեկ ԱԺ-ն ընդունել է «ՀՀ ընտանեկան օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը 2-րդ ընթերցմամբ, որով նվազագույն ալիմենտի չափը սահմանվում է 10 000 դրամ, ներկայիս 1000 -ի փոխարեն:

Կրկին մանր ձկներ
ՀՀ պետեկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները օրերս բացահայտել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հերթական դեպքը: Ինչպես տեղեկանում ենք ՊԵԿ լրատվականից՝ ՊԵԿ ՕՀՎ Խորհրդայինի բաժնի աշխատակիցները պարզել են, որ քաղաքացի Ա. Մարտիրոսյանն այս տարվա մարտի 1-ից բաղնիք է բացել եւ աշխատեցրել՝ առանց համապատասխան պետական գրանցման եւ հարկային մարմիններում հաշվառվելու: Ապօրինի ձեռնարկատիրությունը Մարտիրոսյանին բերել է շուրջ 400 հազար դրամի հասույթ: ՕՀՎ աշխատակիցների կողմից ապօրինի գործունեությունը դադարեցվել է: Մեկ այլ դեպք են բացահայտել ՕՀՎ Իջեւանի բաժնի եւ տարածքային հարկային տեսչության աշխատակիցները: Ազատամուտ գյուղի մերձակայքում ստուգման պահին հայտնաբերվել եւ արձանագրվել է փայտածուխի արտադրության 15 կետ: Գույքագրման ընթացքում ՊԵԿ աշխատակիցներն արձանագրել են շուրջ 2 հազար խորանարդ մետր վառելափայտի թափոն, 270 պարկ պատրաստի եւ դեռեւս վառարաններում գտնվող կիսաֆաբրիկատ փայտածուխ: Ապօրինի գործունեությամբ զբաղվել են 5 տնտեսվարող սուբյեկտներ, որոնց հարկային պարտավորությունները մինչեւ այս տարվա մարտ ամիսը կազմում են շուրջ 700 հազար դրամ: Ազատամուտի բնակիչներ Վարդան Աթաբեկյանի եւ Էդգար Գաբրիելյանի նկատմամբ, ովքեր զբաղվել են ապօրինի ձեռնարկատիրությամբ, կազմվել է համապատասխան արձանագրություն: Իրականացվում է վարչական վարույթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել