Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայ միգրանտները Թուրքիայի համար խաղաթուղթ են

Մարտ 18,2010 00:00

Այդպես է կարծում նաեւ Թուրքիայի աշխատանքի նախարարը

Լոնդոն կատարած պաշտոնական այցի շրջանակներում Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունի հետ հանդիպման ավարտին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ, նաեւ BBC-ի թուրքական ծառայությանը տված հարցազրույցում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը խոսել է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների մասին: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւերի ընդունմանը Շվեդիայում եւ Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում՝ Էրդողանն ասել է, թե այդ ամենը դժվարացնում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը եւ վնասում է հենց Հայաստանի ժողովրդին: «Եթե Ռուսաստանը, Միացյալ Նահանգները, Ֆրանսիան իրենց համարում են Հայաստանի դաշնակիցներ, ապա պետք է օգնեն Հայաստանին՝ ձերբազատվելու Սփյուռքի հսկողությունից, եւ պետք է նպաստեն հայ-թուրքական բանակցություններին»,- «Ազատություն» ռ/կ-ի մատուցմամբ, ասել է Թուրքիայի վարչապետը՝ հավելելով, թե այդ դեպքում կլուծվեն հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական բոլոր տարաձայնությունները:
Էրդողանը խոսել է նաեւ Թուրքիայի տարածքում բնակվող, իր տվյալներով՝ 170 հազար հայերի մասին եւ հնչեցրել նրանց արտաքսելու սպառնալիքը:
Այս հեռանկարի օգտին է խոսել նաեւ Թուրքիայի աշխատանքի նախարար Օմեր Դինջերը՝ ինչպես տեղեկացնում է «news.am»-ը: «Ես՝ որպես աշխատանքի նախարար, կողմ եմ այդ հայտարարությանը։ Դա Հայաստանի համար լուրջ վտանգ է ներկայացնում։ Մենք հաղթաթուղթ ունենք եւ այն կարող ենք օգտագործել։ Թուրքիան ցանկանում է Հայաստանի հետ խաղաղության մեջ ապրել։ Սակայն այլ երկրներ թուրք-հայկական հարաբերությունները վտանգող իրադրություններ են ստեղծում։ Թուրքիան մի շարք հաղթաթղթեր ունի, եւ Թուրքիայում անօրինական աշխատող հայաստանցիները դրանցից մեկն են։ Մեր աշխատողները դժվարությամբ են հացի գումար վաստակում, իսկ մենք արտասահմանցի անօրինական աշխատողի վրա աչք ենք փակում»,- հայտարարել է թուրք նախարարը։
Մինչդեռ վարչապետ Էրդողանի հայտարարությունն այլ կերպ է մեկնաբանել նրա կուսակիցը՝ «Արդարություն եւ զարգացում» իշխող կուսակցության արտաքին հարաբերությունների հարցերով փոխնախագահ Սուաթ Քընըքլըօղլուն: Tert.am-ի փոխանցմամբ, նա հայտարարել է, թե «պետք չէ այդ խոսքերը սխալ մեկնաբանել»։ Նրա մատուցմամբ, այդ հայտարարությամբ Թուրքիայի վարչապետը միայն ցանկացել է ընդգծել թուրքական իշխանությունների՝ երկրում ապօրինի բնակվող հայերի նկատմամբ հանդուրժողականությունը:
Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին՝ Քընըքլըօղլուն ասել է, որ հայկական վերնախավը չի հասունացել եւ պատրաստ չէ հարաբերությունները կարգավորելուն: «ՆԱՏՕ-ի սեմինարին մասնակցելու նպատակով Երեւանում էի: Այնտեղ համոզվեցի, որ Հայաստանի էլիտայի մոտ բացակայում է անհրաժեշտ հասունությունը հարաբերությունների կարգավորման համար։ Հակառակ սրան՝ տեսա, որ մեծ է հայ ժողովրդի ցանկությունը հարաբերությունների կարգավորման եւ սահմանների բացման հարցում: Ե՛վ թուրքերը, ե՛ւ հայերը, ե՛ւ ադրբեջանցիները տարածաշրջանում խաղաղություն են ուզում: Արդեն «նախապայման-մախապայման» փակուղիներից դուրս գալու, Ղարաբաղում խաղաղության հաստատման ուղղությամբ ճանապարհային քարտեզի մասին հայտարարելու եւ դրանից հետո արձանագրությունների վավերացման հետ մեկտեղ կայուն եւ արդար որոշում կայացնելու ժամանակն է»,- Ըստ «CNNTurk»-ի, հայտարարել է Քընըքլըօղլուն:
Արձագանքելով Էրդողանի՝ հայերին Թուրքիայից վտարելու հետ կապված հայտարարությանը՝ Թուրքիայի աշխատանքի եւ սոցանվտանգության նախկին նախարար Յաշար Օքույանը ասել է, որ իրավական տեսանկյունից դա քրեորեն հետապնդելի արարք է, եւ վաղը նա պատրաստվում է Թուրքիայի վարչապետի ու աշխատանքի նախարարի դեմ դատական հայց ներկայացնել Գերագույն դատարան: «Նոյյան Տապան»-ի հաղորդմամբ, թուրքական «Անկա» (Anka) լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Օքույանը ասել է, մասնավորապես, հետեւյալը. «Այս հայտարարությունները քաղաքականության տեսանկյունից լուրջ հակասություն են ստեղծում: Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման շրջանակներում վարչապետը Հայաստանի հետ կարգավորման գործընթացը մարդասիրության տեսանկյունից էր մեկնաբանում: Նույն այդ վարչապետը «հայերին կվտարենք» ասելով՝ լուրջ քաղաքական հակասություն է դրսեւորում»: Նախկին նախարարի գնահատմամբ, բացի այդ, նման հայտարարությունը, ըստ էության, հանցանքի ինքնախոստովանություն է: Դատարանի առջեւ կանգնելու նույն այդ վտանգը սպառնում է նաեւ Թուրքիայի աշխատանքի նախարարին:
Ըստ Յաշար Օքույանի, օտարերկրացիների աշխատանքի վերաբերյալ գործող օրենսդրական ակտի համապատասխան հոդվածով այդ իրավախախտման համար նախատեսված է երկուսից չորս տարի ազատազրկում: Պատասխանատվության պետք է ենթարկվի նաեւ ապօրինի ներգաղթյալին աշխատանքով ապահոված գործատուն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել