«SMS-հաղորդումը, արդյոք, կարո՞ղ է դառնալ քրեական հետապնդման առիթ». «Առավոտի» այս հարցին պատասխանում է Մոսկվայում գտնվող իրավաբան Արամ Մխիթարյանը:
Փետրվարի 12-ին «ՍԻԼ» կոնցեռնի հայտնի միջադեպով կոնցեռնի համասեփականատեր Սարիբեկ Սուքիասյանին եւ «Այրարատ» տոնավաճառի տնօրեն Արտաշ Ստեփանյանին մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 133 հոդվածի 2-րդ մասի 2 եւ 7 ենթակետերով. ազատությունից ապօրինի զրկելը՝ նախապես համաձայնությամբ, շահադիտական դրդումներով:
«Ազատությունից ապօրինի զրկել» դրույթը կիրառվում է միայն այն դեպքում, երբ մարդուն ազատությունից ապօրինի զրկելը կապված չէ նրան բռնազավթելու եւ կամքին հակառակ այլ վայր տեղափոխելու գործողությունների հետ (մարդուն առեւանգելու): Քննարկվող հանցագործության օբյեկտիվ կողմը բնորոշվում է նրանով, որ մարդու ազատ տեղաշարժը արգելվում է, ըստ որում, տուժողին որեւէ տեղում կապկպում, կողպում կամ արգելափակում են:
Արարքը կարող է կատարվել նաեւ տուժողի նկատմամբ բռնության գործադրմամբ կամ վնաս պատճառելու սպառնալիքի միջոցով: Նման դեպքերում տուժողը ֆիզիկապես հնարավորություն է ունենում տեղաշարժվելու, մինչդեռ սպառնալիքի ազդեցությամբ չի հեռանում: Նորմի երկրորդ մասը նախատեսում է որակյալ կազմ, երբ արարքը կատարվում է մի խումբ անձանց կողմից նախապես համաձայնությամբ, զենքի գործադրմամբ, շահադիտական դրդումներով եւ այլն:
Նկատվում է, որ հոդվածը արտագրված է ՌԴ ՔՕ-ի համապատասխան 127 նորմից, սակայն 2-րդ մասում պահպանվել է «շահադիտական դրդումներ» հատկանիշը, ինչը ՌԴ-ի օրենսդրությամբ կիրառվում է միայն մարդուն առեւանգելու դեպքում:
Իմ պատկերացմամբ, Ս. Սուքիասյանին եւ Ա. Ստեփանյանին առաջադրված մեղադրանքները զուրկ են իրավական հիմքերից՝ հետեւյալ հիմնավորումով.
1. Ընդհանրապես շահադիտական դրդումներով ազատությունից ապօրինի զրկելը իրացվում է տուժողից կամ նրա մերձավորներից փրկագին պահանջելու ձեւով: Նման դեպքերում որակվում է նաեւ «շորթում» հանցագործությունը: Շահադիտական դրդումներ են համարվում նաեւ այն գործողությունները, երբ հանցավորը տուժողին արգելափակում է, որպեսզի նրան զրկի կոմերցիոն գործարքներ կնքելու, մրցույթներին կամ աճուրդներին մասնակցելու հնարավորությունից:
Գործով որեւէ ապացույց չկա, որ «ՍԻԼ» կոնցեռնում «Աուդիտ» ՓԲԸ-ի տնօրեն Գոռ Դավթյանին որեւէ տեղում արգելափակել, կողպել, զնդանել կամ կապկպել են, ինչպես նաեւ նրանից կամ մերձավորներից արգելափակումից ազատելու դիմաց պահանջել են փրկագին կամ նրան զրկել են կոմերցիոն գործողությունների մասնակցելու հնարավորությունից, հետեւաբար, արարքում բացակայում է հանցակազմի օբյեկտիվ կողմը:
2. Անհրաժեշտ է նկատել, որ հանցագործության առարկան իբր սպառնալիքի գործադրմամբ ստորագրված փաստաթուղթը վերաբերում է «Աուդիտ» ՓԲԸ-ի եւ «ՍԻԼ» կոնցեռնի միջեւ կնքված առքուվաճառքի անվավեր ճանաչված գործարքի արդարացի լուծմանը, բնականաբար, Սարիբեկ Սուքիասյանը նպատակ է ունեցել ոչ թե փրկագին շորթել կամ տիրանալ Գոռ Դավթյանի ունեցվածքին, այլ վերականգնել կոնցեռնի խախտված իրավունքները եւ այլոց զավթումներից պաշտպանել սեփականությունը:
3. Քրեական օրենսդրությունը տարբերում է հանցակցության, այսինքն՝ երկու կամ ավելի անձանց դիտավորյալ համատեղ մասնակցությունը դիտավորյալ հանցագործությանը, տարբեր ձեւեր.
– մի խումբ անձանց կողմից առանց նախապես համաձայնության,
– մի խումբ անձանց կողմից նախապես համաձայնությամբ,
– նախապես միավորված խմբի կողմից,
– ծանր եւ առավել ծանր հանցագործություններ կատարելու համար համախմբված խմբավորում (Քրեական օրենսգրքի 41 հոդված):
Ի դեպ, կարեւոր է, թե նախապես համաձայնությունը ե՞րբ է կայացել եւ ո՞րտեղ, քանի որ պարզաբանումն առանցքային նշանակություն ունի, որովհետեւ դրա միջոցով է սահմանազատվում հանցագործության հասարակ եւ որակյալ կազմերը: Օրինակ, եթե ազատությունից ապօրինի զրկելը կատարվել է մի խումբ անձանց կողմից առանց նախապես համաձայնության, արարքը որակվում է 133 հոդվածի 1-ին մասով (հասարակ կազմ), որը նախատեսում է առավելագույնը 2 տարի ժամկետով ազատազրկում:
Եթե արարքը կատարվում է մի խումբ անձանց կողմից նախապես համաձայնությամբ, արարքը որակվում է 133 հոդվածի 2-րդ մասով (որակյալ կազմ) եւ պատժվում է 3-5 տարի ժամկետով ազատազրկմամբ:
Իմ պատկերացմամբ, «Մի խումբ անձանց կողմից նախապես համաձայնությունը» հավաստող ապացույցներ չկան, այդ հանգամանքը արհեստական սարքվել է՝ պատժաչափը խստացնելու միտմամբ:
Քրեական իրավունքի տեսությունը համաձայնությունը համարում է նախապես, երբ դա կայացել է հանցագործությունը կատարելուց առաջ, մինչ օբյեկտիվ կողմի սկսելը (cՎ. ՍՏՎՎպվՑՈՐՌռ Ս ձչՏսՏՉվՏՎց ԽՏՊպՍրց ՀՂ, չ. ԾՏրՍՉՈ, 2005չ., րՑՐ. 108-110): Հետեւաբար, այն դեպքում, երբ մինչ Գոռ Դավթյանի՝ իր ցանկությամբ կոնցեռն այցելելը Ս. Սուքիասյանը չի իմացել ՓԲԸ-ի բաժնետոմսերը ուրիշին վաճառելու Գ. Դավթյանի մտադրության մասին, իսկ Գ. Դավթյանի եւ Ա. Ստեփանյանի կոնցեռն այցելելը փոխկապակցված չեն, զուգադիպություն է, վերջինս էլ առքուվաճառքի գործարքի հետ որեւէ առնչություն եւ շահագրգռվածություն չունի, ապա այս դեպքում արարքը «մի խումբ անձանց կողմից նախապես համաձայնությամբ» որակելը անտրամաբանական է:
Նկատելի է (ծանոթանալով հայրենի ԶԼՄ-ների հրապարակումներին եւ պաշտոնական հաղորդագրություններին), որ նախապես համաձայնությամբ համատեղ գործողության հանգամանքը նույնպես կառուցվել է հոգեբանական սպառնալիքների մասին Գ. Դավթյանի SMS հաղորդում-հայտարարության հիմքով: Դրա անարժանահավատությանը անդրադարձել ենք «Առավոտ» օրաթերթում, 20.02.2010թ. եւ զարմանալի չէ, որ տուժողը արդեն իսկ հրաժարվել է զենքի գործադրմամբ սպառնալիք-հանգամանքից:
Իմիջիայլոց, հանցագործությունների մասին ֆիզիկական եւ իրավաբանական անձանց հայտարարությունները եւ հաղորդումները պետք է ուղղված լինեն քրեական հետապնդում իրականացնող մարմիններին՝ գրավոր կամ բանավոր, իսկ անանուն հայտարարությունները եւ հաղորդումները (առավել եւս՝ SMS-ները) քրեական գործ հարուցելու առիթ չեն (Քրեական դատավարության օրենսգրքի 175, 176 հոդվածներ):
Իմ համոզմունքով, ազատությունից ապօրինի զրկել-հանցագործություն տեղի չի ունեցել, իսկ առանց առիթի քրեական հետապնդումների եւ հալածանքների պատճառը բնավ իրավական սխալները չեն, այլեւ երկրում օրինականության, կարգուկանոնի աննախադեպ անկումը եւ համընդհանուր անարխիան: