Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԴՐԱՄԸ ԿՐԿԻՆ ԱՐԺԵԶՐԿՎԵՑ

Մարտ 18,2010 00:00

Երեկ հայկական դրամն ընկավ պատվանդանի հերթական աստիճանից՝ 1 դոլարն անցավ 400 դրամի սահմանը, իսկ 1 եվրոն՝ 550-ի: Պատմությունը ցույց է տվել, որ հայկական դրամային շուկայում դժվարը «հոգեբանական արգելքը» հաղթահարելն է, դրանից հետո ամեն ինչ գնում է հալած յուղի պես: Երբ մի քանի տարի առաջ 1 դոլարը 590 դրամ էր եւ գնալով սկսեց էժանանալ, բոլորն անհամբեր սպասում էին՝ կկատարվի՞ անհավատալին, կանցնի՞ այն 500 դրամի սահմանը: Բայց բավական էր դրամն արժեւորվեր այնքան, որ $1-ը դառնար 498 դրամ, եւ սկսվեց գահավիժումը՝ շատ արագ հասավ 400-ի շեմին: 6 տարի առաջ՝ 2004թ. մարտի 18-ին $1-ն արժեր 564, 1 եվրոն՝ 685 դրամ, դրանից վեց ամիս անց՝ սեպտեմբերի 18-ին $1-ը՝ 514, 1 եվրոն՝ 629 դրամ արժեին: Եվս երեք ամիս անց՝ 2004թ. դեկտեմբերի 18-ին $1-ն արժեր արդեն 483 դրամ, փոխարենը եվրոն արժեւորվել էր մինչեւ 641 դրամ: 2005-ի մարտի 18-ին դոլարն արժեր 469 դրամ, եվրոն՝ 626, 2006-ի օգոստոսին դոլարը դարձավ 401 դրամ, եվրոն՝ 512: Իսկ արդեն 2007թ. փետրվարին դոլարը կտրել էր նաեւ 400-ի սահմանը եւ վաճառվում էր 358 դրամով, եվրոն արժեր 464 դրամ:
Երեկ առավոտից տարածվող լուրերին, թե բանկերը հրաժարվում են դոլար վաճառել, անդրադարձել է tert.am-ը, մեջբերելով ԿԲ-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատուին, ով կոչ է արել նման դեպքերում դիմել ԿԲ, որը խախտումներ արած բանկերի դեմ վարույթ կհարուցի:  Ի դեպ, երեկ ԿԲ-ի շենքի գլխին արդեն փողփողում էր նոփ-նոր պետական դրոշը: Այս հիմնարկը նման օպերատիվությամբ արձագանքեց «Առավոտի» երեկվա համարի 1-ին էջի լուսանկարին:              
                                

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել