Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՄՆ-Ն՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ

Մարտ 18,2010 00:00

ԱՄՆ պետքարտուղարության Մարդու իրավունքների 2009 թվականի զեկույցի Հայաստանի վերաբերյալ 84 էջանոց հատվածի մի մասն էլ կազմում են մեր երկրում պաշտոնեական կոռուպցիայի եւ կառավարության թափանցիկության մասին գնահատականները: Մասնավորապես նշված է. «Օրենքով պաշտոնեական կոռուպցիայի համար սահմանված են քրեական պատժամիջոցներ. այնուհանդերձ, կառավարությունն օրենքներն արդյունավետորեն կամ հավասարաչափ չի կիրառում, եւ պաշտոնյաները հաճախ անպատժելիորեն կոռումպացված գործողությունների մեջ են ներգրավվում: Իշխանությունները շոշափելի միջոցներ չեն ձեռնարկել համակարգային կոռուպցիան կրճատելու ուղղությամբ, չնայած ստորին ու միջին օղակի պաշտոնյաների նկատմամբ պարբերաբար իրականացվել է հետապնդումներ մանր կոռուպցիոն դրսեւորումների հարցով, ինչպիսին է օրինակ՝ ծառայության դիմաց կաշառք պահանջելը»:
Ըստ զեկույցի՝ «Կոռուպցիայի կրճատմանն ուղղված կառավարության ծրագրերով տարվա ընթացքում շոշափելի արդյունքները շարունակել են մնալ սակավ: Կառավարության Հակակոռուպցիոն ռազմավարության մոնիտորինգի հանձնաժողովի ու Հակակոռուպցիոն խորհրդի գործունեությանը շարունակել են վերաբերվել թերահավատորեն»:
Եվս մի մեջբերում. «Տարվա ընթացքում գրանցված կամ հնչեցված մի շարք խախտումների հետ կապված, որոնք հայտնի անձանց էին առնչվում, եւ որոնցում ներքաշված էին իշխանական կուսակցության անդամներ կամ նրանց ազգականներ, հետաքննություն կամ քրեական վարույթ չի իրականացվել, որը տեղական դիտորդներին հուշում է կասկածներ ունենալ առ այն, թե արդյոք այս անձինք չե՞ն օգտագործել իշխանական կուսակցությունում կամ իշխանություններում ունեցած իրենց քաղաքական կապերն իրավական հետապնդումից խուսափելու համար»:
ԱՄՆ պետքարտուղարության զեկույցում նաեւ նշված է, որ կոռուպցիայի առնչությամբ «պաշտոնյաների հետ կապված քննության ու դատապարտումների դեպքերի մեծ մասն առնչվում էին արդարադատության նախարարության ու ոստիկանության պաշտոնյաներին, ընդ որում՝ բաժնի պետերին կամ ցածր օղակի այլ պաշտոնյաներին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել