Երեկ «Առավոտը» ստացել է «Վարորդ-Ոստիկան համագործակցություն» հ/կ համանախագահ Գեւորգ Դոստուրյանի «Բաց նամակը»՝ ուղղված երկրի նախագահին եւ վարչապետին, որում մասնավորապես գրված է. «Մեկ տարի առաջ կառավարության հորդորով տաքսիստների մեծ մասը լիցենզավորվեցին եւ մտան օրինական հարկային դաշտ, գնելով նոր մեքենաներ՝ ապառիկ կարգով, եւ ստանձնելով վարկային պարտավորությունների բեռը։ Այսօր ՀՀ-ում աշխատում են շուրջ 10 000 լիցենզավորված եւ մոտ 1000 չլիցենզավորված (ոչ օրինական) տաքսիներ։ Կառավարությունը չլիցենզավորվածներին ժամանակավորապես թույլատրել էր աշխատել առանց հարկեր վճարելու՝ մինչեւ 2010թ. հունվարի 1-ը, պայմանով, որ նրանք այդ ընթացքում պետք է մտնեն օրինական դաշտ։ Չնայած դա ստեղծել էր տնտեսվարման անհավասար պայմաններ, լիցենզավորված տաքսիներն ըմբռնումով մոտեցան կառավարության այդ որոշմանը, եւ շարունակեցին կատարել իրենց հարկային պարտավորությունները եւ վճարել լիցենզիայի համար նախատեսված տարեկան 25 000 դրամը։ Բայց այժմ տեսնում ենք, որ կառավարությունը նորից հակված է չլիցենզավորված տաքսու վարորդներին թույլ տալու աշխատել անորոշ ժամկետով։ Այդ դեպքում լիցենզավորված տաքսու վարորդները, որոնք մեկ տարի է՝ արդեն վճարում են հարկեր, խնդրում են, որպեսզի արդարությունը պահպանվի. կամ թող օրենքը գործի 100%-ով բոլորի համար, կամ որոշ զիջումներ էլ արվեն իրենց համար՝ մեկ տարով ազատեն լիցենզիայի պետտուրքից եւ հաստատագրված 6800 դրամ հարկից՝ թողնելով միայն 5000 դրամ սոցվճարը։
Ապրիլի 10-ին լիցենզավորված տաքսու վարորդները երկրորդ տարվա համար պետք է մուծեն 25000 դրամ պետտուրք։ Նրանք խնդրում են հաշվի առնել, որ եթե մինչեւ ապրիլի 10-ը կառավարությունը վերջնականապես չկարգավորի այս հարցը, նրանք կհրաժարվեն վճարել պետտուրքը եւ հրապարակայնորեն դեղին համարանիշները կբերեն եւ կհանձնեն տրանսպորտի նախարարություն: Կառավարությունը կարող է զիջման գնալ սահմանամերձ մարզերում եւ Գյումրիում, իսկ Երեւանում եւ նրա մերձակայքում օրենքը պետք է կիրառվի 100%-ով։ Այս վերջին երկու շաբաթվա ընթացքում մեր վարորդներից 30-ը հրաժարվեցին իրենց լիցենզիաներից, բայց հրաժարվելով լիցենզիայից, նրանք շարունակում են տաքսի ծառայություն մատուցել՝ հարկերը չվճարելով։ Եվ դժվար է նրանց մեղադրել, քանի որ օրենքը առաջինը խախտողը կառավարությունն է»։