Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՒՅՆ ՏԱՐԱԾՔԸ 2 ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՆ ՏՎԵԼ

Մարտ 18,2010 00:00

Այդ մասին կողմերից ոչ մեկին տեղյակ չի պահվել

\"\"

Մետրոյի «Բարեկամություն» կայարանի գետնանցումում գտնվող 6 քմ ընդհանուր մակերես ունեցող տաղավարը հիմա փաստացիորեն միաժամանակ վարձակալում է 2 ընկերություն: «Լինդա» ընկերությունն ավելի քան 17 տարի այդտեղ պատճենահանման բիզնես է ծավալում եւ այդ տարիների ընթացքում Արաբկիրի թաղապետարանի հետ օրինական կարգով պայմանագրեր է կնքել ու դեռ վերջին պայմանագրի ժամկետը չլրացած՝ թաղապետարանը նրա զբաղեցրած տաղավարը 25 տարի ժամկետով տրամադրել է մեկ այլ ընկերության՝ «Օնիկ» արտադրական կոոպերատիվին, ընդ որում՝ առանց «Լինդայի» տնօրինությանը տեղյակ պահելու: Մեր օրերում արդեն սովորական այս պատմությունը ջրի երես է դուրս եկել «թաքուն» պայմանագրի կնքումից միայն 2 տարի հետո, երբ «Լինդա» ընկերության ղեկավար Արմեն Մկրտչյանը ծանուցագիր է ստացել՝ Արաբկիր-Քանաքեռ-Զեյթուն համայնքների 1-ին ատյանի դատարան ներկայանալու համար: Նա համոզված է, որ Արաբկիր համայնքի նախկին թաղապետի եւ «Օնիկ» ընկերության միջեւ կնքված պայմանագիրն անօրինական է. «Ես այդտեղ եմ աշխատում 1993 թվականից, մինչ օրս էլ վարձակալության համար գումար եմ վճարում՝ 13 500 դրամ: Իմ սեփական միջոցներով եմ կրպակ գնել եւ տեղադրել այդտեղ, աշխատելու համար էլ համապատասխան պայմաններ եմ ապահովել կրկին իմ միջոցներով` հոսանքի ու հեռախոսի գիծ եմ անցկացրել, այդ ամենի համար ծախսել եմ ավելի քան 2 միլիոն դրամ։ Սակայն, կարելի է ասել, պատահաբար տեղեկացա, որ «Օնիկ» արտադրական կոոպերատիվը դիմել է դատարան՝ Արաբկիրի թաղապետարանից պահանջելով իրեն հատկացնել այն տարածքը, որը զբաղեցնում եմ ես։ Դատարան ներկայանալով՝ իմացա, որ այդ տարածքը դեռեւս 2006 թվականի դեկտեմբերի 1-ին  վարձակալության պայմանագրով տրվել է «Օնիկ» ընկերությանը՝ 25 տարի ժամկետով, իսկ իմ պայմանագրի ժամկետը լրանում էր 2008 թվականի հուլիսին միայն: Մինչ պայմանագրիս ժամկետը լրանալը, ես պարբերաբար դիմել եմ Արաբկիրի թաղապետարան՝ նոր վարձակալական պայմանագիր կնքելու համար եւ միշտ ստացել եմ նույն պատասխանը՝ գնա աշխատի, քեզ ով է բան ասում։ Ինձ համար անհասկանալի է, թե ինչու էր գաղտնի պահվում այն, որ իմ զբաղեցրած  տարածքը, դեռ իմ պայմանագրի ժամկետը չլրացած, տրվել է մեկ այլ ընկերության, չնայած նրանք շարունակում էին ինձնից գանձել վարձավճարներ: Ինձ անգամ որեւէ մեկը չի զգուշացրել, որ ազատեմ այդ տարածքը: Նրանց պայմանագիրը հաստատած նոտարական գրասենյա՞կն էլ «չի նկատել», որ նույն հասցեի վերաբերյալ կա եւս մեկ վարձակալական պայմանագրի գրանցում։ Նախապատվությանս իրավունքն էլ են խախտել, առաջինն ինձ չեն առաջարկել այդ տարածքի վարձակալությունը, այլ մեկ այլ ընկերության են միանգամից տվել»:
Նշենք, որ Արաբկիր-Քանաքեռ-Զեյթուն համայնքների 1-ին ատյանի դատարանը ապացուցված է համարել այն փաստը, որ Արաբկիրի թաղապետարանը վարձակալին՝ «Օնիկ» ընկերությանը, օրինական կարգով չի հանձնել վարձակալվող տարածքը։ Իսկ որ այս տարածքի վերաբերյալ կա 2 պայմանագիր, ապա դատարանը համարում է, որ դրանք չեն առնչվում հայցվոր «Օնիկ» ընկերության կողմից բարձրացված խնդրին, քանի որ նոր վարձակալին տրվում է 14 քմ ընդհանուր տարածք,  ոչ թե՝ 6 քմ։ «Լինդա» ընկերությունն այս որոշումը բողոքարկել է վերաքննիչ դատարանում, սակայն հայցը մերժվել է, քանի որ, ըստ դատարանի, Արմեն Մկրտչյանը իր հայցում չի նշել նորմերի խախտման վերաբերյալ հիմնավորումներ, որոնք հանգեցրել են գործի սխալ լուծմանը։ Մերժվել է նաեւ Ա. Մկրտչյանի վճռաբեկ դատարան ներկայացրած հայցը:
Իսկ արդեն վիճելի տարածքի առնչությամբ նոր վարձակալության պայմանագիր կնքելու նախապատվության իրավունքի խախտման համար Ա. Մկրտչյանը որոշել է դիմել կրկին 1-ին ատյանի դատարան: Նրա հայցը մերժվել է այն հիմնավորմամբ, որ հայցվորի հետ կնքված պայմանագրերը պետական գրանցում չեն ունեցել, ուստի եւ առոչինչ են։ Նույն բողոքով դիմելով վերաքննիչ ու վճռաբեկ դատարաններ՝ նորից մերժում է ստացել: Պետական գրանցման առնչությամբ «Լինդա» ընկերությունը դիմել է Կադաստրի պետական կոմիտե, որտեղից պատասխանել են, որ մետրոյի «Բարեկամություն» կայարանի ստորգետնյա անցումում գտնվող մինչեւ 8 քմ մակերես ունեցող կրպակների նկատմամբ 2003-ի ընթացքում վարձակալության իրավունքի պետական գրանցման, ինչպես նաեւ 2003-ին պետական գրանցումները կասեցնելու վերաբերյալ՝ կադաստրային գործող տվյալներ առկա չեն, դա պարտադիր է դարձել միայն 2004 թվականին, ուստի եւ «Լինդա» ընկերության եւ Արաբկիր թաղապետարանի միջեւ կնքված պայմանագիրը չէր կարող Կադաստրի պետական կոմիտեի կողմից գրանցված լինել:
Արաբկիր վարչական տարածքի ղեկավարի տեղակալ Հարություն Խաչատրյանն այս առնչությամբ «Առավոտին» պարզաբանեց, որ այդ պայմանագրերը կնքվել են նախկին աշխատակազմի օրոք, ուստի իրենք են «Օնիկ» եւ «Լինդա» ընկերություններին խորհուրդ տվել դատական կարգով տարածքի օրինական վարձակալ որոշել, դատարանն էլ որոշել է, որ տարածքը պետք է հատկացնել «Օնիկ» ընկերությանը: Մեր այն հարցին, թե ինչո՞ւ է այդ դեպքում «Լինդա» ընկերությունը շարունակում տարածքը զբաղեցնել ու դրա համար վճարել, նա պատասխանեց. «Այդ տարածքի վերաբերյալ բողոքարկումները դեռ շարունակվում են, դրա համար էլ «Լինդա» ընկերությունը դեռ շարունակում է իր գործունեությունը»:
Մենք «Օնիկ» արտադրական կոոպերատիվի տնօրեն Թամարա Սարգսյանից հետաքրքրվեցինք, թե իրենց ընկերությանը տեղյակ չի՞ պահվել, որ իրենց հանձնված տարածքի վերաբերյալ կա եւս մեկ վարձակալական պայմանագիր, որին նա պատասխանեց. «Ոչ, տեղյակ չենք եղել: Երբ արդեն ցանկացել ենք զբաղեցնել տարածքը, նոր ենք իմացել, որ այդտեղ այլ վարձակալ կա: Մենք էլ հո կռիվ չէի՞նք անելու, որոշեցինք դատական կարգով հարցը լուծել: Արդեն դիմել ենք դատարան, որ «Լինդա» ընկերությունը տարածքը ազատի»: Նշենք, որ «Օնիկ» ընկերությունը նույն տարածքի համար վճարելու է 18 հազար դրամ:

Հ. Գ. Նյութն արդեն պատրաստ էր, երբ խմբագրություն զանգեց «Օնիկ» արտադրական կոոպերատիվի իրավաբան Արթուրը եւ բավականին կոպիտ տոնով սպառնաց այլեւս իրենց չզանգել ու հարցեր չտալ, հակառակ դեպքում՝ «կտեսնենք մեր հալը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել