Մի քանի օր է՝ ԴԱՀԿ-ի աշխատակիցները Գյումրիի Գարեգին Նժդեհի 7 հասցեի թիվ 2 հանրակացարանում բնակվող Հարությունյանների անօթեւան ընտանիքին «օր ու արեւ» չեն տալիս: Ընտանիքի հոր՝ Գեւորգ Հարությունյանի խոսքերով՝ «Գյումրու Տեքստիլ» ԲԲԸ սնանկության գծով կառավարիչ Կամո Մկրտչյանը հանրակացարանին կից 113,19 քմ հողակտորը իբրեւ թե ապօրինաբար զավթելու համար դատի է տվել իրենց ու դատը շահել: Եվ սա այն դեպքում, երբ, ըստ Գեւորգ Հարությունյանի ձեռքի տակ եղած փաստաթղթերի, այդ հողակտորը պատկանում է ոչ թե «Տեքստիլ» ԲԲԸ-ին, այլ՝ Գյումրիի քաղաքապետարանին:
Նկատենք, որ այս պատմության մեջ արտառոցն այն է, որ այդ հողակտորի վրա է գտնվում նաեւ Հարությունյանների տան մուտքը: Նրանք բնակվում են 2-րդ հարկում՝ «Տեքստիլի» նախկին կինոդահլիճում, որտեղից ելումուտ են անում աստիճանավանդակով, իսկ ԴԱՀԿ-ն մի քանի օր է՝ արգելում է օգտագործել այն: ԴԱՀԿ-ի աշխատակիցները եռակցման սարքով հանել են աստիճանների բազրիքները: «Ես «Տեքստիլի» նախկին աշխատակից եմ եղել, եւ քանի որ իմ տնակը փտել էր, ինձ «Տեքստիլի» ղեկավարությունը որոշել էր հատկացնել կինոդահլիճի սենյակը: Այսինքն՝ այս տան ելումուտը միշտ առանձին է եղել: Հիմա ԴԱՀԿ-ն ինձ առաջարկում է տան մուտքը ընդհանուր շենքից կամ հարեւանի սեփականաշնորհված սենյակից բացել: Բայց շենքը վթարային է, մեջտեղից կիսված, օրումեջ փլուզվում է, ես ինչպե՞ս կարող եմ տան մուտքը փոխել: Բացի այդ, դատարանի վճռի մեջ կես բառ անգամ չկա աստիճանավանդակի մասին, իսկ ԴԱՀԿ-ն սկսել է հենց դրանից՝ մեզ ասելով՝ օդով ճանապարհորդեք»,- դժգոհեց տանտերը: Նա նաեւ պատմում է, որ ԴԱՀԿ-ի աշխատակիցներն իր ընտանիքի անդամներին քաշքշել են, նրանց թեւերից բռնել ու մի կողմ են հրել, եռակցման սարքը դստեր ոտքերին պահե…Չնայած ԴԱՀԿ-ի աշխատակիցների դեմ Հարությունյանների բողոքը այժմ քննվում է Շիրակի մարզի ոստիկանության քննչական բաժնում, բայց սա չի կաշկանդում վերջիններիս՝ օրումեջ այցելել անօթեւան ընտանիքին ու աստիճանավանդակը աստիճանաբար քանդել:
Մանրամասները՝ առաջիկայում: