2009թ. Հայաստանում կոնյակի արտադրության ծավալը նվազել է 39%-ով: Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը, երեկ տեղեկացրել է, որ մինչեւ 2009թ. մեր երկրում կոնյակի արտադրության ծավալն աճի մեծ տեմպեր է ապահովել, սակայն նախորդ տարվա ցուցանիշը հավասարվել է 1936թ. արտադրության մակարդակին: Փոխարենը նախորդ տարի աճել են գինու, օղու եւ գարեջրի արտադրության ծավալները: 2008թ. համեմատությամբ 2009թ. 31%-ով ավելի գինի, 8%-ով ավելի օղի եւ 3%-ով ավելի գարեջուր է արտադրվել: Ինչ վերաբերում է ալկոհոլի արտահանման ցուցանիշներին, ապա 2009թ. ՀՀ-ից գինու արտահանումը 7%-ով ավելացել է՝ կազմելով 516 հազար լիտր, իսկ ներմուծումը նվազել է 32%-ով՝ կազմելով 141 հազար լիտր: Նա նաեւ շեշտել է, որ գինու արտադրության համար օգտագործվում է Հայաստանում վերամշակվող խաղողի շուրջ 10%-ը: 1/3-ով նվազել է նաեւ ռուսական օղու ներմուծման ծավալը: Փոխարենը նախորդ տարի 2-2.5 անգամ ավելացել է արտասահմանյան կոնյակի ներմուծման ծավալը: Իսկ արտասահմանյան արտադրության կոնյակ, ըստ գինեգործի, բացառապես խմում է վերնախավը, այն դեպքում, որ միջին խավը խմում է ռուսական օղի:
Ինչ վերաբերում է 2010-ի ցուցանիշներին, ապա պարոն Հարությունյանը նկատեց, որ այս տարվա հունվար-փետրվարին Հայաստանի բնակչությունն ավելի շատ գինի եւ կոնյակ է խմել, քան օղի, ինչը, ըստ գինեգործի, լավ նշան է. «Եթե մարդ օղի քիչ է խմում, նշանակում է՝ գործերը լավ են»: