Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԱՐԱԾՔԸ ՄԱՔՐԵԼՈ՞Ւ ՀԱՄԱՐ ԷԻՆ ՏՎԵԼ

Մարտ 18,2010 00:00

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի 1994թ. ապրիլի 25-ի որոշմամբ հաստատվեց առանց գույքի գնման իրավունքի վարձակալության պայմանագրի կարգը: Այդ հիմքով, Երքաղխորհրդի գործկոմի ոչ պետական առեւտրի եւ սպասարկման ոլորտի կազմակերպման ձեռնարկությունը անհատ ձեռներեց Սամվել Խաչատրյանին տրամադրեց թույլտվություն՝ Խ. Դաշտենցի 16 տան դիմաց առեւտրի կրպակ տեղադրել: Ձեւակերպված էր անգամ նպատակը՝ առեւտուր կազմակերպելու համար: Նախատեսվել էր, որ «տնտեսվարող սուբյեկտը» յուրաքանչյուր տարի ձեռնարկության հաշվին փոխանցի նվազագույն աշխատավարձի յոթնապատիկի չափով գումար, ինչը Սամվել Խաչատրյանը բարեխղճորեն կատարել է:
Ի դեպ, այդ տարածքը Խաչատրյանի տան եւ «Էրեբունի» թանգարանի դիմաց էր: Հետագա շահարկումներից խուսափելու համար Ս. Խաչատրյանը դիմում է ՀՀ հուշարձանների պահպանության վարչություն, որն էլ չի առարկում՝ «Հուշարձանի տարածքում առեւտրի կրպակ դնելու կապակցությամբ»: Վարչությունը փաստում է նաեւ, որ տարածքը նախկինում եղել է թաղամասի աղբավայրը: Սամվել Խաչատրյանին պետական հիմնարկն ակնարկել էր, որ կթույլատրի տարածքի շահագործումը, եթե ուրիշ ոչ մի հողազավթում չլինի, տեղադրված կրպակից բացի՝ որեւէ այլ կրպակ չտեղադրվի, պահպանվի տվյալ տարածքի «բուսածածկույթը» եւ «օգտագործված տարածքի դիմաց կանխիկ վճարում կատարվի թանգարանին՝ համաձայն քաղաքում սահմանված սակագների»:
Սակայն աղբանոցը մաքրվելուց հետո այս տարվա հունվարի 12-ին ՀՀ վարչական դատարան է դիմում Երեւանի քաղաքապետը, պահանջելով քանդել նշված օբյեկտը եւ ենթարկել վարչական տույժի՝ 200 000 դրամի չափով: Մինչ Կարեն Մաթեւոսյանի նախագահությամբ կշարունակվեին դատական նիստերը, քաղաքապետարանը քանդում է քաղաքացու օրինական հիմքերով ձեռք բերված, սակայն 2007թ.-ից չօգտագործվող տարածքը:
Ս. Խաչատրյանը հակընդդեմ հայցով դիմում է դատարան: Նա տեղեկացնում է, որ կատարել է վճարումներ հողօգտագործման համար. «Սակայն չգիտեմ, թե ինչի համար էին այն բոլոր պահանջվող փաստաթղթերը, որոնք տրամադրեցի բարեխղճորեն, բայց չգիտես ինչու անհետացան»: Ս. Խաչատրյանը պահանջում է, որ իր նկատմամբ անարդարացի որոշումներ կայացրած քաղաքապետարանի աշխատակիցները պատժվեն, իսկ կայացրած որոշումները համարվեն չեղյալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել